Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական գույքի տեղափոխումը հայրենադարձի համար մեծ խնդիր է. Ինտեգրման նոր կենտրոնը այդ հարցում էլ կօգնի. Մարգարիտա Բաղդասարյան

Փետրվար 15,2022 18:50

Վերջին տարիներին հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնողները հիմնականում Լիբանանից են, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից: Այսօր այս մասին ասաց «Հայրենադարձների ինտեգրման կենտրոն»-ի ստեղծման ծրագրի համակարգող Մարգարիտա Բաղդասարյանը: Նրա խոսքով տարեկան 3 հազար մարդ հայրենադարձության վերաբերյալ հարցում է անում, դիմում է ներկայացնում:

Մարգարիտա Բաղդասարյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղեկացրեց, որ Հայաստանում կբացվի Հայրենադարձների ինտեգրման կենտրոն: Կենտրոնն, ըստ նրա,  կզբաղվի հայրենիք վերադառնալ ցանկացողների ինտեգրման հարցերով, գործնական աջակցություն կցուցաբերի՝ փաստաթղթավորման, կացության կարգավիճակի, քաղաքացիության ստացման, անձնական բեռի տեղափոխման, կրթության եւ այլ հարցերով:  Սպասարկումը կլինի մեկ պատուհանից:

Նրա խոսքով, ուսումնասիրել են միջազգային, հատկապես Իսրայելի փորձը. «Իրենք շատ հաջողված նման ծրագիր ունեն: Իրենց փորձի հիման վրա մենք ստեղծեցինք մեր ծրագիրը: Բոլոր այն հարցերը, որոնք կապված են լինելու հայրենադարձության հետ, ինտեգրման կենտրոնը պետք է լուծում տա»:

Ըստ Մարգարիտա Բաղդասարյանի, հիմնական խնդիրները, որոնց բախվում են սփյուռքի մեր հայրենակիցները հայրենիք վերադառնալիս, քաղաքացիություն եւ կացության կարգավիճակ ստանալու գործընթացում է, հատկապես նրանց համար, որոնց ծնողները, տատիկ-պապիկները ՀՀ քաղաքացիություն չեն ունեցել. «Անձնական գույքի տեղափոխումն է նաեւ մեծ խնդիր, որովհետեւ կան կոնկրետ գործառույթներ, կոնկրետ թղթաբանություն, որը պետք է նրանք մինչեւ տեղափոխվելը կատարեն եւ շատ անգամ դա խնդիրներ է առաջացնում նրանց համար»:

Ասաց, որ կենտրոնի միջոցով հնարավոր է լինելու ընդլայնել աշխատանքի ծավալը, նոր ծառայություններ են ավելանալու, անվճար դասընթացներ, համաժողովներ են կազմակերպվելու, որպեսզի   հայրենադարձները կարողանան աշխատանք գտնել. «Այսինքն՝ կենտրոնի աշխատակիցը Հայաստան տեղափոխվող անձի հետ աշխատելու է, նրա գործը վարելու է, խնդիրները կարգավորելու է մինչև նրա գալը: Կենտրոնը կատարելու է նաեւ հայրենադարձների տվյալների թվայնացում: Գույքագրվելու են բոլոր խնդիրները, դրանցից ելնելով ներկայացվելու են առաջարկություններ տարբեր գործընթացները դյուրացնելու, հայրենադարձներին հասանելի դարձնելու համար»:

Մարգարիտա Բաղդասարյանն ասաց, որ ինտեգրացիոն կենտրոնը գործելու է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, մի քանի ամսից այն լիարժեք կսկսի գործել:

Ըստ նրա, վերջին տարիներին 7 հազար սփյուռքահայ ստացել  ՀՀ քաղաքացիություն, բայց թե նրանցից քանիսն է վերադարձել ՀՀ-ում ապրելու, պարզ չէ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28