Կապան համայնքի ավագանու փետրվարի 15-ի նիստի օրակարգային 21 հարցից թեժ քննարկման թեմա դարձավ 6-րդ՝ Կապանի 11-րդ նախադպրոցական ուսումնական հաստատությունը լուծարելու մասին հարցը։ Ըստ Կապանի համայնքապետարանի կայքէջի՝ մանկապարտեզն ունի մեկ խումբ՝ 18 երեխայով։ Լուծարման պատճառը՝ մանկապարտեզների օպտիմալ կառավարումն է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ էդիկ Հովսեփյանը փորձեց նիստի վարող, Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադեւոսյանից պարզաբանումներ ստանալ, թե ինչ տրամաբանությամբ է լուծարվում մանկապարտեզը։ «Գտնում ենք, որ արդյունավետ չի մեկ խմբով մանկապարտեզ պահելը, թիվ 11 մանկապարտեզը կլուծարվի, իսկ այդ խումբը կընդգրկվի այլ մանկապարտեզի կազմի մեջ ու կգործի նույն մանկապարտեզի շենքում»,-պարզաբանեց Գոռ Թադեւոսյանը։
Մեկ այլ անդամի՝ Ժաննա Վարդանյանին էլ տարօրինակ թվաց այն, թե ինչո՞ւ մինչեւ հիմա այդ մանկապարտեզ պահելը արդյունավետ էր, իսկ հիմա՝ ոչ։ «Տիկին Վարդանյան, ավագանու կանոնակարգը թույլ չի ենթադրում քննարկում սկսել, բայց եթե հարցեր ունեք՝ տվեք, բայց ոչ քննարկում»,-նշեց Գոռ Թադեւոսյանը։
Կառավարող ուժի մեկ այլ անդամի՝ Նարեկ Դավթյանին ռիսկերն էր հետաքրքրում։ «Որտե՞ղ է երեւում ոչ արդյունավետ կառավարումը այդ մանկապարտեզը, որտեղ է առաջացել խնդիրը, ինչո՞ւ անցած տարի չլուծարվեց»,-գործընկերուհուն շարունակելով՝ հարցրեց Նարեկ Դավթյանը։ Նիստը վարող Գոռ Թադեւոսյանը կարճ պատասխանեց՝ «մեր աշխատանքների հերթականությունը մենք ենք որոշում»։
Կարդացեք նաև
Երկար քննարկումից հետո հարցը դրվեց քվեարկության ։ «Շանթ դաշինք» խմբակցության անդամները կողմ քվեարկեցին, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամները՝ դեմ։
Դրանից հետո նիստը շարունակվեց առանց «Քաղաքացիական պայմանագրի» անդամների։ Նիստին ներկա ավագանու 7 անդամները ի նշան բողոքի՝ լքեցին նիստերի դահլիճը։
Հիշեցնենք, որ Կապան համայնքի ավագանու 27 մանդատից 19-ը՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությանն է, իսկ 8 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ