«Ազատություն». Heritage հիմնադրամի տնտեսական ազատությունների 2022 թվականի զեկույցում Հայաստանը 58-րդ տեղում է, 63,3 միավոր ունի և գտնվում է չափավոր ազատ երկրների շարքում։ Նախորդ զեկույցի համեմատ տնտեսական ազատության ցուցիչը 6,6 կետով նվազել է:
Տնտեսական ազատությունների միավորները ստացվում են չորս հիմնական ոլորտների կամ սկզբունքների ուսումնասիրություններից՝ օրենքի գերակայություն, կառավարության սահմանափակ միջամտություն, կարգավորման արդյունավետություն և ազատ շուկա։
Ըստ հրապարակված ցուցիչների՝ Հայաստանում առաջընթաց է արձանագրվել միայն երկու՝ կառավարման ամբողջականության և ֆինանսների ազատության ուղղություններով, ութ ուղղություններում ցուցիչների անկում է արձանագրվել, ամենացածր բալերը տրված են դատական համակարգի արդյունավետությանը, իսկ ֆինանսական և ներդրումների ազատությունները մնացել են նույն մակարդակի վրա։
Կարդացեք նաև
Օրենքի գերակայության ոլորտում նշված է, որ չնայած օրենքի գերակայության և դատական թույլ համակարգի ժառանգությանը՝ Հայաստանի օրենսդրությունը պաշտպանում է սեփականության իրավունքը և ապահովում է երաշխավորված վարկավորման հիմնական շրջանակը։
Դատական համակարգի մասին նշված է, որ դատարանները բախվում են համակարգված քաղաքական ազդեցության։ Դատական համակարգը խարխլվում է անարդյունավետության և ինստիտուցիոնալ կոռուպցիայի հետևանքով։ Չնայած կոռուպցիայի դեմ պայքարը ուժեղացնելու կառավարության ջանքերին՝ կոռուպցիան մնում է համակարգային, նշված է Heritage հիմնադրամի զեկույցում։
Վերջին հինգ տարիների կտրվածքով նշված է, որ տնտեսական ազատությունների միտումները խաթարվել են, իսկ աշխատանքի և բիզնեսի ազատությունների 5 բալի կտրուկ անկման հետևանքով 2017 թվականից Հայաստանը դուրս է մնացել հիմնականում ազատ խմբից և դասվում է չափավոր ազատ երկրների խմբում։
Տարածաշրջանից առաջատարը Վրաստանն է, որն ընդգրկված է հիմնականում ազատ երկրների շարքում։
Ադրբեջանը 75-րդ տեղում է, գտնվում է նույն խմբում, ինչ Հայաստանը՝ չափավոր ազատ երկրների շարքում։ 107-րդ տեղում գտնվող Թուրքիան ու 113-րդում գտնվող Ռուսաստանը հիմնականում անազատ երկրների խմբում են։
Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: