ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրեր առաջ աշխատակազմում հյուրընկալել է Երևանի թիվ 171 հիմնական դպրոցի ուսուցիչների ու աշակերտների։
Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն:
Առանձնակի ուշադրություն է դարձվել թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերին:
Աշակերտները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ուղղել Պաշտպանին:
Կարդացեք նաև
Երեխաները տեղեկացրել են, որ իրենց դպրոցում գործում է բանավեճի խմբակ և ելույթները պատրաստելիս իրենց նախաձեռնությամբ օգտվում են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներից, զեկույցներից ու մամուլի հաղորդագրություններից։
Նրանց հատկապես հետաքրքրել է համացանցում հնչող վիրավորանքների ծավալների ու աճի վտանգավոր միտումների թեման: Պաշտպանը նշել է, որ համացանցում տարածվող վիրավորանքները, հրապարակային խոսքով անհանդուրժողականության խորացումը ու լարվածության տարածումը խիստ դատապարտելի է և պետք է մշտապես առաջնորդվել մարդու իրավունքների բարձր արժեքներով:
Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է երեխաներին լավ սովորել և խորհուրդներ է տվել համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժին