ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն անդրադարձավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորմանը։
Լրագրողի փաստմանը՝ Բորիս Բախշիյանին մեղադրանքի հիմքում դրվել է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելը և հարցին ի՞նչն է դատարանի որոշումը ակնհայտ ապօրինի դարձրել, Գևորգ Բաղդասարյանը պատասխանեց. «Ակնհայտությունը տվյալ դատական նիստում անձի կալանավորման հիմքերը քննարկելն են: Որևէ տվյալ չի եղել, որը կվկայեր անձի կալանավորման անհրաժեշտության մասին»:
Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանք։ Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեեւ ըստ պաշտպանական կողմի՝ ամբաստանյալն ինքն էր դրսեւորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։
Գևորգ Բաղդասարյանը փորձեց լրագրողներին հավաստիացնել, որ անձի բացակայությունը պայմանավորված է եղել նրա կողմից առանց պաշտպանի դատական նիստին չներկայանալու հանգամանքով, քանի որ գործով հաստատվել է, որ նրա նկատմամբ անօրինական ազդեցություն է եղել. «Նաև շեշտեմ, որ դատական նիստի ժամանակ, այդ թվում պաշտպանական կողմը հայտնել է, որ այնքան էլ դրական վերաբերմունք չունեն կալանավորման վերաբերյալ, որ կան այլ միջոցներ: Դատավորի համար ակնհայտ էր, քանի որ իր դատական պրակտիկայում շատ ակնհայտ դատական նիստից խուսափելու դեպքում, օրինակ, կալանավորում ինքը չի կիրառել: Մեկ տարի դատական նիստին չներկայացած մեղադրյալի խափանման միջոցը, օրինակ, փոխել է և ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ այս դեպքում մի դատական նիստին չի ներկայանում անձը՝ նշելով, որ ճնշում կա, կալանավորում է»:
Կարդացեք նաև
Լրագրողները զուգահեռ անցկացրին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի դեպքի հետ, իր դեպքում էլ է եղել չլսված լինելու հանգամանք, Գևորգ Բաղդասարյանն արձագանքեց. «Երբ այդ համադրությունն արվում է, տպավորություն է ստեղծվում, որ այդ մեղադրանքի անօրինականությունը կապված է լսված չլինելու հետ: Այս դեպքում կալանավորման հիմքերը բացակայել են: Լսված չլինելը մի բաղադրիչն է: Ի տարբերություն այս դեպքի, Վերաքննիչ դատարանում կողմերի մասնակցությունը պարտադիր չէ: Մի կարևոր հանգամանք՝ Արթուր Սարգսյանը Վերաքննիչ դատարանում այդ նիստին չներկայանալու պատճառով չի կալանավորվել, այլ նրա կալանավորման հիմքերը եղել են այն, որով նա արդեն կալանավորված է եղել: Սրանք տարբեր են»:
Դիտարկմանը, թե Բորիս Բախշիյանն իր որոշմամբ ինչպե՞ս է անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ, այն դեպքում, երբ նրա նկատմամբ, ինչպես ինքն է ասել, անօրինական ազդեցություն է ցուցաբերվել նաև ազատության մեջ, նրան հարկադրել են հրաժարվել ցուցմունք տալուց, ինչպես ինքն է ասել և հարցին՝ ինչպե՞ս ենք կապում դատավորի արարքի հետ այս հանգամանքը, երբ կալանավայրում չեն կարողացել պատշաճ պայմաններ ապահովել, Գևորգ Բաղդասարյանն, ըստ էության, խուսափեց հստակ պատասխանից ու ասաց. «Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ ես հիմա ներկայացնելու եմ ամեն ինչ, ինչ կներկայացնեի մեղադրական ճառ ասելու ժամանակ: Այդ հատվածով դեռ քննություն է իրականացվում, և դա՝ որպես ազատությունից զրկելու համաձայնություն տալու հիմք, այդ հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը և Բորիս Բախշիյանի հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու անհրաժեշտությունը դրվել է նրան կալանավորելու անհրաժեշտության հիմքում: Կալանավորման ազդեցությունը տեղի է ունեցել այդ անձի՝ կալանավայրում հայտնվելուց հետո: Հետևաբար` դատական ակտ կայացնելուց հետո է եղել ազդեցությունը: Ազատ մեջ եղած և կալանավայրում գրանցված հարկադրանքը շատ են տարբերվել: Դրա արդյունքում անձը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո: Դատավորը որոշել է, որ ամբաստանյալները պիտի հարցաքննվեն վերջում, հետո միայն այս ամբաստանյալի հարցաքննության հերթականությունը փոխվել է, նա հարցաքննվել է, հարցաքննությունից առաջ ասել է, որ կտա ցուցմունք, հետո ասել է, որ չի տա ցուցմունք, մինչդեռ մինչև այդ չի հրաժարվել ցուցմունք տալուց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ