Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի երկրորդ նիստն էր: Խորհրդի կազմում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ է ընդգրկված, սակայն նա չէր մասնակցում նիստին: Փոխարենը, երբ նիստն ավարտվեց, նկատեցինք, որ Աննա Վարդապետյանն է ներկա եղել:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված Վարդապետյանի ներկայությունը, նա խորհրդի անդամ չէ: Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ մեր խորհուրդը ձեւավորվել է վարչապետի կողմից, եւ որքան էլ այնտեղ կան անկախ մարմիններ, անկախ մարդիկ, կուսակցություններ, ՀԿ-ներ, ըստ մեր Սահմանադրության պրոցեդուրաների, այս աշխատանքը, արդյունքը պիտի անպայման գնա գործադիր, գործադիրից օրենսդիր, օրենսդիրից՝ ՍԴ: Եվ եթե մենք ի սկզբանե չներգրավեինք վարչապետի իրավական հարցերով օգնականին, հետո մենք ստիպված էինք լինելու իրեն առանձին այս ամբողջ գործընթացները ներկայացնելու: Ինքը գործ ունի անելու՝ այս ամեն ինչը ներկայացնելով վարչապետին: Հետեւաբար, իր ներկայությունը՝ առանց քվեարկության, առանց ձայնի իրավունքի մեզ համար շատ օգտակար է, որովհետեւ ինչքան պետք է՝ կառավարությունը ներկայացված է եւ խոսում է, բայց նաեւ պետք է, որ վարչապետին ժամանակին ընթացքից տեղյակ պահվի նաեւ մասնագիտական որոշակի խնդիրների մասին»:
Ինչ վերաբերվում է Էդմոն Մարուքյանի բացակայությանը, Անդրեասյանն ասաց, որ այստեղ քաղաքական հետք փնտրել պետք չէ, նա պատշաճ հայտնել է, որ ուղղակի զբաղվածության պատճառով այսօր չի կարողացել ներկա լինել:
Նիստից բացակա էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նախարարը հույս հայտնեց, որ հաջորդ նիստին օմբուդսմենին կտեսնեն խորհրդի աշխատանքներին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ