Արցախի խորհրդարանում այսօր քննարկվում էր «ԱՀ բռնազավթված տարածքների մասին» եւ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց Արթուր Մոսիյանը (լուսանկարում): Նախագծին գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Սույն օրենքը սահմանում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։
Բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Արցախի Հանրապետության օրենսդրության գործողությունը:
Կարդացեք նաև
Հարակից զեկուցմամբ, ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը կարեւորեց օրենքի ընդունումը՝ նկատելով, որ գուցե մի քիչ էլ ուշացել ենք. «Ի վերջո, մեր երկրի մեծ մասը բռնագրավված է եւ մենք պարտավոր ենք ունենալ այս օրենքը: Այն իր մեջ ներառում է ԱԺ ժողովրդի, իշխանության տեսլականը՝ իր անցյալի, ներկայի եւ ապագայի նկատմամբ»: Նախագծի ընդունումը Դավիթ Բաբայանը պատմական քայլ է համարում:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նախագծի ընդունումը ուշացած չի համարում, քանի որ անհրաժեշտ էր նախագծի քննարկումը ԱՀ անվտանգության խորհրդում: Նախագիծն, ըստ նրա, ուշացած կլիներ, եթե չլիներ ԱՀ խորհրդարանի 2021 թվականի մարտի 1-ի որոշումը՝ ԱՀ բռնազավթված տարածքների մասին, հայտարարության տեսքով:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 31 կողմ ձայներով: Նախագիծը կքննարկվի հատուկ ռեժիմով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ