Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչել «Ռատկո»-ի շինթույլտվությունը, որը հիմնված է, ըստ էության, կեղծ փորձագիտական եզրակացության վրա. բաց նամակ

Փետրվար 16,2022 13:07

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՖԻԶԳՈՐԱԴՈԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ՝

«ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի ԱՂԱՂԱԿՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Մինչ մենք անցյալ տարվա վերջից սպասում ենք Ձեր հրապարակավ խոստացված այցելությանը «Ֆիզգորոդոկ», բացահայտվել են կառուցապատող «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի հետ կապված նոր խայտառակ խախտումներ, որոնք պահանջում են Ձեր անհապաղ միջամտությունը:

«ՌԱՏԿՈ»-ին 29.07.2021թ-ին տրամադրված Շինթույլտվությունը հիմնված է ակնհայտ կեղծիքի վրա:

Շինթույլտվության մեջ նշված է, որ «ՌԱՏԿՈ»-ի նախագծային փաստաթղթերը ստացել են «ԱՐՏՊՐՈ» ԱԿ (Լիցենզիա 16682) 12.05.2021թ. հ. Փ-03 փորձագիտական դրական եզրակացությունը:

Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի լիցենզավորված կազմակերպությունների ցանկերի, «ԱՐՏՊՐՈ»-ն փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձ չի հանդիսացել 12.05.2021թ. դրությամբ: «ԱՐՏՊՐՈ»-ի 10.11.2017թ-ին տրված «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն» թիվ 16682 լիցենզիայի ուժը կորցրել է, քանի որ այդ տեսակի բոլոր լիցենզիաների գործողությունը դադարել է օրենքի ուժով 01.01.2020թ-ից՝ համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների (տես՝ arlis.am):

Նոր տեսակի լիցենզիա («Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն») «ԱՐՏՊՐՈ»-ն չի ստացել: Ուստի, նախագիծը չի անցել պարզ փորձաքննություն, ինչի պարագայում չէր կարող անցնել նաև պետական համալիր փորձաքննություն:

Ցանկացած անձ, որին հասու է համացանցը կարող է հեշտությամբ ստուգել այդ տեղեկությունները, որոնք, հայտնի չի թե ոնց, «վրիպել» են թե՛ Երևանի նախկին քաղաքապետը Հայկ Մարությանի՝ իր ողջ անձնակազմով, թե՛ պետական համալիր փորձաքննության հանձնաժողովի, հանձինս ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների, թե՛ կառուցապատող «ՌԱՏԿՈ»-ի ուշադրությունից, հանձինս հիմնադիր-տնօրեն (մասնագիտությամբ իրավաբան) Արթուր Մնացականյանի, որը համառ պնդում է, որ իր մոտ ամեն ինչ բացարձակ օրինական է:

Ինչևէ, նշված փաստով ակնհայտ և անհերքելի կերպով հաստատվում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից «ՌԱՏԿՈ»-ին տրամադրված Շինթույլտվությունը, ըստ էության, կեղծիքի արդյունք է: Լիցենզիա չունեցող անձի կողմից «փորձագիտական եզրակացություն» տալն ինքնին պարունակում է հանցավոր ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ակնհայտ հատկանիշներ (ՀՀ Քր.Օր. հ.188): Միաժամանակ, այդպիսի «փորձագիտական եզրակացություն» հիման վրա համալիր պետական փորձաքննության դրական եզրակացության և շինթույլտվության տրամադրումն առնվազն պարունակում պաշտոնեական լիազորությունները չարաշահման հատկանիշներ (ՀՀ Քր.Օր. հ.308):

Ընդորում, սա կառուցապատող ոչ լիցենզավորված անձանց ծառայություններից օգտվելու միակ դեպքը չէ: Այդպես, օրերս պարզվեց, որ շինհրապարակում երեք հարկ՝ 10 մետրից ավել խորությամբ փոսորակի փորումը տվյալ IV-րդ (նախավերջին) կատեգորիայի բարձր ռիսկայնության օբյեկտում ամիսներ շարունակ իրականացրել է լիցենզիա չունեցող «ԷՐՏԷՉ» ՍՊԸ-ն՝ տեխնիկական վերահսկողություն իրականացնող անձի թողտվությամբ:

Աշխատանքները կատարվել են նախագծով չնախատեսված եղանակով և տեխնիկայով՝ երկու հիդրավլիկ մուրճերով, ամեն աշխատանքային օր առավոտյան 9-ից մինչև երեկոյան ժամը 8-ը, ինչպես նաև շաբաթ օրերին` բազմապատիկ խախտելով աղմուկի թույլատրելի մակարդակը, դիվադադար անելով թաղամասի բնակիչներին, անտեսելով բոլոր բողոքները և անորոշ ռիսկերի ենթարկելով հարևան թիվ 6 և 7 շենքերի սեյսմիկ անվտանգությունը: Այդ առումով հաղորդում է տրվել ոստիկանություն և դիմումներ են ներկայացվել իրավասու մարմիններ, սակայն ապօրինի գործունեությունը շարունակվում է, ինչը մեր կարծիքով վառ վկայում է կառուցապատողի դիտավորությունը և ընդհանուր վարքագիծը, ինչպես նաև վերջինիս հանդեպ ցուցաբերվող հովանավորչությունը:

Վերադառնալով փորձաքննությանը, հարկ է նշել, որ դժվար չէ կռահել, թե ինչո՞ւ է նախագծի դրական «փորձագիտական եզրակացությունը» կազմվել լիցենզիա չունեցող անձի կողմից:

Նախագիծն ակնհայտորեն հակասում է օրենսդրության պահանջներին, դրանով էապես խախտում են քաղաքաշինական և այլ նորմեր: Օրինակ, ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 69 և 70-րդ կետերով նախատեսված կառուցապատման առավելագույն խտությունը (ըստ հողամասի մակերեսի) գերազանցված է բազմապատիկ անգամ, ինչի ուժով նման չափի 12 հարկանի շենքի կառուցումը տվյալ հողամասում չէր կարող թույլատրվել: Այնուհետ, նախագծով աշխատանքներ են նախատեսված հողամասի տարածքից դուրս, ինչի արդյունքում ներկայումս առկա մայթը վերածվում է գազոնի, իսկ մայթը տեղափոխվում է փողոցի ներկայիս երթևեկելի մաս՝ նեղացնելով փողոցը մի քանի մետրով: Եվ այս բացարձակ անհեթեթությունը հաստատվել է «փորձաքննությամբ»: Խախտված են նաև բազմաթիվ այլ նորմեր, սակայն նշված բացահայտ խախտումները արդեն իսկ բացառում են նախագծին փորձաքննության դրական եզրակացություն տալը:

Պարզ է, որ եթե լիցենզավորված փորձագետը տար սխալ դրական եզրակացություն, ապա կկրեր լիցենզիայից զրկվելու ռիսկ: Իսկ այսպես «փորձագետը», կարծես, առանձնապես կորցնելու բան չունի, քանի որ գործող լիցենզիա էլ չունի, այլ ունի միայն գործողությունը դադարած լիցենզիա՝ ուժը կորցրած թուղթ:

Հարց է առաջանում, ինչպե՞ս է այդ ամենը հնարավոր դարձել, ո՞վքեր են դրանում մեղավոր և ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեն:

Սակայն նախքան այդ հարցի պարզելը և անկախ դրանից, ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ, ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-Ի ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՀԻՄՆՎԱԾ Է ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ: Դա անհրաժեշտ է անել՝ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 63-րդ հոդվածներով, ըստ որոնց.

«Հոդված 34.  Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերը 

Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը (…):

(…)

Հոդված 63. Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը  

1.Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
(…)

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.

(…)
2.
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի … կողմից, ինչպես նաև դատական կարգով:

3.Ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի:

(…)

  1. Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա`

(…)

բ) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով.

(…):»

Հատուկ ցանկանում ենք նշել, որ թեև մենք իրավունք ունենք բողոքարկել շինթույլտվությունը` ներկայացնելով վարչական բողոք, սակայն կոչ ենք անում, որ վարչական վարույթը հարուցվի Ձեր իսկ սեփական նախաձեռնությամբ, քանի որ փորձից գիտենք, որ Դուք (Ձեր իրավաբանները) սխալ կերպով եք մեկնաբանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, համարելով, որ ակտը վարչական կարգով բողոքարկելու արդյունքում հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման, եթե ակտը բողոքարկվել է նաև դատական կարգով՝ թեկուզ մեկ այն անձի կողմից և թեկուզ այլ հիմքով:

Նման մոտեցումն ակնհայտ անհիմն է և հակասում է օրենքի իմաստին, որն ակնհայտորեն ենթադրում է վարչական վարույթի կարճում միայն միևնույն անձի կողմից վարչական և դատական կարգով ակտը բողոքարկելու դեպքում, քանի որ ոչ ոգ չի կարող զրկվել իր խախտված իրավունքները պաշտպանելու հնարավորությունից այլ անձանց գործողությունների արդյունքում: Դա, ակնհայտ է: Հակառակ դեպքում հնարավոր կլիներ ձախողել ցանկացած վարչական ակտի դեմ բերված վարչական բողոքի քննություն՝ մեկ այլ անձի կողմից թեկուզ ամենաանհեթեթ հիմքերով ակտը դատական կարգով վիճարկելու միջոցով (ինչից այդ անձը կարող է նաև ցանկացած պահի հրաժարվել): Հակառակը ուղղակիորեն կհակասեր նաև Սահմանադրության 50-րդ հոդվածով ամրագրված պատշաճ վարչարարության իրավունքին և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքին, որոնք երկուսն էլ դասվում են մարդու իրավունքների թվին:

Միաժամանակ չենք ցանկանում հեռակա վեճի բռնվել Ձեր իրավաբանների հետ այդ հարցով: Քանի որ չկա օրենքում այնպիսի դրույթ, որը Ձեր իրավաբանները կարող են «ստեղծագործաբար» մեկնաբանել առ այն, թե իբր չի կարելի սեփական նախաձեռնությամբ հարուցել և իրականացնել վարչական վարույթ այն վարչական ակտն անվավեր ճանաչելու համար, որն ընդունվել է կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա (կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ, ըստ էության, պետք է ընդունվեր այլ որոշում), դիմում ենք Ձեզ ոչ թե շինթույլտվությունն անվավեր ճանաչելու վարչական բողոքով, այլ սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու կոչով: Շինթույլտվությունը անվավեր ճանաչելուց էլ առաջ և առաջին հերթին, կարծում ենք, հարկավոր է անհետաձգելի քայլեր ձեռնարկել ակնհայտ անհիմն շինթույլտվության հիման վրա շինարարական աշխատանքների անհապաղ կասեցնելու ուղղությամբ:

Այդ աշխատանքներով արդեն իսկ հսկայական վնաս է պատճառվել նորահայտ հուշարձան ճանաչված Ֆիզիկայի ինստիտուտի բանավանին՝ հայտնի և բոլորի կողմից սիրված կանաչապատ «Ֆիզգորոդոկ»-ին, թաղամասի բոլոր բնակիչներին, ամբողջ Երևան քաղաքին և ողջ Հայաստանի Հանրապետությանը:

Ապօրինի կորզված պետական հողի տարածքում բարբարոսաբար արմատախիլ են արվել մի քանի տասնյակ հասուն ծառեր՝ ի հակառակ նախագծի, ոչնչացվել են ընդարձակ կանաչապատ տարածքներ, ոչնչացվել է հանրամատչելի սպորտային հրապարակը, տեղը փորվել է եռահարկ շենքի խորությամբ հսկայական փոսորակ, որի համար ամիսներ շարունակ 2 (երկու) հզոր հիդրավլիկ մուրճերով քանդվել է ստորերկրյա բազալտե հզոր շերտը՝ դիվադադար անելով թաղամասի բնակիչներին, բազմապատիկ անգամ խախտելով աղմուկի թույլատրելի մակարդակը և վտանգելով հարևան թիվ 6 և 7 շենքերի սեյսմիկ անվտանգությունը, մինչդեռ անգամ մեկ հիդրավլիկ մուրճի կիրառում նախատեսված չէ նախագծով:

Եթե մինչ այս քաղաքապետարանը, իրավապահ մարմինները, պետական այլ կառույցներ արդարանում էին, որ չեն գտնում շինթույտվության անվավեր ճանաչելու և շինարարական աշխատանքների կասեցման հիմք, ապա հիմա այս տեսակ աչք ծակող, աղաղակող խախտման դեպքում այլևս հապաղելն անթույլատրելի է։

Հարգելի՛ պարոն քաղաքապետ, այս ողջ ապօրինությունը պետք է անհապաղ կասեցվի և շուտափույթ դադարեցվի: Հուսով ենք, հարկ չկա հիմնավորելու, որ հանրային շահերից ելնելով ապօրինի շինթույլտվությունն անվավեր ճանաչելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելն օրենքից բխող Ձեր անմիջական պարտականությունն է որպես հանրային պաշտոնատար անձ: Հուսով ենք նաև, որ Դուք անգործություն չեք ցուցաբերի այդ հարցում:

Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28