«Բավականին լավ ակնկալիքներ ունեմ, քանի որ այն աստիճան խեղկատակ գործ է, որ իսկապես շատ դժվար է լինելու որևէ դատավորի համար մեղադրական դատավճիռ կայացնելը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը:
Հիշեցնենք՝ Բագրատ Եսայանի եւ այլ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց (Արսեն Վարդանյան, Էմանուել Սինան, Նարեկ Վերդյան, Արշակ Սարգսյան, Սարգիս Կարապետյան, Տարոն Մանուկյան, Մեսրոպ Եղիազարյան, Աշոտ Հովհաննիսյան, Բագրատ Եսայան, Նարեկ Մանթաշյան) դեմ գործ է հարուցվել ՝ գլխավոր դատախազության դեմ ցույցին մասնակցելու եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական վանկարկումներ անելու համար:
Գործով ամբաստանյալ Սարգիս Կարապետյանի պաշտպանը դատարանին տեղեկացրեց, որ նա առողջական խնդիրներ ունի և հորդորեց դատական նիստը հետաձգել: Դատարանը Սարգիս Կարապետյանի բացակայությունը համարեց հարգելի և դատական նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 9-ին՝ ժամը 14:00-ին:
Այս գործով ավարտվել է գրավոր ապացույցների հետազոտման փուլը, պետք է հետազոտվեն իրեղեն ապացույցները:
Կարդացեք նաև
Բագրատ Եսայանը գործի ընթացքի մասին որոշ մանրամասներ ներկայացրեց. «Դիտել ենք տեսանյութերը: Ամբողջ աբսուրդն այն է, որ դեպքը տեղի է ունեցել 2021-ի ապրիլի 22-ին: Մինչև մեղադրանք առաջադրելը գործով ներգրավված տասից որևէ մեկի վրա որևէ քրեորեն հետապնդվող արարք որևէ ձևով չի հայտնաբերվել: Արձանագրվել է, որ Սարգիս Կարապետյանը փորձում էր զսպել ցուցարարներին, որոնք գնում էին դեպի դատախազության մուտք: Մասնավորապես, իմ վերաբերյալ ընդամենը մեկ վիդեո կադր է առանձնացված, սակայն այս ամենից հետո տասն օր չանցած՝ մեղադրանք է առաջադրվել՝ առանց ապացույցի»:
Բագրատ Եսայանի համոզմամբ՝ այս տասն անձինք հստակ թիրախավորված են. «Արձանագրվել են այս մարդիկ: Որևէ ապացույց նրանց ձեռքում չկա: Դեպքից երեք ամիս հետո նոր մեկական ոստիկան հանկարծ հիշում, հայտնվում են, վերհիշում են, որ երեք ամիս առաջ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցվել: Չեմ հասկանում այն, ինչ վերագրվում է մեզ, սեռական բնույթի հայհոյանք դիտարկելը: Իբր կես ժամ շարունակ մենք սեռական բնույթի հայհոյանք ենք հնչեցրել, այն դեպքում, երբ որևէ օբյեկտիվ ապացույց դրա վկայությունը չի տալիս»:
Հարցին՝ իսկ ինքը «բ-ի տղա Նիկոլ» արտահայտությունն արե՞լ են, ինչում իրեն մեղադրում են, Բագրատ Եսայանը պատասխանեց. «Ես սովորություն չունեմ հասարակության մեջ նման արտահայտություններ հնչեցնել, որը չի նշանակում, որ ես համաձայն չեմ այդ բնորոշման հետ: Ինձ համար դա անձնավորության արարքների ուղղակի բնութագրում է և այն եզրակացությունը, որ ես իրավունք ունեմ՝ որպես այս երկրի քաղաքացի անելու այն անձի նկատմամբ, որը հանձնել է մեր հայրենիքի մի մասը: Կիսում եմ այդ բնորոշումը, որ հնչեցվել է դատախազության շենքի առաջ, բայց այն տեսաձայնագրության մեջ, որը որպես ապացույց է ներկայացված, այդ վանկարկումը չկա: Տարբեր մեղադրյալների որևէ ձևով այդ արարքը հիմնավորող որևէ տեսաձայնագրություն գոյություն չունի այն ապացույցների մեջ, որոնք առ այսօր ուսումնասիրվել են»:
Բագրատ Եսայանը վստահաբար պնդեց՝ անձանց ընտրողաբար են այդ գործում ներգրավել ու շարունակեց. «Օրինակ՝ Բագրատ Եսայանն այսինչ տեսաձայնագրության այսինչ վայրկյանում երևում է կադրում: Ես չեմ հերքում, որ ես մասնակցել եմ 2020-2021-ի բոլոր ցույցերին, և դրանից որևէ եզրակացություն անել, որ քրեական օրենսգիրք եմ խախտել, որևէ մեկը չէր կարող անել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ