«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը վերջերս է վերանորոգել ԱԺ-ում իր աշխատասենյակը եւ սոցցանցերում հարցադրումներ կային, թե ո՞ւմ միջոցներով է նա այսպես ճոխ բարեկարգում արել:
Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորը պարզաբանեց. «Ես խնդրում եմ դուք ինձ ասեք՝ հիմա դուք տեսնո՞ւմ եք շքեղ աշխատասենյակ, թե՞ ոչ»: Հարցին՝ որքա՞ն գումար եք ծախսել՝ Բաքոյանը պատասխանեց. «Ի՞նչ ծախս եք դուք այստեղ տեսնում, կա՞ն արդյոք այստեղ այդպիսի շքեղ ծախսեր, որի մասին խոսում են: Ընդամենը պատ է սպիտակացրած: Ինչ տրվում է ԱԺ պատգամավորին, հատկացրած է նաեւ ինձ: Այստեղ ավել կան ընդամենը ծաղիկներ, որոնց շատ եմ սիրում եւ իմ բոլոր աշխատասենյակներում պարտադիր լինում են ծաղիկներ, մի շախմատի սեղան, հաճախ եմ շախմատ խաղում»:
Կարդացեք նաև
Խնդրեցինք նշել զուտ ծախսը՝ աստղաբաշխական թվե՞ր են, թե՞ չէ ու այդ միջոցները որտեղից են տրամադրվել՝ Ռուստամ Բաքոյանը պատասխանեց. «Ձեր ասած աստղաբաշխական գումարները կազմում են 40.000+40.000 դրամ եւ եթե չեմ սխալվում, մի 20 հազար դրամ, մոտավորապես մի 105 հազար դրամ»:
Հիշեցրինք, որ նախկինում, երբ գեներալ Մանվել Գրիգորյանը սեւ օբսիդիանից սառնարան էր տեղափոխել ԱԺ իր աշխատասենյակ, դա քննարկումների տեղիք էր տվել եւ հարց էր առաջանում՝ պատգամավորի ինչի՞ն է պետք այդպես «կոմֆորտ զոնա» ստեղծել աշխատասենյակում, երբ պատգամավորը պետք է օրնիբուն աշխատի ժողովրդի համար, լինի նիստերի դահլիճում, այսինքն, պատգամավորի ինչի՞ն է պետք, որ աշխատասենյակը այդպես կահավորվի՝ Բաքոյանը պատասխանեց. «Ինչպես դուք տեսնում եք, այստեղ օբսիդիաններ, ոսկեպատ ու թանկարժեք եւ ձեր նկարագրած աստղաբաշխական գումարների արդյունքում ձեւավորված սենյակ չկա, սովորական աշխատասենյակ է: Ընդամենը մի պաստառ է ավելացրած, պաստառի արժեքը եւ ամբողջ ծախսը, որ տեղի է ունեցել, երեւի 105-108 հազար դրամ է: Այն կոմֆորտը, որի մասին դուք խոսում եք, այդ է»:
Հարցին՝ այնուամենայնիվ, դա պետբյուջեի՞ հաշվին է, թե՞ ձեր գրպանի՝ նա պատասխանեց. «Ոչ, իմ գրպանի սեփական միջոցներն են, հատկացրել եմ՝ իմ աշխատասենյակը ավելի լավը դարձնելու, մինիմալիստական աշխատասենյակ է: Իմ համար միջավայր եմ ստեղծել: Եթե մի րոպե գտնվեմ, 10 րոպե գտնվեմ, կամ առավոտից երեկո լինեմ իմ աշխատասենյակում, ինձ զգամ այնպես, ինչպես ես եմ ուզում զգալ…Շաբաթվա մեծ մասը գտնվում եմ շրջաններում, հանդիպում եմ ժողովրդի, մարզերի բնակիչների հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ