Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական գործիք դառնա. ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Արցախի հայկական սրբավայրերի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին. «Արմենպրես»

Փետրվար 15,2022 17:19

ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակից՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության՝ 2020 թ. պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության շարունակական պղծման, ձևախեղման և ոչնչացման դեպքերի մասին ահազանգերին:

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում հույս ունեն, որ փաստահավաք առաքելությունը այդ խնդրի կապակցությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել մոտ ժամանակներում:

«Մենք շարունակում ենք աշխատել 1954 թ. Հաագայի  կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Հույս ունենք, որ դա հնարավոր կլինի շուտով, բայց տվյալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան: Ուստի քննարկումները դեռ շարունակվում են», – «Արմենպրես»-ին փոխանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակի աշխատակից Թոմաս Մալարդը:

Պատասխանելով հարցին, թե նկատի ունենալով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Հաագայի դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի վճիռը հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ ինչպե՞ս է կազմակերպությունը գնահատում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կառավարության գործողությունները, այդ թվում վերջերս արված հայտարարությունը, թե Ադրբեջանում ձևավորվել է «մասնագետների» աշխատանքային խումբ, որը իբրև թե «աղվանական եկեղեցիներից» ջնջելու է հայկական գրություններն ու այլ հետքերը, և թե արդյոք պատմության ադրբեջանական մեկնաբանությունը կարո՞ղ է արդարացում լինել կրոնական և այլ հուշակոթողներից հայկական պատմական գրություններն ու այլ հետքերը վերացնելու համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ն շեշտել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական նպատակների համար:

«Մշակութային ժառանգությունը և պատմությունը չպետք է դառնան գործիք քաղաքական որևէ նպատակի համար: Մենք կոչ ենք անում մեր բոլոր անդամ պետություններին ամբողջ աշխարհով մեկ հարգել այս սկզբունքը», – հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28