Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծանր վիրավորանքից» «տուժողների» հաշվառում չկա՞

Փետրվար 16,2022 14:00

«Մի հարց ՀՀ ոստիկանությանը. ո՞ւմ եմ վիրավորել եւ ո՞վ է չափել ծանրության մակարդակը, կարո՞ղ եք մանրամասնել». ՖԲ գրառում

Այս տարվա հունվարի 20-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տեղեկացրեց, որ իր հարցմանն ի պատասխան՝ դատախազությունը հայտնել է, որ ծանր վիրավորանքի՝ հայհոյանքի քրեականացմանը վերաբերող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2021 թվականի օգոստոսի 30-ից մինչեւ 2022թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է նշված հոդվածի հատկանիշներով արարքների 418 դեպք: Նշված դեպքերից 127-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, 28 դեպքի կապակցությամբ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում քրեադատավարական ընթացակարգ ապահովելու բավարար հիմքեր ի հայտ չեն բերվել: 263 դեպքի առթիվ նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի: 214 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, իսկ 8 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցով ընթանում է դատական քննություն: ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 31 անձի: Հիշեցնեմ, որ անցյալ տարվա օգոստոսի 31-ից է ուժի մեջ մտել հայհոյանքը քրեականացնող օրենքի փոփոխությունը:

Փետրվարի 2-ին լրատվամիջոցները տեղեկացրին, որ ՀՀ ոստիկանությունում նյութեր նախապատրաստելու համար ստացվել է գրություն, որ Արմինե Ադիբեկյանը հունվարի 19-ին Politik.am կայքում Բորիս Մուրազիի հետ հարցազրույցի ժամանակ «ծանր վիրավորանք» է հասցրել: Փետրվարի 3-ին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնեց իր մտահոգությունը ՀՀ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքը քրեականցնող նոր դրույթի կիրառման կապակցությամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով. «Այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց է խորհրդանշում եւ երկյուղալի ազդեցություն ունի ազատ խոսքի վրա։ Մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որոնց կողմ է Հայաստանը»։

Փետրվարի 4-ին Շահեն Հարությունյանը ՖԲ էջում հայտնեց. «Կրկին ոստիկանությունում։ Քիչ առաջ կրկին հրավիրվել էի ոստիկանություն։ Արդեն երկրորդ անգամ նույնաբովանդակ գրառման համար նյութեր են նախապատրաստում՝ քրեական գործ հարուցելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը վատ է զգում, որ քաղաքական գնահատականներ եմ տվել իրեն եւ իր վարած քաղաքականությանը՝ համարելով ազգակործան պատուհաս։ Առաջին գործի շրջանակում քրեական գործն արդեն հարուցվել է։ Այսօր տեղեկացա երկրորդ քրեական գործի նախապատրաստման մասին։ Ի դեպ, առաջին գրառմամբ ներկայացրել էի իմ քաղաքական (կուսակցական) դիրքորոշումը՝ Նիկոլ Փաշինյանի որոշման վերաբերյալ, որով վերջինս ՀԱՊԿ շրջանակներում հայկական զորքեր էր ուղարկելու Ղազախստան։ Իսկ երկրորդ գրառումս կապված էր վերոնշյալ քաղաքական դիրքորոշման համար ինձ ոստիկանություն հրավիրելու եւ քաղաքական մոտիվներով քրեական հետապնդման ենթարկելու հետ։ Ինչպես նախորդ դեպքում, այդպես էլ հիմա, ոստիկանությունում հրաժարվել եմ տալ որեւէ բացատրություն՝ օգտվելով իմ սահմանադրական իրավունքից։ Իսկ հանրային-քաղաքական ասպարեզում հերթական անգամ վերահաստատում եմ իմ դիրքորոշումներն ու գնահատականները՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարած քաղաքականության նկատմամբ։ Այս ամենը հաստատակամորեն կներկայացնեմ նաեւ դատարանում։ Հետաքրքիր է, թե որքա՞ն քրեական գործեր պետք է հարուցվեն իմ դեմ Հայաստանի նախկին, ներկա ու ապագա իշխանությունների կողմից, որ իրենց համար պարզ դառնա, որ հնարավոր չէ լռեցնել ինձ ու կասեցնել իմ քաղաքական պայքարը»։ Փետրվարի 7-ին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Հայհոյանքը, որպես բարոյական նորմ, արգելված է եղել ՀՀ-ում, արգելված է եւ հուսամ՝ արգելված կմնա», այսկերպ անդրադառնալով Freedom House միջազգային կազմակերպության հայտարարությանը:

«Առավոտը» տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում ԵՊՀ դասախոս Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան մի գրառման հետ կապված, որտեղ նա նշում է, որ «եթե երկրի խորհրդարանը այսպիսի ցիրկ է, ճղճիմ, անբովանդակ, ով պիտի ժողովրդի հարցերը լուծի: Սա ապացույցն է, որ մենք կործանում ենք գնում, այս կապիկները դրա վառ ապացույցն են»: Ի դեպ, ՀՀ ոստիկանությունում սեղանին էր դրվել նաեւ Մանուել Մանուկյանի կողմից «Պոլիտիկ» լրատվական կայքում 21.01.2022թ.-ին եւ «Հայելի» լրատվական կայքում 22.01.2022թ.-ին հարցազրույցների ընթացքում կատարված տեսանյութերը, որոնք պարունակում էին «ծանր վիրավորանքի» հատկանիշներ: Մանուել Մանուկյանը տեղեկացրել էր, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։ Նաեւ տեղեկացրեց, որ իրեն հեռացրել են ԵՊՀ-ից քաղաքական հայացքների համար, ստիպում են լռել եւ վախենալ։

Aravot.am-ի տեղեկություններով էլ, հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացվել էր գրություն, հանաձայն որի՝ Երեւան քաղաքի բնակիչ Վազգեն Սաղաթելյանն իր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարել է գրառում պաշտոնատար անձանց հասցեին, որը իր մեջ պարունակում է ծանր վիրավորանք: Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Aravot.am-ին «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանն ասել էր. «Վերջին երկու ամսվա ընթացքում վեց անգամ եղել եմ ոստիկանությունում, մեկ անգամ՝ քննչականում: Քննչականում եղել եմ «Անտիֆեյք» ծրագրին հյուր լինելուց հետո, երբ քրեական գործ է հարուցվել, եւ ես գնացել եմ վկայի, պոտենցիալ կասկածյալի կարգավիճակով: Բայց որքան գիտեմ, դեռ վկայի կարգավիճակում եմ, քանի որ այլ նորություններ չկան: Իսկ ոստիկանություն ամեն անգամ գնում եմ իմ հերթական գրառումների համար: Եթե չեմ սխալվում, վեց անգամ գնացել եմ. 3-4 անգամ վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ կապված, մյուսները՝ պատգամավորների: Ես դժվարանում եմ ասել, թե ձեզ հասած հաղորդագրությունը որ մեկի մասին է: Օրինակ, հետաքրքիր ազգանունով ֆրանսիացի հայտնի ֆանտաստ գրող կա, որը, բնականաբար, ֆանտաստիկ բաներ է գրում: Ես այս առումով նրա ու մեր շատ իշխանավորների, մասնավորապես, երկրի ղեկավարի մեջ ընդհանուր բաներ էի տեսել: Ինձ կանչում, հարցնում են, թե ինչ նկատի ունեմ, ես էլ բացատրում եմ: Ինչքան տեղյակ եմ, քրեական գործ չի հարուցվել, որովհետեւ ինձ որեւէ անգամ կասկածյալի կարգավիճակով չեն հրավիրել»: Նկատենք, որ «Ծանր վիրավորանք հասցնելու» գործերով հաճախ տուժող չկա, տուժողից հաղորդում չկա, եւ անհասկանալի է, թե ինչու է ոստիկանությունը ընդամենը մեկ ապացույցով՝ ՖԲ գրառմամբ, մեկ կողմ ներգրավվելով նախապատրաստում քրեական գործի նյութերը:

Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28