Լրահոս
Օրվա լրահոսը

2021թ.-ին շուրջ 30 բժիշկ է գործուղվել Արցախ. «Բժիշկները Արցախի համար» ծրագիրն ամփոփում է առաջին տարին

Փետրվար 16,2022 14:34

2021 թվականին շուրջ 30 բժիշկ է մասնակցել «Բժիշկները Արցախի համար» ծրագրին, որի շրջանակներում Հայաստանի բժշկական կենտրոնների առաջատար բժիշկները գործուղվել են Արցախի տարբեր շրջաններ՝ իրականացնելու մասնագիտական պարտականություններն առնվազն 2 շաբաթ, առավելագույնը՝ 1 տարի։ Գործուղման ավարտին նրանց փոխարինել է բժիշկների հերթական խումբը։

«Բժիշկները Արցախի համար» ծրագիրը մեկնարկել է 2021թ․ ապրիլին՝ նպատակ ունենալով լրացնել պատերազմից հետո ԱՀ առողջապահության համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը, ինչպես նաեւ իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ լսարանային եւ առցանց ձևաչափով, կազմակերպելով վարպետության դասեր տեղի եւ արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։

Ծրագրի մասին պատմող ֆիլմում բժիշկները խոսել են Արցախում իրենց տպավորությունների, աշխատանքային առօրյայի ու կարիքների մասին՝ հատկապես մասնագիտական ռեսուրսների ուղղությամբ։

«Հենց մուտքն Արցախ ինձ համար շատ մեծ ցավ էր, բայց ես հասկացա, որ պետք է լինել ուժեղ։ Ես Արցախում տեսա մարդկանց, որոնք իսկական հայրենասեր են ու պատրաստ են իրենց հողը պաշտպանել։ Ես նման մարդկանց տեսա, աշխատեցի նրանց հետ, նրանցից վերցրեցի նաեւ օրինակ, թե ինչպես պետք է լինի հայի տեսակը», – նշել է ակնաբույժ Օֆելիա Գինոյանը։

Սրտաբան Անի Ռափյանն էլ շեշտել է ծրագրի կարեւորությունը, որը համակարգում է տվյալ բժշկական հաստատության կարիքն ու բժշկի ցանկությունը։ «Ես, որպես բժիշկ, կարող է շատ մեծ ցանկություն ունենամ գնալու, աշխատելու, բայց շատ կարեւոր է, որ կա ծրագիր, որը համակարգում է քո ցանկությունները, պահանջները, անհրաժեշտությունը, այսինքն՝ երբ դու գնում ես մի տեղ, որտեղ դու պետք ես»։

«Բժիշկները Արցախի համար» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Րաֆֆի Հովհաննիսյան ու Նազարյան ընտանիք հիմնադրամների աջակցությամբ, Հայկական բժշկական ֆոնդի, ԱՀ Առողջապահության նախարարության ու Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով:

ՀՕՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28