Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստրեչի Ապերի» գույքի մասին դատախազության ներկայացրած ցանկն իրականությանը չի համապատասխանում. փաստաբան

Փետրվար 15,2022 17:26

Արամ Վարդանյանի՝ («Վստրեչի Ապեր») շահերի ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Սահակյանի պնդմամբ՝ դատախազության ներկայացրած հայցադիմումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ, անհիմն է:

«Վարույթն ի սկզբանե եղել է ապօրինի։ Ամբողջ գործընթացը եղել է ապօրինի, իրավունքի կոպիտ խախտումներով։ Հայցադիմումն ակնհայտ անհիմն հայցադիմում է, որեւէ ապօրինի ծագում ունեցող գույք գոյություն չունի։ Մենք դատարանում դա կհիմնավորենք»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արամ Վարդանյանից, որ ավելի հայտնի է «Վստրեչի Ապեր» մականվամբ, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 10 բնակարանները, բնակելի տները, խանութը, շինությունները, Կոտայքի և Տավուշի մարզերում գտնվող 4 հողամասերը, 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 870.997.100 ՀՀ դրամ, 260.298.106 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 472.097.316 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։

«Այդ գույքի ցանկը, որ ներկայացրել են, իրականությանը չի համապատասխանում, դա եւս դատարանում կհիմնավորենք: Այն աստիճանի ակնհայտ ապօրինի ու անհիմն է հայցը, գործընթացն այն աստիճանի ապօրինի է, ուղղակի իրենց պետք է եղել հնչեղ գործ ունենալ, իրենք իրենց համար այդ հնչեղ գործը ստեղծել են: Առավել մանրամասն հիմա չեմ ասի, որովհետեւ, ըստ էության, դատարանում քննություն է լինելու»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նրա խոսքով, Արամ Վարդանյանի ունեցած ամբողջ գույքը օրինական ճանապարհով է ձեռք բերված, ինչի մասին իրենք հիմնավորումներ կներկայացնեն դատարանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Լուրերի» լուսանկարում՝ Լուսինե Սահակյանը «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տան մոտ 2020–ի մարտին ոստիկանության խուզարկությունից հետո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28