Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլինգենը…

Փետրվար 16,2022 12:30

Սկիզբը՝ այստեղ:

«Հիշողություններ Գերմանիայի եւ գերմանացիների մասին» իմ անտիպ գրքից

…Նախաճաշելուց հետո մենք սկսեցինք Վիլինգեն՝ Ալոյիսի Ֆրանսիայում գտնվող ամառանոց մեկնելու պատրաստություն տեսնել: Չէ՞ որ պայմանավորվել էինք նրա ամառանոցում ցախատուն կառուցել: Սովորաբար, երբ աշխատանքի կամ որեւէ տեղ գնալու պլաններ էինք ունենում, Ալոյիսը նախորդ օրը, երեկոյան, «նախագիծ» էր կազմում, որտեղ նշում էր մեզ հետ տանելու գործիքների ցուցակը, կատարվելիք աշխատանքների հերթականությունը, մեր մեջ աշխատանքի բաժանումը եւ այլն: Այդպիսին էր նա, իմ մեծ ընկերն ու բարեկամը, որին շատ բաներով եմ պարտական: Այդպիսին են նաեւ գերմանացիների ճնշող մեծամասնությունը, որոնց հետ հաճախակի հարաբերվելուց, անկեղծ ասած, սրտնեղել եմ, մտածելով, թե ինչո՞ւ մենք՝ հայերս, այդպիսին չենք…

Վիլինգենը Բիսթենից 21 կմ հեռավորության վրա էր գտնվում: Այդ ճանապարհն անցնում էինք մոտ 20 րոպեում: Բիսթենից 5 կմ հետո Ֆրանսիայի սահմանն էր: Առաջին անգամ, երբ Ալոյիսը հայտնեց ինձ այդ սահմանն անցնելու մասին, ես մտահոգվեցի: Իսկ երբ անցանք՝ զարմանքով լցվեցի: Եվրոպական երկու հզոր այդ երկրների սահմանագծին ոչ մի սահմանային հսկողություն չկար: Գերմանիայի սահմանագծին մի ճանապարհային նշանի ցուցիչ էր կանգնեցված՝ Գերմանիայի գերբով ու դրոշով: Նույն կերպ՝ Ֆրանսիայի սահմանագլխին: Եվ մի փոքրիկ տնակ, երեւի սահմանապահների համար: Երեւի, քանի որ բազմաթիվ անգամ այդ սահմանները երկու կողմից հատելով, այդ տնակի մոտ ես ոչ մի «կենդանի շունչ» չտեսա: Բա այդպիսի բան են անո՞ւմ, ա՛յ «հետամնաց կապիտալիստական երկրներ»: Բա էլ ո՞նց չզարմանայի…

Ալոյիսի Վիլինգենի ամառանոցի ամենամոտիկ հարեւանը նրա աղջիկն էր՝ Մարռիտան, ում ամուսինը՝ Յորհիմը, ֆրանսիական գերմանացի էր:

Ալոյիսի մեքենայի շչակից Յորհիմը դուրս եկավ, արագորեն բացեց ամառանոցի դարպասը եւ մենք ներս մտանք: Հսկայական տարածք էր ամառանոցը, մոտ 3500 քմ, բոլոր կողմերից ցանցապատված: Այն դեպի մուտք՝ փոքր-ինչ թեքություն ուներ: Աջ ու ձախ կողմերում պտղատու ծառեր էին: Եռաշարք, հավասարաչափ հեռավորություններով ու մուտքից մինչեւ տնակ տանող ճանապարհի եզրերից համաչափորեն՝ մեկ մետր իրարից հեռու: Իսկ ամենավերեւո՜ւմ… Իհարկե, իր գեղեցկությամբ աչք շոյող իմ կառուցած փայտե տնակը: Այն ամառանոց մտնողներից եւ ոչ մեկի աչքից չէր վրիպի: Փայլում էր իր նրբագեղությամբ, կառուցվածքի ինքնատիպ լուծումներով ու շքեղ տանիքով: Տնակին շրջապատող մեկ մետրանոց բետոնե հարթակը դեռ սալիկապատված չէր: Նախորդ օրը, երեկոյան, երբ ծրագրում էինք առավոտվա մեր անելիքներն, Ալոյիսն ասաց, որ ինքն իր վաղեմի ընկերոջը՝ Ռուդի Ցիններին, խնդրել է հարթակը սալիկապատել ու նա սիրով համաձայնել է: Ցինները գալու էր ժամը 14-ին, իսկ մինչ այդ, Յորհիմի տան մոտից մենք պետք է մոտ երեք տոննա խճաքար տեղափոխեինք եւ փռեինք ցախատուն կառուցելու համար նախատեսված տարածքում, այլ կերպ ասած՝ կառուցումը նախապատրաստելու համար:

Երբ Ալոյիսին հայտնեցի, որ մինչեւ Ռուդիի գալը հնարավոր է վերջացնենք խճաքարի տեղափոխումը, նա նախ զարմացավ, ապա կասկածամտորեն ինձ նայելով հարցրեց.

-Իսկ դու կարո՞ղ ես…

-Սկսեցինք,- իբրեւ պատասխան, ասացի ես եւ ձեռնասայլակը վերցնելով արագորեն իջա դեպի Յորհիմի տան կողմը: Ալոյիսն էլ իր հերթին, բահը վերցնելով, շտապեց ներքեւ: Չէ՞ որ ինքն էր բեռնելու խճաքարը: Երբ երկու ժամ անց, մոտ մեկ ու կես տոննան տեղափոխեցի, Ալոյիսը կարծես թե սկսեց հավատով լցվել իմ «հնարավորությունների» նկատմամբ: Նա առաջարկեց «ի նշանավորումն խճաքարի կես մասի տեղափոխման», 10 րոպե հանգիստ առնել եւ գարեջուր խմել: Ինչպես միշտ՝ ես սիրով համաձայնեցի:
Մինչեւ Ռուդիի գալը մենք վերջացրեցինք խճաքարի տեղափոխումը: Հերթական ընդմիջումը դեռ չէինք ավարտել, Ռուդիի ավտոմեքենան մտավ ամառանոց: Ես ծանոթ էի Ռուդիին եւ մենք իրար ողջունեցինք վաղեմի ընկերների պես: Ամենքս մեկական շիշ «Կառլսբերգ» դատարկելուց հետո, անցանք մեր գործերին:

Ալոյիսը հաճախ էր «անմահացնում» իմ աշխատանքային գործունեությունը: Այս անգամ էլ նա «իր գործին անցավ»: Ինձ մի քանի կադր լուսանկարելուց հետո, անցավ Ռուդիին, ով տնակի մուտքի կողմի հատակն արդեն սալիկապատել էր: Տեսնելով ֆոտոապարատը ձեռքին դեպի իրեն մոտեցող Ալոյիսին, Ռուդին կքանստած տեղից կանգնեց եւ հանդիսավորությամբ ասաց.
-Ալոյիս, դու ինչո՞ւ ես ցանկանում ցմահ զրկել ինձ ծերության կենսաթոշակից:

-Ոչ ոք չի կարող ապացուցել, որ ես քեզ վճարել եմ աշխատանքիդ համար, Ռուդի,- պատասխանեց նրան Ալոյիսը:
-Բայց դու լուսանկարեցիր ինձ, Ալոյիս:

-Ճիշտ է, բայց լուսանկարը դեռ փաստ չէ վճարումը հաստատելու համար: Այ, եթե սրան գումարվեր նաեւ որեւէ վկայի գրավոր տեղեկությունը, դա արդեն ուրիշ բան է,- «կապարակնքեց» Ալոյիսն իր պատասխանը…

Միլիոնատեր Ռուդին վաճառել էր իր գործարանները: Նա արդեն ծերության կենսաթոշակի էր անցել: Ալոյիսը՝ նույնպես: Գերմանիայում ծերության կենսաթոշակի անցած անձը, եթե աշխատանքի անցնելու ցանկություն է ունենում, նա պարտավոր է անպայման հայտնել սոցիալական ծառայության մարմիններին, այլապես, հայտնաբերելու դեպքում, թոշակառուն ցմահ զրկվում է կենսաթոշակ ստանալու իրավունքից: Ահա թե որտեղ է դեմոկրատական սկզբունքները… Ինչպես հույն փիլիսոփաներից մեկն է ասել՝ ամենամեծ դեմոկրատիան ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է…

Նման խոսակցություններից ես տեղեկանում էի Գերմանիայում գործող օրենքներին, երբեմն էլ՝ զայրանում մեզանում բոլոր խնամիական, բարեկամական, ընկերական եւ, մանավանդ՝ կոռուպցիոներական «արտաօրենքային» դրվածքների վրա: Եթե պարզվեր, որ Ռուդիին Ալոյիսը վարձատրել է, Ռուդին ողջ կյանքում կենսաթոշակ չէր ստանա: Եվ ոչ մեկին չի հետաքրքրի, թե նա ի՞նչ միջոցներով կգոյատեւի:

Մեզանում էլ ոչ մի չինովնիկի չի հետաքրքրում, թե ի՞նչ միջոցներով է գոյատեւում մեր բնակչության 40% աղքատ խավը եւ ծերության թոշակառուն: Սակայն, նման պարագայում թոշակառուից մեկ տարվա կենսաթոշակի չափով մեր «բարյացակամ» սոցիալական ծառայության պաշտոնյային տված կաշառքը լիովին կապահովի նրա «կենսաթոշակային ապահովվածությունը»: Ահա, թե ինչպես են պետություն ձեւավորում ու կառուցում մի երկրում, եւ ինչպես են քանդում ու հիմնահատակ անում՝ մյուս երկրում…
Ուրիշ կերպ չի կարող լինել: Թե չէ՝ մահացած մարդկանց անունով կենսաթոշակ դուրս գրել-լափելով պետություն չես կառուցի…

20.08. 1998 թ. Բիսթեն
(շարունակելի)

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28