«Բաթումում ամբողջ փողոցներ են ձգվում, որտեղ խոսում են թուրքերեն, այդ փողոցներում երբեմն բացակայում են վրացերեն գրությունները, ինչը աբսուրդ է»,-այսօր «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի կազմակերպած տեսակամուրջի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Թբիլիսիից մասնակիցը՝ պրոֆեսոր, ահաբեկչության եւ քաղաքական բռնության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Բադրի Նաչկեբիան:
Նա Վրաստանի օրինակով ներկայացրեց, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում թուրքական տնտեսության ներխուժումը Հայաստան՝ ինչպիսի վտանգների կբերի՝ եթե Հայաստանի կառավարությունը խելամիտ քայլեր չձեռնարկի՝ սահմանափակելու եւ կարգավորելու թուրքական ապրանքների մուտքը հայկական շուկա:
«Ես հասկանում եմ այն անհանգստությունը, որը կա Հայաստանում»,-ասաց Բադրի Նաչկեբիան՝ նշելով, որ այսօր Վրաստանում ամենամեծ ներդրումները թուրքական են, որոնք հիմնականում Աջարիայում են, ինչը պայմանավորված է աշխարհագրական դիրքով: Նրա խոսքով, այն ներդրումները, որոնք անում է թուրքական բիզնեսը՝ օգտակար են Վրաստանի համար, բայց այդ գործընթացներն, այնուամենայնիվ, առաջացնում են մտահոգություն, երբ վրացական տնտեսությունում հավասարակշռությունը խախտվում է հօգուտ Թուրքիայի:
Կարդացեք նաև
Ըստ նրա, երկիրը պետք է որոշի ներդրումների դիվերսիֆիկացիան, եւ հիմա այդ ուղղությամբ Վրաստանն աշխատում է: «Այդ հարցը կտրուկ դրել են նաեւ ու պահանջում են վրացական կուսակցությունները: Պահանջում են նաեւ օրենսդրությունում այդ մասով արմատական փոփոխություններ անել: Որքան էլ տվյալ երկրի հետ հարաբերությունները լինեն բարեկամական, չպետք է ներդրումների հոսքը, Վրաստանի այս կամ այն շրջանում, լինի առաջնահերթություն»,-ասաց վրացի մասնագետը:
Նրա կարծիքով, Հայաստանն ավելի մեծ հնարավորություն ունի այդ ամենը կանխելու, ինչը կարող է անել հզոր սփյուռքի եւ իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի օգնությամբ. «Իմաստուն հայ ժողովուրդը կարող է այնպես անել, որ պահպանի հավասարակշռությունը Ռուսաստանի եւ տվյալ դեպքում Թուրքիայի միջեւ»:
Տեսակամուրջի մասնակից տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ թե՛Վրաստանը, թե՛ Հայաստանը պետք է ունենան ազգային օրակարգ: Նա Աջարիայի օրինակը համեմատեց Նախիջեւանի հետ՝ նշելով, որ Նախիջեւանի բնակչության 98 տոկոսը եղել են հայեր, հիմա զրո տոկոս է, եւ այդ ամենը տեղի է ունեցել ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում՝ ազգային օրակարգի բացակայության պատճառով:
Տնտեսագետի համոզմամբ, ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Հայաստանի համար տնտեսական հարթությունում կան մեծ սպառնալիքներ՝ ժողովրդագրական անվտանգության, ուղեղների արտահոսքի, սննդի մատակարարման ոլորտի եւ այլն: Ըստ նրա, էներգետիկ, ֆինանսական, ինտելեկտուալ եւ ներդրումային անվտանգության խնդիրներ եւս կան:
Թաթուլ Մանասերյանի խոսքով, թուրքական ապրանքների ընդլայնումը գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում անխուսափելի է. «Թուրքական արտադրությունը հիմնականում համատեղ ձեռնարկություններ են՝ թուրք-ֆրանսիական, թուրք-իտալական եւ այդ ապրանքների մրցակցությունը մեկ գլուխ բարձր է մեր ունեցածից»:
Նա նաեւ հիշեցրեց մասշտաբի արդյունքը, որը նույնպես մեծ դեր կխաղա թուրքական ապրանքների՝ հայկական շուկան ողողելու հարցում, որոնք ավելի մատչելի կլինեն, քան հայկական արտադրանքը:
Նրա խոսքով, բացի այդ, թուրքական կառավարությունը հովանավորում է արտահանումը քանի որ գտնում է, որ պետք է գրավել նոր շուկաներ: «Հարցն այն մասին չէ, որ պետք չէ համագործակցել, այլ այն մասին է՝ որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայել: Եթե չլինեն կոնկրետ քայլեր պաշտպանելու տեղական արտադրողին, մենք կկորցնենք տեղական արտադրությունը՝ ինչպես օրինակ Ղրղզստանը, որը չինական ապրանքների պատճառով, կորցրել է տեղական արտադրությունը»:
Ըստ պարոն Մանասերյանի պետք է մեկնարկային պայմաններն էլ հավասար լինեն եւ նոր միայն խոսել համագործակցության մասին. «1995 թվականին Թուրքիան արգելել է Հայաստանից դեպի Թուրքիա ապրանքների արտահանումը»:
Բադրի Նաչկեբիան ասաց, որ վրացական ապրանքների արտահանումը Թուրքիա՝ անգամներ զիջում են այն քանակին, որը ներկրվում է Թուրքիայից Վրաստան, ինչը լուրջ խնդիր է Վրաստանի տնտեսության համար: Նա մտահոգություն հայտնեց նաեւ Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ քաղաքացիական ավիա եւ ցամաքային փոխադրումների մասին, որոնց ճնշող մեծամասնությունն այսօր կատարում է թուրքական կողմը: «Թուրքական տրանսպորտային մեծ ընկերությունները բացել են իրենց ներկայացուցչությունները Վրաստանում եւ արդեն զբաղվում են քաղաքացիների ներքին փոխադրումներով նույնպես»,-ասաց նա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ