Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը՝ Մալերի հայտնի սիմֆոնիային քանիցս անդրադառնալու պատճառների մասին
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան), Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 15-ին դարձյալ կներկայացնեն Մալերի թիվ 2, «Հարություն» խոհափիլիսոփայական սիմֆոնիան։ Որպես մենակատարներ հրավիրված են ճանաչված օպերային երգիչներ՝ գերմանաբնակ մեր հայրենակցուհի Ռուզան Մանթաշյանը եւ մեցցո սոպրանո Օլեսյա Պետրովան (ՌԴ), որոնք ֆիլհարմոնիկի նախագծերից ծանոթ են մեր հանդիսատեսին։ Սիմֆոնիան կղեկավարի Էդուարդ Թոփչյանը։ Իսկ թե ինչո՞ւ դարձյալ, որովհետեւ մաեստրո Թոփչյանը հաճախ է անդրադառնում համաշխարհային երաժշտական գրականության այս ստեղծագործությանը։
Փորձելով բավարարել նրա որոշ գործընկերների հետաքրքրությունը, մաեստրոյին ուղիղ հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ կրկին Մալեր թիվ 2։
Հիշեցնենք, որ ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ արդեն ավելի քան 20 տարի՝ յուրաքանչյուր ուրբաթ, հանդես է գալիս նոր ծրագրով, դրան զուգահեռ երբեմն ներկայացնելով օպերաներ եւ այլ նախագծեր եւս։
«Մալերի հնգամաս մեծակտավ սիմֆոնիան բարձր նշաձող է յուրաքանչյուր բարձրակարգ նվագախմբի համար։ Իսկ կենդանի կատարմամբ սիմֆոնիայի ունկնդրումը, ես կասեի՝ պարզապես իրադարձություն է երաժշտասեր հասարակության համար»,- նշեց մաեստրոն ու հավելեց, որ անշուշտ այն գեղեցկագույն երաժշտություն է, միեւնույն ժամանակ շատ բարդ։ Հիշեցրեց նաեւ, որ գրված է նվագախմբի եւ երգչախմբի մեծ կազմերի եւ երկու մենակատարների համար։
«Հետաքրքիր մի փաստ. այս ստեղծագործության մեջ Մալերը բոլոր գործիքները շատ նուրբ է օգտագործել եւ չնայած մեծ կազմին, ոչինչ չի «գոռում», այն հնչում է որպես մեծակտավ կամերային երաժշտություն»,- ասաց մեր զրուցակիցը։ Իր նախընտրած ստեղծագործության մասին խոսելով մաեստրոն նշեց, որ կոմպոզիտորը սիմֆոնիայում մեծ հաշվով փնտրում է կյանքի իմաստը, արտահայտում մահվան պատճառած ցավի, դատարկության եւ դրա հանդեպ մարդու անզորության զգացումները. «Իսկ գիտե՞ք, թե ինչ պաթետիկ խոսքերով է ավարտվում այս երկը. Դու հարություն կառնես, այո՛, կարճատեւ քնից հետո հարություն կառնես մոխրից… Սկզբում այս խոսքերը հնչում են հազիվ լսելի, այնուհետեւ հնգաձայն երգչախումբը այն մատուցում է հզոր ու ազդեցիկ եւ վերջապես նվագախումբը այն հնչեցնում է որպես հիմն ստեղծագործական անմահության ու հավիտենական կյանքի»։
Կարդացեք նաև
Ու թեեւ նշեցինք, որ Ռուզան Մանթաշյանին եւ Օլեսյա Պետրովային ներկայացնելու հարկ չկա, այնուամենայնիվ հիշեցնենք, որ գերմանաբնակ մեր հայրենակցուհին շարունակում է իր փայլուն կարիերան նշանավոր օպերային թատրոններում։ Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ վերջերս Տատյանայի դերերգով (Չայկովսկի՝ «Եվգենի Օնեգին») բեմ է բարձրացել Լիեժի թագավորական թատրոնում, Բեռլինի Komische Oper-ում, Միմիի դերերգով (Պուչինի՝ «Բոհեմ»)՝ Մյունխենում եւ Ցյուրիխում եւ այլն, դուետով հանդես է եկել Պերալադա փառատոնում՝ աշխարհահռչակ Խուան Դիեգո Ֆլորեսի ընկերակցությամբ։ Սոպրանոն ասաց նաեւ, որ Երեւանից հետո պլանավորված են իր ելույթները Գերմանիայում, Հոլանդիայում եւ այլուր, հանդես կգա Ալիչեի դերերգով (Վերդի՝ «Ֆալստաֆ»), կմարմնավորի Լիուի կերպարը Պուչինիի «Տուրանդոտում» եւ այլն։ Օլեսյա Պետրովայի հարուստ կարիերայի մասին խոսելիս հավատացած ենք, որ երգչուհին կառանձնացներ 2014թ. բեմելը Մետրոպոլիտեն օպերայում՝ Մադելոնի դերերգով («Անդրե Շենյե»), այնուհետեւ Ֆեդերիկա («Լուիզա Միլլեր»), Ամներիս («Աիդա»), Մարֆա («Խովանշչինա»), «Բոլշոյ» թատրոնում էլ Պոլինա («Պիկովայա դամա») եւ այլն։ «Հաճույքով եմ ընդունում ֆիլհարմոնիկի հրավերները, Երեւանից հետո պետք է գնամ Մադրիդ՝ Պրոկոֆեւի «Կրակե հրեշտակում» հանդես գալու, հետո կմասնակցեմ Պուչինիի Ռեքվիեմի կատարմանը, այնուհետեւ կուղեւորվեմ Բեռլին, հանդես կգամ «Պարահանդես-դիմակահանդեսում» եւ հետո միայն 2-3 օր կանցկացնեմ տանը՝ Սանկտ Պետերբուրգում»,- առաջիկա մեկ ամսվա իր ծրագրերը ներկայացրեց մեցցո սոպրանոն։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Մալեր թիվ 2 սիմֆոնիայի գլխավոր փորձից։
«Առավոտ» օրաթերթ
15.02.2022