«3+3» ձեւաչափը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները: Այն ենթադրում էր հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը։ «3+3» հարթակի մասին, նրա գործառույթների եւ իրական նպատակների մասին առանձնապես ոչինչ հայտնի չէ։ Անկարան բազմիցս կոչ է արել ստեղծել համագործակցության նոր հարթակ՝ «3+3», որը կմիավորի Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին, Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին։ Այս ձեւաչափով առաջին հանդիպումն անցկացվեց անցյալ տարվա վերջին Մոսկվայում, դրան Վրաստանը ներկա չէր։ Դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի հարթակի երկրորդ հանդիպմանը։
Հունվարի վերջերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է հյուրընկալել «3+3» ձեւաչափի հաջորդ հանդիպումը։ Տարեվերջին Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում: Անկարան հույս էր հայտնել, որ կմասնակցի նաեւ Վրաստանը։ Սակայն հունվարի սկզբին Վրաստանը հայտարարեց, որ չի մասնակցի «3+3» ֆորմատով երկրորդ հանդիպմանը եւս։ Այս մասին հայտնել էր Անկարայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան Daily Sabah թերթին տված հարցազրույցում։ Դեսպանը պարզաբանել էր, որ Վրաստանը Թուրքիան եւ Ադրբեջանը համարում է ռազմավարական գործընկերներ, Հայաստանը՝ պատմական եւ լավ հարեւան, սակայն՝ «Ռուսաստանը մի երկիր է, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»։
Հնարավո՞ր է, որ Թբիլիսին, այնուամենայնիվ, մասնակցի այս ձեւաչափով քննարկումներին՝ հաշվի առնելով թուրքական, ադրբեջանական տնտեսական համագործակցության մակարդակը Վրաստանում, չի՞ կարելի բացառել, որ Անկարան ու Բաքուն ազդեն Թբիլիսիի քաղաքական որոշման վրա, եւ վրացական իշխանությունները վերանայեն իրենց դիրքորոշումը, «Առավոտն» այս հարցն ուղղեց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանին:
«Դա այն հարցը չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան ազդեցություն ունենալ Վրաստանի դիրքորոշման վրա, իհարկե, գոյություն ունի հարցերի շրջանակ, որոնց վրա Թուրքիան կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց ոչ այդ հարցում: Այստեղ կարեւոր է Արեւմուտքի՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը, Թբիլիսին որոշում կկայացնի նրանց հետ խորհրդակցությունների արդյունքում»,- նշեց մեր զրուցակիցը: Ճշտեցինք, այսինքն` Արեւմուտքի դիրքորոշումը «3+3» ձեւաչափի վերաբերյալ բացասակա՞ն է՝ Ռուսաստանի մասնակցության պատճառով:
Կարդացեք նաև
«Չեմ կարծում, թե միայն Ռուսաստանի մասնակցությունն է»,- նկատեց մեր զրուցակիցը, հավելելով, որ մեր տարածաշրջանում տարբեր երկրների, կառույցների համար հիմա խիստ կարեւոր է՝ «միջանցքների գործարկումը»: «Մեկ տարի առաջ ինչո՞ւ պատերազմ բռնկվեց, ինչպես ստացվեց, որ Հայաստանը միայնակ մնաց… Կարծում եմ, սցենարներից մեկը նաեւ՝ Միջին Ասիայի զարգացումներն էին: Այդ միջանցքն առավելապես անհրաժեշտ է Միջին Ասիային միանալու համար: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Չինաստանի ազդեցությունը բավական տեմպերով մեծանում է Միջին Ասիայում, Ռուսաստանի ռեսուրսները չեն բավարարում, որպեսզի հակազդեն այդ ազդեցությանը, հետեւաբար, նպատակահարմար կլիներ առավելապես Թուրքիային տալ այդ հնարավորությունը: Ինչ-որ առումով սա Ռուսաստանի համար հղի է վտանգներով, բայց կարծես, որպես սցենար, հիմա այն չարյաց փոքրագույնն է ՌԴ-ի համար: Ռուսաստանը կարող է հետագայում հնարավորություն ունենալ այդ հնարավորությունը փակել: Եթե Հայաստանում էլ սա կարողանային գիտակցել, հնարավոր կլիներ ամբողջովին այլ կերպ պատկերացնել դասավորությունը»,- ասաց Ստեփանյանը:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ բազմաշերտ գործընթացներ են ծավալվում, եթե փորձում ենք հասկանալ, թե ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում. «Ինչո՞ւ են հարկավոր այդ ձեւաչափերը, օրինակ՝ «3+2»-ը, կամ՝ Հարավային Կովկասում կայուն միջանցքը: Ռուսաստանը փորձում է փոքրացնել Թուրքիայի կախվածությունը Արեւմուտքից, եւ ուղղություններից մեկը հենց սա է: Հետեւաբար, Ռուսաստանն ու Թուրքիան շահում են այդ համագործակցությունից: Որքանով է այդ համագործակցությունն ամուր, կայուն ու երկարաժամկետ, դա այլ հարց է, դա կախված կլինի բազմաթիվ այլ գործոններից, օրինակ, ով է լինելու իշխանություն այդ երկու երկրներում, ինչ գործընթացներ են տեղի ունենալու հարեւան երկրներում, ինչ հանգուցալուծում է լինելու Ուկրաինայի հարցով, Ռուսաստանն ինչ կորուստներով դուրս կգա այս ճգնաժամից: Այնպես որ, Վրաստանն իհարկե կարող է որոշումներ ընդունել եւ պաշտպանել իր դիրքորոշումները, եթե այն համաձայնեցված չէ ավելի խոշոր գործընկերների հետ»:
Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս որպես Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կողմնակից, եւ Սաակաշվիլիի իշխանության օրոք հնչող կոշտ գնահատականներ այժմ ռուսական իշխանություններից չենք լսում: Վրացական որոշ ապրանքներ արտահանվում են Ռուսաստան, այսինքն, գոյություն ունի որոշակի տնտեսական համագործակցություն: Ռուս-վրացական հարաբերությունները ի՞նչ մակարդակում են այսօր, հարցրեցինք մեր զրուցակցին:
Առնոլդ Ստեփանյանի համոզմամբ՝ այդ համագործակցությունը ապահովում է որոշակի մինիմում, սակայն թե տնտեսական համագործակցությունը, թե Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքը չի կարելի ասել, որ տպավորիչ ցուցանիշներով են: Մեր հարցին, հնարավո՞ր է Վրաստանի իշխանությունները նպատակ ունենալով փոքր-ինչ թուլացնել թուրքական եւ ադրբեջանական տնտեսական ազդեցությունը Վրաստանում, գնան Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները բարձրացնելու ուղղությամբ, պարոն Ստեփանյանը պատասխանեց. «Չէի ասի, թե այստեղ՝ Վրաստանում, որեւէ մեկը դա չի գիտակցում, թե՛ ներկայիս իշխանությունները, թե՛ նախորդ բոլոր իշխանությունները: Սա դասական ֆորմուլա է, որը քիչ է կախված հարեւաններից, որը ուղիղ ազդում է անկախության որակի վրա: Այսինքն, ցանկացած երկրի շահերից է բխում, եթե նա չի կարող այնքան հզոր լինել, որպեսզի առհասարակ, որեւէ երկրից կախվածություն չունենա, հետեւաբար, եթե ունես որոշակի կախվածություն այլ երկրներից, ապա ձեռնտու է կախվածություն ունենալ շատ երկրներից, քան՝ միայն մեկից, կամ՝ երկուսից, որովհետեւ, դա արդեն կազդի պետության ինքնիշխանության, անկախության մակարդակի, աստիճանի վրա եւ կփոքրանան երկրի մանեւրելու հնարավորությունները:
Կոպիտ ասած՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի հետ, այսինքն՝ կախվածություն մեկ պետությունից եւ մանեւրելու հնարավորության բացակայություն, որի արդյունքում երկրի անկախությունն է տուժում: Այստեղ՝ փոքր-ինչ այլ կերպ է. թուրքական, ադրբեջանական տնտեսական ազդեցություն առկա է, որից իհարկե, Վրաստանը բավական կախված է, բայց միեւնույն ժամանակ կան ինտենսիվ տնտեսական հարաբերություններ Եվրամիության, ԱՄՆ-ի հետ: Այսինքն, եթե համեմատենք Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, եւ Վրաստանինը՝ Թուրքիայից ու Ադրբեջանից, դրանք խոշոր հաշվով համեմատելի կախվածություններ չեն: Իհարկե, տնտեսական կախվածությունը կարող է ազդել քաղաքականության վրա, բայց սա արդեն այն սահմանագծին է, որից հետո կարող է լրջորեն ազդել Վրաստանի անկախության աստիճանի վրա: Այսինքն, չեն արվում քայլեր, որոնք էլ ավելի կմեծացնեն Վրաստանի կախվածությունը հարեւան երկու երկրներից»:
Շարունակությունը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 15.02.2022