Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 15-ին մասնակցել է Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստին:
Նիստի օրակարգի առաջին հարցով ԱրՊՀ խորհրդի նախագահ է ընտրվել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Խորհրդի նորընտիր նախագահը, շնորհակալություն հայտնելով նախորդ նախագահին ու խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել բուհի գործունեության արդյունավետության բարձրացմանը, որակի շարունակական բարելավմանը, համագործակցային շրջանակների ընդլայնմանը։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է 2020-2021 ուստարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվություն՝ կրթական, գիտական, միջազգային համագործակցության, ուսանողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսատնտեսական և այլ ուղղություններով։ Հաշվետու տարում Արցախի պետական համալսարանը հաջողությամբ անցել է որակի արտաքին հավաստման գործընթացը և արժանացել ինստիտուցիոնալ հավատարմագրման՝ 4 տարի ժամկետով: Ռեկտոր Արմեն Սարգսյանը համալսարանի գործունեության նկատմամբ հոգատարության և բարձրացված խնդիրների լուծման, գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման համար շնորհակալություն է հայտնել ԱՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին։ Ռեկտորի հաշվետվությունը գնահատվել է բավարար։
ԱրՊՀ խորհրդի նիստում քննարկվել են նաև բարձրագույն կրթության զարգացմանը, բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր։
Կարդացեք նաև
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին