Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Հանրային գործիչը պետք է իմանա, որ իր ամեն մի խոսք, շարժում մանրադիտակի տակ է եւ պետք է հանդուրժող լինի, հակառակ դեպքում կունենանք ավտորիտար երկիր»

Փետրվար 16,2022 15:56

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Էրեբունի նստավայր) դատավոր Տաթեւիկ Ստեփանյանի նախագահությամբ քննվեց Դավիթաշենի նախկին թաղապետ, ներկայումս՝ ԱԺ պատգամավոր Միքայել Թումասյանի հայցն ընդդեմ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի՝ վնասի փոխհատուցման պահանջով: Այն պայմանավորված է պատվին եւ արժանապատվությանը պատճառված ենթադրյալ վնասով:

Տաթեւիկ Ստեփանյան

Aravot.am-ը դատական նիստը համակողմանի լուսաբանելու նպատակով դիմեց կողմերի փաստաբաններ Էդիկ Ոսկանյանին եւ Անահիտ Սարգսյանին, որպեսզի նրանք մեզ ներկայացնեն խնդրի էության իրենց պաշտպանյալների դիրքորոշումները, սակայն հայցվոր կողմի ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյանը գերադասեց ձեռնպահ մնալ:

Էդիկ Ոսկանյան

Անահիտ Սարգսյանը ներկայացնելով նախապատմությունը՝ ասաց. «Դավիթաշենի նախկին թաղապետ Միքայել Թումասյանը, որը ներկայումս պատգամավոր է, դիմել է դատարան ընդդեմ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան մի գրառման՝ դա համարելով զրպարտություն իր անձի վերաբերյալ: Իսկ Արսեն Նիկողոսյանը, երբ մայրաքաղաքում զանգվածաբար քանդվում էին ապօրինի կառույցները, իր ֆեյսբուքյան էջում գրառել էր, որ այդ նույն ժամանակահատվածում տեղի է ունենում մի շինարարություն, որը ըստ իր տվյալների՝ իրականացնում է Դավիթաշենի թաղապետը: Հայցվոր Միքայել Թումասյանը համարում է, որ սա զրպարտություն է իր անձի վերաբերյալ: Հավանաբար, ենթադրել է՝ ապօրինի շինարարություն եւ դա իր անձը վարկաբեկում է:

Դատարանում քննարկվում էր հենց այդ հարցը: Հայցի հիմքը, առարկան պարզվեց, նաեւ ՝ մեր պատասխանի: Բանն այն է, որ շինարարություն իրականացնելը չի կարող լինել զրպարտիչ տեղեկատվություն: Ի՞նչ է զրպարտությունը: Զրպարտությունը փաստացի տվյալի հրապարակում է, որը պետք է սուտ լինի, չհամապատասխանի իրականությանը: Բացի չհամապատասխանելուց, մյուս հատկանիշն այն է, որ պետք է արատավորի անձի պատիվը եւ արժանապատվությունը: Իսկ ի՞նչ է անձի պատիվ եւ արժանապատվությունը: Դա քո գնահատականն է, ինքնագնահատականն է, հասարակության գնահատականն է անձի վերաբերյալ: Այսինքն, շինարարություն իրականացնելը ինչպե՞ս կարող է պատիվն ու արժանապատվությունը ինչ-որ ձեւով արատավորել: Առավել եւս, որ հայերս կառուցող ազգ ենք: Եվ եթե նույնիսկ գրված լիներ ապօրինի շինարարություն, իսկ ապօրինի շինարարությունը նշանակում է ինքնակամ, այսինքն՝ առանց համապատասխան փաստաթղթերի, օրենքը տալիս է հնարավորություն: Երբ դու իրականացնում ես շինարարություն, իսկ Երեւանում ամեն երկրորդը ինքնակամ կառույց է, հետո սահմանված ընթացակարգով՝ համապատասխան փաստաթղթեր, նախագծեր, դիմում ես քաղաքապետարան եւ օրինականացնում քո շինարարությունը: Այսինքն, իմ վստահորդը անձին չի մեղադրում հանցագործության մեջ, այլ նշում է, որ անձը տվյալ հասցեում շինարարություն է իրականացնում:

Բացի այդ, դատարանում ես չհասցրի նշել. զրպարտության կարեւոր հատկանիշ է նաեւ, որ փաստացի տվյալի հրապարակումը, որը ենթադրենք, չի համապատասխանում իրականությանը, արատավորում է պատիվը եւ արժանապատվությունը, պետք է լինի դիտավորությունը: Այսինքն, դու պետք է գործես տվյալ անձին նսեմացնելու, վարկաբեկելու դիտավորությամբ: Այս պարագայում չկա ինչ-որ մեկին վարկաբեկելու որեւէ դիտավորություն: Սա հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի բարձրացում է հատկապես նշված ժամանակահատվածում, որովհետեւ հասարակությունը տեղի ունեցողին շատ բուռն էր արձագանքում: Մարդկանց էին բերման ենթարկում եւ հասարակությունը շատ վրդովված էր: Այսինքն, հասարակությունը տեղեկատվության սպասում էր, եւ դա հանրային շահ էր ներկայացնում հարցի վերաբերյալ:

Սա ակնհայտ անհիմն հայց է եւ, կարծում եմ, նման հայցերը պետք է բացառվեն: Առավել եւս քաղաքական, հանրային գործիչների կողմից, որովհետեւ ժողովրդավարական հասարակության զարգացման կարեւորագույն նախապայմանը հենց ազատ խոսքն է : Ինչո՞վ է հանրային գործիչը տարբերվում հասարակ քաղաքացուց: Քաղաքական, հանրային գործիչը, լինելով հանրության աչքի առաջ՝ ավելի հանդուրժող պետք է լինի: Ինքը գիտի, պետք է իմանա, որ իր ամեն մի խոսքը, շարժումը, քայլը հանրության ուշադրության ներքո է, պատկերավոր ասած՝ մանրադիտակի տակ է: Եվ իրեն կարող են քննադատել, կարող են լինել արտահայտություններ, որոնք ինքը վիրավորական կարող է համարել, բայց ինքը պետք է լինի հանդուրժող: Սա է բազմակարծության կարեւորագույն հիմքը: Հակառակ դեպքում կլինի ավտորիտար երկիր, որտեղ մի հոգի կասի՝ բոլորը կլսեն»:

Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 25-ին, ժամը 14:30-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28