Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կոչուբաեւ. Իրավական ընթացակարգեր ենք նախաձեռնել Նարեկ Մանթաշյանի խոշտանգման հանցափաստով

Փետրվար 15,2022 17:06

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը հիվանդանոցից կրկին տեղափոխվել է ՔԿՀ, մինչդեռ նրա շաքարային դիաբետը 10 ցուցանիշ ուներ:

Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը «Հայելի» ակումբում ասաց. «Բժշկի հետ ընդհանուր խոսակցությունից հասկացա, որ 10-ը այն շեմն է, որ մարդիկ դիմում են բուժօգնության: Նարեկ Մանթաշյանի այս ցուցանիշը ընդամենը բուժական միջամտությամբ է իջեցվել այդ մակարդակին եւ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Իսկ սա հետեւանք էր քրեակատարողական հիմնարկում նրա առողջականը բարձիթողի վիճակում թողնելու: Ես պարբերաբար ահազանգում էի, երբ Նարեկ Մանթաշյանի դիաբետը բարձրացել էր 27, իսկ դա կոմային մոտ գտնվող ցուցանիշ էր: Տեղափոխեցինք «Արմենիա» ԲԿ եւ դրանից հետո միայն շատ ծանր աշխատանքներից հետո կարողացանք ուղեգիր ստանալ, քանի որ ՔԿՀ բուժծառայության ղեկավարը տարբեր պատճառաբանություններով հետաձգում էր ուղեգրի տրամադրումը: Նարեկ Մանթաշյանը նաեւ ինսուլինային կախվածություն ունի եւ անգամ այդ ինսուլինը չէր տրամադրվում»,- ասաց փաստաբանը եւ տեղեկացրեց, որ իրենք իրավական ընթացակարգեր են նախաձեռնել:

Նա հույս ունի, որ դրանք ԱԱԾ կգնան խոշտանգման հանցափաստով, քանի որ եթե անձը ունի ինսուլինային կախվածություն եւ դու նրան ինսուլինը չես տրամադրում, ավելին, ուղեգիր էլ չես տրամադրում, որպեսզի անձը գոնե իր միջոցներով բուժում ստանա, դա իր մեջ պատժի տարրեր է պարունակում, ինչը համընկնում է խոշտանգման հանցակազմին:

Ալեքսանդր Կոչուբաեւի խոսքով, սա Նարեկ Մանթաշյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների մի մասն է: «Բազմիցս արձանագրել ենք, որ ԱԱԾ-ն երբ արգելանքներ էր կիրառել նրա տեսակցությունների եւ զանգերի վրա, արգելել էր հեռախոսակապը նաեւ փաստաբանների հետ: Եվ մենք, այսպես ասած, աչքաչափով այցելությունների միջոցով պատահական ենք տեղեկացել Մանթաշյանի շաքարային դիաբետի 27 ցուցանիշի մասին»,-ասաց նա:

Ալեքսանդր Կոչուբաեւը նշեց, որ այն մեթոդաբանությունը, ինչ հայ գերիների նկատմամբ կիրառվում է Ադրբեջանում, նույնը Հայաստանի ՔԿՀ-ում կիրառվում է քաղբանտարկյալների նկատմամբ: «Եվ այնպես չէ, որ իրավիճակը միայն Նարեկ Մանթաշյանի շուրջ է: Օրինակ, իմ վարույթում գտնվող Վահագն Վերմիշյանն է նույն վիճակում, գիտեմ, որ պարոն Փարամազյանը առողջական ծանր խնդիրներ ունի, Արմեն Չարչյանն էր այդ վիճակում»,-ասաց փաստաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28