«Հասցրինք զրուցել Նարեկ Մանթաշյանի հետ: Առողջական վիճակը բարելավվել էր, բայց դեռ շաքարի տոկոսը բարձր է. հուսով եմ՝ կկազդուրվի, կլավանա, տրամադրությունը լավ էր»,- Նարեկ Մանթաշյանի, Բագրատ Եսայանի եւ այլ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց նկատմամբ հարուցված գործով դատական նիստից հետո տեղեկացրեց Նարեկ Մանթաշյանի և ևս յոթ անձի պաշտպան Սերգեյ Հարությունյանը (լուսանկարում):
Հիշեցնենք՝ Բագրատ Եսայանի եւ այլ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց (Արսեն Վարդանյան, Էմանուել Սինան, Նարեկ Վերդյան, Արշակ Սարգսյան, Սարգիս Կարապետյան, Տարոն Մանուկյան, Մեսրոպ Եղիազարյան, Աշոտ Հովհաննիսյան, Բագրատ Եսայան, Նարեկ Մանթաշյան) դեմ գործ է հարուցվել ՝ գլխավոր դատախազության դեմ ցույցին մասնակցելու եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական վանկարկումներ անելու համար:
Փաստաբանը հայտնեց՝ մյուս դատական նիստերի ընթացքում հետազոտելու են իրեղեն ապացույցները ու մանրամասնեց. «Մի քիչ ամպագորգոռ է հնչում՝ իրեղեն ապացույց: Դրանք ընդամենը շշեր են՝ կիսով չափ լիքը կամ դատարկ: Նաև լսելու ենք վկաներին՝ ոստիկանության աշխատակիցներին: Որևէ այլ ցուցմունք գործում առկա չէ: Եղել են մի քանի ոստիկաններ, որոնք ցուցմունք են տվել: Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր ոստիկան տեսել է երկու անձի: Զուգադիպությո՞ւն է, որ ամեն մեկը հենց երկու անձ է տեսել»:
Լրագրողները հիշեցրին, որ գործով նաև խոսվում էր ոստիկանի նկատմամբ բռնության մասին, սակայն հետո այդ խոսակցությունները դադարեցին, այս առիթով Սերգեյ Հարությունյանն ասաց. «Որևէ նման դեպք չի եղել, ապացույց չկա: Սա համարում եմ քաղաքական բռնաճնշում, և եթե նախկինում դատարաններ էին փակում, հիմա արդեն դատավորներ են կալանավորում: Այսինքն՝ դատավորը դատավճիռ կամ կալանավորման որոշում կայացնելուց առաջ մտածում է՝ արդյոք ինքն էլ չի՞ հայտնվի կալանքի տակ: Նման բան երևի միայն աֆրիկյան երկրներում է եղել, նույնիսկ անցյալ դարի երեսունականներին՝ խորհրդային տարիներին չեմ կարծում, որ նման բան եղել է: Իմ յոթ պաշտպանյալներից գրեթե բոլորը կամ քաղաքական ակտիվ գործիչներ են, հասարակական ակտիվ անձինք կամ քաղաքական գործիչների հարազատներ: Այսինքն՝ սա ճնշում է նրանց նկատմամբ: Այստեղ նաև գործիք է օգտագործվում խափանման միջոցը: Նույն Մանթաշյանի դեպքը ցույց տվեց, որ կալանքի հիմքն այն էր, որ նա անցնում էր այդ գործով: Բոլորի մոտ ճնշման այսպիսի մահակ է՝ խելոք մնացեք, թե չէ ձեզ կկալանավորենք: Եթե խորհրդային տարիներին այլախոհ անձանց տանում էին հոգեբուժարան, որ արժեզրկեն նրանց անձը, հիմա այլախոհ անձանց խուլիգանության հոդվածով փորձում են դատել՝ ցույց տալով, թե իրենք հասարակ, փոքրիկ խուլիգաններ են, այն դեպքում, երբ քաղաքական ակտիվ գործիչներ են, հայրենանվեր անձինք, որոնք պայքարում են, որ երկրում ամեն ինչ լավ լինի, որպեսզի ազատվենք տխրահռչակ իշխանություններից»:
Կարդացեք նաև
Հարցին՝ իսկ այս գործով դատավորի մոտ ճնշվածություն նկատո՞ւմ եք, Սերգեյ Հարությունյանը պատասխանեց. «Վիզուալ չեմ կարող ասել, համենայն դեպս, այն նախադեպերը, որ եղան վերջին շաբաթում, դա արդեն ուժեղ ճնշում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ