Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանը եղել է կապիտան, ինքը ասո՞ւմ է ոնց դարձավ գեներալ…Ես ուզում եմ, որ արդեն գեներալ գնդապետի ուսադիր կրած մարդը մի դիմակով հանդես գա». Անդրանիկ Քոչարյան

Փետրվար 15,2022 21:40

«Հիմա լուրջ սխալներ են տեղի ունենում ԶՈՒ-ում, արագ կերպով առաջընթաց են ապահովում մի քանի մարդկանց, մի քանի գեներալների, կամ ասենք գումարտակի հրամանատարին միանգամից նշանակում են բրիգադի հրամանատար: Ինձնից հետո, օրինակ, հոսպիտալի բաժանմունքի պետին 3 աստիճան շրջանցելով՝ առանց ռազմաբժշկական կրթության նշանակել են բժշկական վարչության պետ»,- Aravot.am-ի հետ զրույցում  ասել էր ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց նրան. «Օրինակ, Սեյրան Օհանյանը եղել է կապիտան, ինքը ասո՞ւմ է՝ ոնց դարձավ գեներալ, չի ասում, որովհետեւ եթե այդ ընթացակարգով գնանք…Բայց պատերազմը պարտադրում էր, կոչում չունեցող, բայց արդեն ինքնուրույն գումարտակի հրամանատարը պարտադիր արագ ունենար մայորի կոչում գոնե, որպեսզի բանակաշինության մեջ մենք իրավական եւ ռազմավարական խնդիրներ չունենայինք: Բա Մանվել Գրիգորյանը դարձավ լեյտենանտից գեներալ, Սեյրան Օհանյանը կապիտանից՝ գեներալ գնդապետ»:

Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, այսօրվա կադրային բանկի մեջ ընտրությունը կատարվում է շատ բծախնդիր. «Բծախնդիր է թե՛ խաղաղապահ բրիգադի հրամանատարի առումով, թե՛ Վազգեն Սարգսյան բարձրագույն ուսումնական հաստատության հրամանատարի՝ Արթուր Երանյանի, թե՛ երկրորդ կորպուսի հրամանատար Գրիգորյանի առումով»:

Դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը ձեզ մեղադրում է, որ ձեր կադրերը մի քանի աստիճանակարգ առաջ են անցել՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Չէ, ինքը չի կարա մեղադրի, ով ով, բայց Սեյրան Օհանյանը չի կարող մեղադրի: Սեյրան Օհանյանը թող առարկայական, անուններով խոսի: Գիտեմ, որ Վիլեն Գաբրիելյանը անդրադարձել էր իր այդ ասածին, բայց խառնել էր Սեյրան Օհանյանը նույն բուժվարչության պետին նշանակել է Վիգեն Սարգսյանը: Իսկ թե ում նկատի ուներ, որ ասում էր՝ գումարտակի հրամանատարից դարձել է բրիգադի հրամանատար, երբ որ ինքը անուն տա, ես իրեն կհակադարձեմ, ես գիտեմ ինչ է ասում ինքը: Դու իրենից հարցրու կոնկրետ ո՞ր գեներալի մասին է ասում, այ այդ ժամանակ ես կասեմ»:

Փոխանցեցինք, որ անուններ չի տալիս, դուք ասեք անունները՝ Քոչարյանը պատասխանեց. «Պիտի տա: Ես ուզում եմ, որ արդեն գեներալ գնդապետի ուսադիր կրած մարդը մի դիմակով հանդես գա, բազմակի դիմակները…Օրինակ, ես գիտեմ, եթե ասում եմ, ասում եմ՝ այսինչ մարդն է: Ես գիտեմ որտեղ են ուղղվում սլաքները, բայց ուզում եմ սլաք նետողն ինքը ասի: Մեկ էլ Սեյրան Օհանյանը թող ասի՝ Մարտի 1-ին, այնուամենայնիվ, Ղարաբաղից 700 հոգու, որ բերեցին, ինքը գիտե՞ր, թե՞ չգիտեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28