Այսօր, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո լրագրողները արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացից: Առաջարկություն կա, որ արդարադատության նախարարության հնարավորությունները սահմանափակվեն՝ կարգապահական վարույթներ հարուցելու մասով, սուբյեկտիվություն են տեսնում նախարարի ընտրությունների հետ կապված, թե հատկապես որ դատավորների նկատմամբ է դա հարուցվում:
Անդրեասյանը պատասխանեց. «Բացարձակ օբյեկտիվ է, դա ասում եմ ամենայն անկեղծությամբ, պատասխանատվությամբ եւ շատ խղճի հանգստությամբ: Այո, մեզ դիմում է քաղաքացի, չենք տանում գործը, իր ասածի մեջ կան արդարության հատիկներ, բայց այդ գործը իրավաբանորեն թույլ է, հիասթափվում է, տխրում է, մեզ վարկաբեկում է: Տանում ենք գործը՝ դատավորն է ասում, որ մեր նկատմամբ ճնշում է, վատ է եւ այլն: Քիչ ենք տանում, մեղադրում են, որ անգործություն է, վեթինգ տեղի չի ունենում, չենք ուզում մաքրել դատական համակարգը, շատ ենք տանում, ասում են՝ գործադիրն ընկել է դատավորների հետեւից, ճնշումներ են եւ այլն: Այս բոլոր շահարկումներով ո՛չ փոխելու եք մեր աշխատանքը, ո՛չ մեզ ստիպելու եք սուբյեկտիվ դառնալ, ո՛չ էլ փակելու եք մեր այդ հնարավորությունը՝ պայքարելու դատական համակարգում ապօրինությունների դեմ: Ոչ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը՝ իր շատ արդար կարգապահական վարույթները առաջ տանելու:
Իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ, որ հիմա դարձել են արդար դատավորների մեծ պաշտպաններ՝ մոռանալով իրենց քաղաքական թիմի ժամանակ թե ինչեր են իրենք արել այդ դատական համակարգի գլխին, թող գոնե ամոթ ունենան ու նորմալ աշխատանքը չվարկաբեկեն: Իսկ եթե վախենում են, որ իրենց գրպանային դատավորները դուրս կմնան համակարգից, թող իսկապես վախենան, որովհետեւ մենք այդ ուղղությամբ ամեն ինչ անելու ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ