«Նախաձեռնությունը մի շարք ՀԿ-ների եւ հասարակական գործիչների կողմից է իրականացվում, մենք այս խնդիրը էլի ենք բարձրաձայնել եւ նախորդ տարվանից նամակ էինք հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան` բարձրացնելով հայկական մշակութային ժառանգության վերացման խնդիրը»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց կայացած բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը:
Ցույցի մասնակիցները պահանջում են կանխել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու նենգափոխումը, վերջ դնել Արցախում հայկական հետքի ջնջման գործընթացին։
Կարդացեք նաև
«Դրանից հետո կառավարության իրավական հարցերով ներկայացուցիչը աշխատանք տարավ, դիմեցինք Հաագայի դատարան, եւ պատմական նշանակության եւ կարեւորության վճիռ կայացվեց: Իհարկե, միջանկյալ վճիռ էր ու վերաբերում էր հենց մեր մշակութային ժառանգության պահպանմանը: Այն պարտավորեցնում է Ադրբեջանին բացառել մշակութային ժառանգության վերացումը, նաեւ մանրամասն հստակեցնում է, թե որոնք են այդ հուշարձանները, պարտավորեցնում է բացառել դրանց նկատմամբ վանդալիզմի որեւէ գործողություն, դրանց ձեւախեղումն ու յուրացումը»,-հավելեց Գայանե Աբրահամյանը:
«Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի սանձարձակ գործողությունների է անցնում, փոխում է իր մարտավարությունը եւ խնդիրը տանում է այլ դաշտ` ըստ էության իրեն դուրս բերելով իրավական դաշտից: Իրենք հիմա պնդում են, որ այն ժառանգությունը, որ մենք ունեինք դարեր շարունակ Արցախում՝ հայկական չէ»,-ասաց նախկին պատգամավորը:
Ցույցի մասնակիցները պահանջում են միջազգային կառույցներից` հրատապ կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների եւ փաստահավաք խմբերի այց Արցախի գրավյալ տարածքներ` կանխելու Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու հայկականության հետքը ջնջելու ադրբեջանական քաղաքականությունը, իրագործել եւ ներդնել գործուն մեխանիզմներ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումների խախտման դեմ։
Հիշեցնենք, որ 2021 թ․ դեկտեմբերի 7-ի Հաագայի դատարանի որոշումը պարտավորեցրել է Ադրբեջանին․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»։ Ու չնայած սրան, Ադրբեջանը խախտում է դատարանի որոշումը՝ անցնելով սանձարձակ գործողությունների եւ հրապարակայնորեն հայտարարելով, որ ստեղծում է հանձնաժողով Արցախի հայկական հուշարձանների պատկանելիության հարցը քննարկելու։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ