Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր ոչ պետականամետ մտածելակերպի հետեւանքով են առաջանում բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ». «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 16,2022 10:22

Նախօրեին Արցախի Հանրապետության բռնազավթված Ակնա կատարած այցի ժամանակ Ալիեւն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է «խաղաղության պայմանագիր» կնքվի «երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»։ Վկայակոչելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները՝ Ալիեւը մոռանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից միջազգային իրավունքը։ Ավելին՝ Իլհամ Ալիեւը հերթական անգամ սպառնացել է, որ ներկայումս Ադրբեջանն աշխատանքներ է իրականացնում, «այդ թվում՝ ռազմական զարգացման ոլորտում», ինչն ավելի կուժեղացնի Ադրբեջանը եւ «պատասխան կդառնա ռեւանշիստական ուժերին, որոնք բարձրացել են Հայաստանում»։

Ալիեւի այս հայտարարությունների լավագույն պատասխանը (թեեւ հնչել է նախապես) տվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 12-ին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում իր երկու գրքերի շնորհանդեսի ժամանակ։ Նա ընդգծել է, որ բացարձակապես անընդունելի է այնպիսի փաստաթղթի ստորագրումը, որի արդյունքում Արցախը կարող է դառնալ Ադրբեջանի մաս։ «Ադրբեջանի կազմում մենք հեռանկար չունենք։ Մեր խնդիրները եւ դրանց լուծումները մեզանից են կախված։ Եթե մի հասարակություն, որն ամուր կանգնած է իր դիրքերում եւ ասում է, որ երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում, ի՞նչ պետք է անի աշխարհը, մի՞թե ցեղասպանություն պետք է իրականացնեն»,- ասել է Բաբայանը՝ շարունակելով, որ նման զարգացում հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե հասարակությունն այնքան բարոյալքվի, որ չունենա որեւէ նպատակ ու արժեք, եւ որի համար կարեւոր լինի միայն ուտելը։ Հակառակորդի նպատակն էլ հենց այն է, որ ազգից վերածի մեզ ժողովրդի, ժողովրդից՝ ամբոխի, ամբոխից էլ՝ ցեղատեսակի։ «Եթե դա տեղի ունենա, ապա նույնիսկ ամենահզոր երկիրը կանգնի մեր կողքին, չի կարողանա փրկել մեզ։ Նրանք փորձում են վախեցնել կամ գայթակղել, որն ավելի վտանգավոր է, բայց համոզված եմ՝ չի ստացվելու։ Չունենք այլ տարբերակ՝ հանուն հազարավոր զոհերի հիշատակի»,- ասել է նա։

Ազգից ցեղատեսակի չվերածվելու, ազգային եւ պետական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն դիմակայելու համար Դ. Բաբայանն ամենակարեւոր առաջնահերթություններից է համարում պետական մտածելակերպի սերմանումը հասարակության ներսում։ Դրանում մեծ անելիքներ ունեն գիտական շրջանակները, ի դեմս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի։ Հասարակությունը որպես հավաքականություն պետք է պետականամետ մտածողություն ունենա։ Այստեղ ունենք լուրջ խնդիրներ։ «Պետականամետը ճառեր ասելը չէ միայն, բայց այն երկրում, որտեղ հայրենասիրությունը եւ ինտելեկտը տեղ չեն գտնում, այդ երկիրը երբեք չի զարգանա։ Մեր ոչ պետականամետ մտածելակերպի հետեւանքով են առաջանում բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ։ Մեր արժեքներով եւ ինտելեկտով կարող ենք դիմակայել նյութապես շատ ավելի ուժեղ երկրների։ Կարող ենք նաեւ արդյունավետ գործել «փափուկ ուժի» տիրույթում, որը կարող է հակակշռել ցանկացած կոշտ ուժի, հետեւաբար, բոլորս պետք է իրականացնենք այս հրամայականը։ Սա է մեր ամենաառաջնային անելիքներից մեկը»,- շեշտել է ԱԳ նախարարը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28