Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը լաբորատորիա չէ, որ փորձարկումներ անենք՝ ով փողկապ կապել իմանա, պետություն վստահենք. Առուշ Առուշանյան. «Հրապարակ»

Փետրվար 16,2022 10:34

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավայրից պատասխանել է «Հրապարակ»-ի հարցերին:

Կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պահել իշխանությունը, քանի որ նախկիններն էին փորձում վերադառնալ, եթե նոր ուժեր գան ասպարեզ, կունենանք այլ արդյունք, եւ հաճախ` որպես այդ նոր ուժի օրինակ, բերում են այն համայնքապետերին, որոնք ՏԻՄ ընտրություններում հաղթեցին իշխող ուժին, վարչական ռեսուրսին։ Եթե հնարավորություն լինի գլխավորել կամ մասնակցել այդպիսի ուժի ձեւավորմանը, Դուք նորի՞ց կհրաժարվեք, ինչպես մանդատից հրաժարվեցիք, թե՞ ոչ։

– Եթե նախկինների կոնտեքստում դիտարկենք, ապա պետք է ասենք, որ ներկա կառավարությունն ամենանախկինն է։ Հիմա եկեք փաստերը դետալավորենք ու հիմնավորենք։ Մենք չենք մոռացել, որ Նիկոլը երիտասարդ տարիներից սկսած եղել է Լեւոնի թիմակիցը եւ ակտիվ ներգրավված է եղել բոլոր իրադարձություններում։ Եվ եթե եղել է թիմակիցը, հետեւաբար` եղել է նաեւ գաղափարակիցը, իսկ մենք՝ բոլորս, ծանոթ ենք Լեւոնի օտարածին աշխարհայացքին։ Նա բազմիցս բացահայտ խոսել է այդ մասին հարցազրույցներում ՝ ասելով, որ այդ հողերը պետք է հետ տանք, քանի որ աշխարհն այդպես է ուզում։ Հարց է ծագում․ իսկ այդ աշխարհն ինչի՞ չի ուզում, որ մեր հողերը մեզ մնան, կամ դա ո՞ր աշխարհն է, մեր մոլորակից դո՞ւրս է։ Ավելին, մենք՝ բոլորս, ավագ սերնդից գիտենք, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ նա դեմ է եղել պատմական հայրենիքի հողերն ազատագրելուն, դրա մասին բազմիցս խոսել են նաեւ պատերազմի ազատամարտիկները։ Իսկ նրա վարած տնտեսական բլոկը նման է այսօրվա իրականությանը, գուցե մեր սերունդը լավ չի հիշում, այդ թվում՝ նաեւ ես, բայց բոլորս գիտենք մութ ու ցուրտ տարիների մասին, եւ հարց է ծագում` ինչպե՞ս կարող է ատոմակայան ունեցող պետությունն ունենալ էլեկտրաէներգիայի խնդիր։ Եթե մեր երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 45-50%-ն ատոմակայանը կարող էր փակել, հետեւաբար` հզոր արդյունաբերական արտադրություններն ինչո՞ւ կանգնեցվեցին էլեկտրաէներգիայի պատճառով։ Ժողովրդին դարձրին անգործ, իսկ իրենք սկսեցին թալանը․ հումքն ու հաստոցները վաճառելով օտարներին՝ քանդելով ողջ կապիտալը։ Բայց այս թալանի նպատակը միայն փողը չէր, նրանք լուծում էին ավելի գլոբալ խնդիր՝ ջարդել հաղթած ազգի ողնաշարը։ Նախորդ հարցում արդեն ֆիքսել էինք, որ աղքատ հասարակությունը դառնում է անտարբեր ամեն ինչի ու բոլոր արժեքների հանդեպ, ուստի՝ հեշտ կառավարելի։ Իսկ այդ պարագայում մի քանի տարվա ինտերվալում նա կկարողանար ազգակործան ծրագիրը կյանքի կոչել։ Աստծո կամոք, ի պատիվ այդ ժամանակվա մի քանի ազգայնականների, կանխվեց այդ ազգակործան ծրագիրը։ Մենք նաեւ չպետք է մոռանանք 2015 թվականին Լեւոնի հայտնի ելույթը Օպերայի հրապարակում, երբ հայկական քաղաքների անունները փոխած թուրքական անուններով` պատմում էր իր, այսպես կոչված, դարի «կոդավորված պրոյեկտը», ինչն ամբողջությամբ, ցավոք սրտի, տեղի ունեցավ, եւ դեռ շարունակվում է կիսատ մնացածը։ Այս ողբալի ցանկը կարելի է շարունակել բազմաթիվ օրինակներով… Եվ եթե ոմանք իրենց գլխից հանեն «սվառչիկի մասկան», ապա կտեսնեն՝ Լեւոնի կառավարման ժամանակվա պաշտոնյաներից քանիսն են այսօրվա կառավարության կազմում։ Եթե զուգահեռներ անցկացնենք 90-ականների եւ ներկայիս տնտեսական բլոկների միջեւ, ապա այսօր էլ ներդրումներն են վիժեցված՝ հետեւողական կերպով, խոշոր ներդրումները կասեցված են, եւ քրեական գործեր են կարված բոլորի հանդեպ։ Նպատակը կրկին նույնն է, ու այս ամենը հետեւողական կերպով արվում է բոլոր ոլորտներում։ Առայժմ՝ այսքանը «նախկին» կոչված ուրվականի մասին։ Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին եւ հետընտրական շրջանին, կասեմ հետեւյալը. կյանքը, փողոցը մեզ դեռ շատ վաղ տարիքում սովորեցրել են, որ ցանկացած հաղթանակ՝ մեծ, թե փոքր, պետք է տանել ընդգծված կոռեկտ, հանգիստ եւ զուսպ, հակառակ պարագայում, ովքեր ոգեւորվում են եւ ընկնում գլխապտույտի մեջ, շատ արագ հայտնվում են անդունդում։ Դա բնության օրենքն է։ Ինչ վերաբերում է նոր քաղաքական ուժի ձեւավորմանը, այդ ուժը կա` ի դեմս նախագահ Քոչարյանի։ Մեր պետությունը լաբորատորիա չէ, որ փորձարկումներ անենք՝ ով փողկապ կապել իմանա, պետություն վստահենք, այն էլ` այս բարդ եւ կրիտիկական վիճակում։ Մենք պետք է վստահենք ամենափորձառու եւ հաջողակ մարդուն, որն Արցախի պատերազմական ամենաբարդ վիճակում ղեկավարեց Արցախի պաշտպանության պետական կոմիտեն, եւ ունեցանք փառքով պսակված հաղթանակ։ Այնուհետեւ` 1997 թվականից սկսած, Հայաստանը հանեց պարտադրված տնտեսական ճահճից, եւ ունեցանք տարածաշրջանի լավագույնս զարգացող տնտեսություններից մեկը։ Եվ որ ամենակարեւորն է՝ արտաքին դիվանագիտության բլոկում ներկայանում էինք ամենահերոսական ձեւով, այլ ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի փաստաբանը լինելու առաքելությամբ։ Միջազգային ռինգում՝ ծանրքաշայինների կատեգորիայում, մեր երկրի ներկայացուցիչը պետք է լինի մեր միջի ծանրքաշային փորձառու չեմպիոնը, այլ ոչ թեթեւքաշայինը, որը վերջին 4 տարում անընդմեջ՝ հենց առաջին իսկ ռաունդում, ենթարկվում է նոկաուտի։

Տեղեկություն կա, որ սահմանազատումից հետո Սյունիքով 2 ճանապարհ է անցնելու, եւ Սյունիքն ամբողջովին ապառազմականացվելու է, այսինքն՝ զորք, զորամասեր չեն լինելու։ Ի՞նչ եք կարծում, Սյունիքն այդ պարագայում անվտա՞նգ կլինի։

– Ճանապարհների մասով ես նման տեղեկություն չունեմ։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, այն վայրից, որտեղից հարցերը գրել եք, եւ այն վայրը, որտեղից ես պատասխանները գրում եմ, կարծում եմ` ներկա իշխանության վարած քաղաքականության արդյունքում նույնիսկ նշված վայրերն անվտանգ չեն։ Աշխարհաքաղաքական իրադարձություններն արագ են զարգանում, եթե ռուս-ուկրաինական պատերազմը սկսվի, ավելի կոնկրետ` Ռուսաստան-Չինաստան-Իրանն ընդդեմ ՆԱՏՕ-ի, կարծում եմ` քոչվոր թշնամի Ադրբեջանը կրկին կհարձակվի։ Բայց սա չի նշանակում, որ պետք է միայն վատը տեսնել, Աստծո կամոք, գուցե պատմական հնարավորություն ընձեռվի` ռուս եղբայրների հետ ազատագրենք մեր պատմական հայրենիքը՝ հասնելով Քուռ-արաքսյան ջրախառնուրդին, պատմական Գանձակին եւ, ի վերջո, սահմանակցենք եղբայրական Ռուսաստանին։ Հուսով եմ՝ չեք մոռացել, որ «անգլիական նավերը մեր սարերը չեն բարձրանում»։

Զառա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28