Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատերազմ չի լինի, լարվածությունը պահպանվելու է

Փետրվար 16,2022 10:00

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրամիության և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը կարող է սկսվել փետրվարի 16-ին, այսինքն`այսօր: Այդ լուրը հայտնել էին մի շարք արեւմտյան լրատվամիջոցներ: Համացանցային իրականությամբ ապրող աշխարհի բնակչության մի մասն այս օրերին զբաղվել է «doomsday scrolling»-ով, այսինքն՝ թափառել է կայքերով ու սոցիալական ցանցերով՝ աշխարհի վերջի մասին լուրեր փնտրելով: Դա միլիոնավոր մարդկանց ապրելակերպն է՝ մի կողմից վախ, մյուս կողմից՝ չարախնդություն: Այդ խառնուրդն այսօր լրատվական ամենավաճառվող ապրանքն է:

Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին խոսվում էր արդեն մի քանի ամիս, ընդ որում՝ նշվում էր, որ այդ հարձակումը տեղի կունենա Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ կամ դրանցից անմիջապես հետո: Թե ինչու էր նման կանխատեսում արվում՝ դժվար է ասել: Բացառված չէ, որ գործում էր ինչ-որ պարզունակ զուգահեռականություն. եթե 2008-ին Վրաստան են ներխուժել Պեկինի Օլիմպիադայի ժամանակ, ապա հիմա էլ պիտի նույնն անեն:

Այդ ամբողջ ընթացքում Պուտինի, Մակրոնի, Բայդենի, ինչպես նաեւ այդ երկրների արտգործնախարարների պարբերական լարված զրույցների արանքում կողմերը հանդես էին գալիս կոշտ հայտարարություններով՝ անընդհատ բարձրացնելով խաղադրույքները: Այդ ամբողջ երկխոսության իմաստը, փոքր-ինչ պարզեցնելով, ներկայանում է բավականին զավեշտալի տեսքով. Ռուսաստանն ակնարկում էր, որ գուցեեւ ներխուժի Ուկրաինա, Արեւմուտքը պատասխանում էր, որ դա չի հանդուրժի: Ռուսաստանը հակադարձում էր՝ այդ ո՞ւմ եք սպառնում, ի՞նչ եք անելու, եթե ներխուժենք: Արեւմուտքը շարունակում էր սպառնալ՝ այ, որ ներխուժեք, այն ժամանակ էլ կտեսնեք: Ռուսաստան՝ բայց մենք չենք պատրաստվում ներխուժել: Արեւմուտք՝ ավելի լավ: Ռուսաստան՝ բայց որ ներխուժենք, ի՞նչ կլինի… Եվ այսպես շարունակ:

Ինձ թվում է՝ Ռուսաստանն այդպիսի քայլի գնալու ոչ պատճառ ունի, ոչ պատրվակ, ոչ էլ առանձնապես անհրաժեշտություն: Զելենսկին, թեեւ Սաակաշվիլիի նման պոպուլիստ է, բայց, ի տարբերություն Վրաստանի նախկին նախագահի, արկածախնդիր չէ: Նաեւ դյուրահավատ չէ՝ եթե ամերիկացի որեւէ պաշտոնյա նրան ինչ-ինչ զարգացումների դեպքում աջակցություն խոստանա, Ուկրաինայի նախագահը շատ չի ոգեւորվի: Ռուսաստանն էլ այն չէ, ինչ 2008 կամ անգամ 2014 թվականներին էր: Այլ պետության վրա բացահայտ հարձակման քաղաքական եւ տնտեսական գինը չափազանց բարձր է լինելու: Ավելին՝ Ռուսաստանը, կարծում եմ, չի կարողանա խոչընդոտել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ լուրջ լծակներ չունի դրան հակազդելու:

…Այդ իմաստով հետաքրքիր էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի զրույցը Իլհամ Ալիեւի հետ: Ըստ ՆԱՏՕ-ի ղեկավարի՝ իրենք լավ հեռախոսազրույց են ունեցել: «Մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը եւ ռուսաստանյան ուժերի կենտրոնացումը Ուկրաինայի սահմանների մոտ ու այդ երկրի տարածքում», – նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ալիեւին՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման ծավալներն ավելացնելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. —Այո, պատերազմ չի լինի: Որովհետև նա ոչ էլ լինելու էր` ստուգվում էին արձագանքման սխեմաները և ռեսուրսները: Պատերազմ կլինի առանց Պուտին Ռուսաստանում, երբ հաղթի մի “թավշյա հեղաշրջումը”:
    —Զելենսկին Սահակաշվիլի չէ ոչ միայն որովհետև երկրորդը վրացի է: Այլ որովհետև նրա հենակետերը ամրացված են մեծ տրամաչափի գիշատիչների ախորժակներով: Դոնեցկի ու Լուգանսկի հարցը կլուծեն Արցախի հարցի քաղ.քարտեզով` կռուսաթափեն, լցնեն Եվրոպայում ապրելու տենդով վառվող թուրքերով: Այլ կերպ ինչպե՞ս լուծեն Թուրքիայի բավարարման, անդամակցության հարցը: Իսկ դեմոկրատական հասարակությունը կուլ կտա բացատրությունը, թե “Կախյալ ենք էներգիակիր պետություններից”…, խորը անհանգստությունից դեն այլ բան չի շպրտվի “ազգային ինքնորոշման”…: Ինչպես իմ լավ ծանոթը ասաց. «դե մարդիկ մրսում են, ստիպված գլուխ են շրջում ամեն ազգայինից…»
    —Ինչպե՞ս են գործում այդ “գիշատիչները”: Ստեղծում են մթնոլորտ (environment), որը սնում է թուլությունը, ապազգային ապրելակերպը… արտադրելով “պարգևներ”, որոնք զուտ բավական են պրոցեսը տեղ հասցնելու համար (N. Chomsky, “manufacturing content”): Որ դա տեղի է ունենում հենց այս պահին, ահա ամենաթարմ ազդակը (signal)` այս պահին, այս հոդվածի կարդացողներից 46 հոգի հավանել են այն, բայց ավելի հետաքրքիր է, որ 15-ը հավանել են “Յենս Սթոլթենբերգի զրույցը Իլհամ Ալիեւի հետ” հղումը այս հոդվածի միջից: Այս օրինակում, 15-ը ի դեմ (vs) 46-ի: Ովքե՞ր են այդ 15-ը և ինչպիսին է լինելու այս հարաբերությունը մեկ ամսից, մեկ տարուց…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28