Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր տեղի է ունեցել Սիլվա Համբարձումյանի գործով հերթական դատական նիստը: Այս գործում որպես մեղադրյալ ներգրավված են Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը: Նրանք երկուսն էլ մեղադրվում են գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից կաշառք տալու մասին ցուցմունքների հիման վրա:
Սիլվա Համբարձումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես միջազգային պայմանագրերը անպայման ԱԳՆ-ի միջոցով են անում. «Դրա համար նրանք դիմել են Վարդան Օսկանյանին, որ տեսնեն՝ այդ գործարքը որքանով է ռեալ: Երբ ինձ հարցում են արել, ես ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը, որ օրինական դաշտում է ամեն ինչ, և գործարքը մենք արել ենք: Բոլորն էլ գիտեն, որ այդպիսի մեծ գործարք առանց իրենց հնարավոր չէր:
Ես էլ դիմեցի Օսկանյանին, ասացի՝ ես պատրաստ եմ շնորհակալություն ասելու: Օսկանյանը չի էլ խառնվել, ընդամենը ներկայացրել է, թե Էմիրություններից ով է ուզում գործարք կնքել: Ինձ հետ մինչ այդ էր հանդիպել, քննարկել»:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի դատարանից, գործարարը պատասխանեց. «Ես վաղուց եմ ասել, որ դատական համակարգն անօրինական է, մի մոռացեք, որ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կինը դատավոր է: Ոնց էլ չլինի, էդ շոուն կերկարացնի:
Կարդացեք նաև
Ես կարծում եմ, որ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը շոու սարքեցին։ Հստակ է ասվում, որ գումար է փոխանցվել Մայրապետյանի հաշվին, հետո վերադարձել է Արմեն Գևորգյանի հաշվին է նստել, այդտեղ ինչ խնդիր կա։ Վկան ասում է, թե ինչպես է գումարը տվել։ Միջազգային պայմանագրերը անցնցում են ԱԳՆ-ով, այստեղ եղել է Վարդան Օսկանյանի միջնորդությունը, ինքը տեղյակ է պահել գործընթացից: Օսկանյանը հայտարարել է, որ հենց խնդիր լինի, շփվիր Սամվել Մայրապետյանի հետ։ Ես Մայրապետյանին չեմ ճանաչել, այդ առիթով եմ ծանոթացել։ Օսկանյանը կաշառքի մասին որևէ բան չի իմացել։ Նա ընդամենը կարգավորել է ներդրողների հետ կապված հարցերը:
Իսկ Մայրապետյան Սամվելը Արմեն Գևորգյանի մտերիմն է, քավորը, ով չգիտի։ Ինչ են ուզում են փաստաբանները, Սանտա Բարբարայի ո՞ր սերիան են խաղում արդեն: Արդեն փակուղում են հայտնվել փաստաբանները, խոստումներ են տվել, որ նիստ չի լինի, բայց նիստը եղել է, և հիմա իրենք իրենց այսպես են պահում, շոու են սարքում»:
Սիլվա Համբարձումյանը հավելեց, որ ինքն այս գործով բողոք չի ներկայացրել. «Ես չեմ բողոքել, ինձ մարտի մեկի փաստով են կանչել, այս ամենը բացահայտվել է։ Սամվել Մայրապետյանին փող եմ փոխանցել, որ մարտի մեկի կրակողներին վճարեն, ինձ որպես այդ ամենի նպաստող են կանչել, իսկ ես չեմ նպաստել, այդ գործը մյուսի հետ կապ չունի և ես ասել եմ, թե ինչ նպատակով է այդ փոխանցումը կատարվել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: