Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկեր Իրինան խոհանոցից հացի կտոր է բերել, թաթախել մեզի մեջ ու լցրել երեխայիս բերանը. 124 մանկապարտեզի երեխայի մայրը ցնցող մանրամասներ է պատմել

Փետրվար 16,2022 17:00

Թիվ 124 մանկապարտեզ հաճախող երեխայի նկատմամբ բռնություններ կատարելու աղմկահարույց դեպքով մի քանի ԶԼՄ–ների մանրամասներ է պատմել երեխայի մայրը:

«2019 թվականին երկու երեխաներս միասին են հաճախել տվյալ մանկապարտեզը։ Ի սկզբանե եղել են որոշակի խնդիրներ՝ քաշել են ականջները, հարվածել են, վիրավորական արտահայտություններ՝ հնդիկ, առնետ․․․ Նաեւ տվյալ դաստիարակը, որն այս ամենի կազմակերպիչն է, իր առաջին իսկ աշխատանքային օրվանից սկսել էր փոքր դստերս առանձին նկարել, ինչն էլ մեծ դուստրս տեսնելով՝ տուն գալուց ինձ պատմել էր։ Ես հարցրել եմ հանդեսի՞ նկար էր, խմբակայի՞ն, ասել է, չէ՝ քուրիկին առանձին նկարում էր: Փորձել եմ պարզաբանում ստանալ մանկապարտեզի տնօրենից։ Մոտեցել եմ, հարցրել՝ ինչու է նկարում, որովհետեւ նաեւ սկսել էր տնից հարցնել, դե պատմի, այսօր գիտես ինչքան բաներ պետք է պատմես ձեր տնից, մամադ ուր է գնում, պապայիդ անունը, ձեր ազգանունը։ Երեխան պատասխանել էր, ինչին ի պատասխան տվյալ դաստիարակն ասել էր՝ էս ինչ խառը ընտանիք եք, մամադ հայ է, պապադ՝ պակիստանցի: Դա եղել է 2019 թվականի սկզբի հատվածներում»,- պատմել է երեխայի մայրը:

Վերջինիս խոսքով, ինքը այդ ժամանակ պարզաբանումներ ստանալու համար դիմել է պարտեզի տնօրենին, որը մահացել է արդեն, հայտնել, որ իրեն դուր չի գալիս, որ դստերն առանձին նկարում են։ Տնօրենն էլ իր աշխատասենյակ է հրավիրել տվյալ դաստիարակին ու հայտնել, որ ծնողին դուր չի գալիս, որ իր երեխային առանձին են նկարում եւ կարգադրել, որ հեռախոսը տա ծնողին, որ վերջինս ջնջի այդ նկարները. «Ինչն էլ ես արել եմ։ Ինչ վերաբերում է դայակի՝ ականջ քաշելուն, տնօրենն ինձ վստահեցրեց, որ երկուսի հետ էլ կխոսի ու այսուհետեւ նման խնդիր չի լինի: Որոշ ժամանակ անց տվյալ դաստիարակը կրկին շարունակել էր երեխայիս նկարել, ասել էր, թե սիրուն կանգնի, նկարեմ, մամայիդ եմ ուղարկելու, բայց այս երեք տարվա ընթացքում որեւէ նկար իմ երեխայի չեմ ստացել: Այս սարսափելի դեպքերը տեղի են ունեցել 2021-ին, երբ փոք դուստրս միայնակ է հաճախել պարտեզ, մեծ դուստրս դպրոց էր հաճախում»:

Կինը նաեւ պատմել է, որ իր երեխան միշտ լացելով է պարտեզ գնացել, դռներից չի ցանկացել ներս մտնի։ Այդ ժամանակ ինքը որոշել է մանկապարտեզից հանել, բայց փոխտնօրենն առաջարկել է ամառային ամիսներին երեխային տանը պահել, նորից բերել սեպտեմբերի մեկից. «Հենց առաջին օրով «սանտավիկը» ցուցամատին փաթաթած տվել են ինձ, երբ հարցրել եմ՝ ինչ է եղել, պատասխանել են, որ խաղալիքից քերծվել է։ Տուն բերելով՝ «սանտավիկը» բացել եմ, որ յոդով մշակեմ, տեսել եմ՝ ուղիղ կտրվածք է, որ ավելի շատ նման է դանակի կտրվածքին, ոչ թե խաղալիքից քերծվածքի… Հոկտեմբերի 14-ին, վերջին անգամ երբ երեխաս հաճախել է այդ պարտեզ, տուն բերելիս, երեխաս սուր գլխացավ ուներ, ահավոր լացում էր, ոչինչ չէր պատմում։ Խոստացել եմ, որ այլեւս այդ պարտեզ չեմ տանի, միայն թե պատմի: Երեխաս պատմեց, որ խմբի մի աղջիկ իրեն հրել, գցել է, ինչից հետո ընկեր Իրինան կանչել է բուժքրոջը, թե արի սրան սրսկի, թող լացը կտրի, մայրը գա տանի, չտեսնի: Երեխայիս պատմելով՝ իր ձեռքերը պարտեզում կապել են, ընկեր Գայանեն ասել է, աղջկաս անունը չտամ, թե իբր նշում են իր տարեդարձը, ձեռքերը կապել, տարել են դահլիճ, խաղալիք ափսեի մեջ կղանք ու վրան պլաստելինե հատիկներ են դրել, ընկեր Իրինան խոհանոցից հացի կտոր է բերել, թաթախել մեզի մեջ ու խաղալիք գդալով լցրել երեխայիս բերանը։ Մեկ անգամ էլ այգուց հող են բերել ու վրան խոտ կտրատել ու կերակրել երեխայիս: Երեխաներն իր մեջքի վրա են նստել, ձիու պես քշել, թքել ականջին, պարան են վզին փաթաթել ու շրջել դահլիճով մեկ»:

Երեխայի մայրը նաեւ պատմել է, որ այդ դեպքերով պայմանավորված՝ իր երեխան շատ ծանր ֆիզիկական ու հոգեբանական վիճակում է եղել, չի կարողացել քայլել, սրտխառնոց ու գլխապտույտ է ունեցել։ Բժշկի ասելով՝ այդ ամենը կարող է լինել գլխի հարվածից ու անհայտ դեղորայքից:

Մայրը նաեւ հայտնել է, որ երեխան արդեն նոր ուսումնական կենտրոն է հաճախում, երեխայի հետ ամիսներ շարունակ հոգեբան է աշխատում:

Ինչու է երկու տարի լռել, հիմա միայն դիմել իրավապահներին ու սկսել պատմել եղածը՝ լրագրողի հարցին, կինը պատասխանել է, որ երկու տարի չի լռել, այն ժամանակ էլ ինքը դիմել է այն բոլոր կառույցներին, որտեղ հնարավոր է եղել դիմել, պարզապես իր ձայնը լսելի չի եղել:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե այս պատմությունն ինքը հնարել էր, որ երրորդ երկրում ապաստան ստանա, մայրը հերքել է՝ վստահեցնելով, որ ապաստարանի կարիք չունի, երրորդ երկիր մեկնելու խնդիր չունի, որեւէ տեղ իր երկրից չի պատրաստվում գնալ:

Նա նաեւ ասաց, որ իր երեխայի հայրը Պակիստանում է այժմ, խնդիր չունեն երեխա կիսելու հարցում, երեխայի հայրը նույնպես խնդրով անհանգստացած է ու բազմաթիվ նամակներ է գրել ՀՀ արդարադատության նախարարություն, ՄԻՊ ու գործով քննիչին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28