Մի քանի օր է՝ համացանցում շրջանառվում են դաժան տեսարաններ՝ Գյումրիում թափառող շներին խոշտանգելու՝ գլխատելու, անդամահատելու, նաև կրակելու դեպքերից։ Ահասարսուռ այս տեսարանները, բնականաբար, հարուցել են կենդանասեր բնակիչների զայրույթը, որոնք չեն դադարում իրենց բողոքի ձայնը բարձրացնել։
Մեր տեղեկություններով, կենդանասերները նույնիսկ պատրաստվում են հանրապետության ողջ տարածքից հավաքվել ու բողոքի ցույց անցկացնել Գյումրու Վարդանանց հրապարակում
Ո՞վ է հրահանգել ու իրավունք տվել կենդանիների հետ նման կերպ վարվելու, երբ Քրեական օրենսգրքով պատիժ է սահմանվում, այս հարցի շուրջ պարզաբանումներ ստացանք Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանից։
Կարդացեք նաև
Փոխքաղաքապետը, որն այսօր մասնակցում էր «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն»-ում թափառող շների խնդրի լուծման շուրջ հրավիրած քննարկմանն, ասաց, որ իրենք շատ անհանգստացած են, մտահոգ։ Գյումրու քաղաքապետարանն այսօր գրավոր դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով պարզել, թե Գյումրիո՞ւմ են տեղի ունեցել դեպքերը, թե՞ ոչ, եթե հեղինակները Գյումրիից են, ապա որտեղից նրանց զենք՝ շներին կրակելու։ Նա վստահեցրեց, որ Գյումրու քաղաքապետարանը շներին գլխատելու, մարմնի մասերը մասնատելու, դաժանաբար ոչնչացնելու հետ որևէ առնչությունը չունի, քանի որ դա քրեորեն պատժելի է։
Այս թեմայով երեկ խորհրդակցություն են հրավիրել քաղաքապետարանում, իսկ այսօր դիմել են ոստիկանություն։
«Այսօր գրություն ենք ուղարկել ոստիկանություն, դեռ պատասխան չունենք։
Կարող եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը նման հրահանգ չի տվել և չի էլ տա, այն գործողությունը, որը տեղի է ունենում, քրեորեն պատժելի է։
Մենք հրահանգ տալու կարիք էլ չունենք այս պարագայում, որովհետև պայմանագիր ունենք ընկերության հետ, որը զբաղվում է շների ստերջացմամբ և վնասազերծմամբ, դրանից հետո բարբարոսական մեթոդներով քաղաքապետարանի կողմից շներին վերացնելու իմաստն էլ այստեղ չկա։
Հասկանում եմ, որ բոլոր սլաքներն ուղղվում են դեպի համայնքապետարան, պարզ ասում եմ՝ մեծ գումարներ է համայնքապետարանը ծախսում խնդիրը լուծելու համար։ Մեծ գումարները ծախսելու ընթացքում պահանջ է դրվել, այն կենդանիները, որոնք վտանգ են ներկայացնում, միանշանակ քնեցվելու են։ Եթե մենք կարող ենք օրենքի սահմաններում քնեցել, ինչո՞ւ օրենք խախտենք, բարբարոսական մեթոդներով կենդանուն կրակենք, կամ ինչ-որ տեսնում ենք՝ շան վիզը կտրած, երբ դա քրեորեն պատժելի արարք է»,-ասաց Դավիթ Առուշանյանը։
Կենդանիներին խոշտանգելու ու կրակելու մասին ահազանգեր ստացել է նաև «Գյումրու թափառող շների կենտրոն»-ը։ Կենտրոնի գլխավոր անասնաբույժ Արսեն Սումբուլյանն նշեց, որ բնակիչներն անհանգստացած են նաև շներին քնեցնելով ոչնչացնելու մասին շրջանառվող լուրերից։
Ըստ նրա, դա կեղծ տեղեկատվություն է, կենդանիներին քնեցնում են, երբ անկառավարելի ագրեսիա են դրսևորում, երբ հիվանդ են ու վտանգ են ներկայացնում հասարակության համար։ Կենտրոնի գործառույթների մեջ մտնում է նաև կենդանիներին թեստավորելը, կատաղության դեմ պատվաստելը։
Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ն մոտավոր հաշվարկներ՝ քանի՞ թափառող շներ կան Գյումրիում։ Նա տեղեկացրեց, որ մոտավոր հաշվարկներով, Գյումրիում կան մոտ 2500 թափառող շներ, սակայն թիվն անընդհատ փոփոխվում է․ կենդանիներին այլ համայնքներից ևս Գյումրի են տեղափոխում։
Ըստ նրա, այս թիվը կշատանա, եթե խնդրին լուծում չտան։ Նրա համոզմամբ, միայն ստերջացմամբ, հնարավոր չէ խնդիրը լուծել, լուծման օրինական մեթոդների մեջ մտնում է նաև կենդանիներին քնեցնելը։ Այս տարի ստերջացման համար Գյումրու համայնքապետարանից հատկացվել է 30 միլիոն դրամ գումար։
Ի դեպ, «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն»-ի քննարկմանը հրավիրված կենդասերներից մեկը՝ արևելյան բժշկության մասնագետ Սահականուշ Եգանյանը կասկածում է, որ շներին գլխատելու դեպքերը տեղի են ունեցել հենց Գյումրիում։ Ըստ նրա, թող տեսանկարահանեին՝ տարածքը՝ հստակ ցուցադրելով։
«Երբ կենդանու գլուխը դրված է գետնին ու լուսանկար է արված, դա քիչ բան է հուշում, որ Գյումրիում է արված։ Համացանցով վարկաբեկեցին գյումրեցիներին։ Լուսանկարներում կային աղբամանի մոտ խփված կենդանիներ, ես չգիտեմ խփվա՞ծ են, թե՞ հոշոտված են։ Ես խելացի մարդկանց հետ եմ զրուցել, որոնք ասում են գայլերը գիշերն են դուրս գալիս, սոված են ձմռան պատճառով, և սկսում են հոշոտել կենդանիներին, թող ոստիկանությունը պարզի՝ որտեղ է կատարվել»,- ասաց Սահականույշ Եգանյանը։
Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը քննարկման ժամանակ նաև անդրադարձավ շների համար կացարան ստեղծելու թեմային։ Նա տեղեկացրեց, որ շների ապաստարանի համար տարածք են փնտրում, իսկ այն պիտի լինի կլինիկա-ապաստարան, որտեղ հետազոտություններ են անցկացնելու ու 200-300 շուն են պահելու։
«Բնակիչների մոտ թող թյուր կարծիք չլինի, որ մենք կառուցում ենք ապաստարան, որտեղ հավաքելու ենք քաղաքի 2000-2500 շներին ու պահելու ենք»,-ասաց փոխքաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ