«Մեղադրողը հրապարակեց ինչ- որ փաստաթուղթ, որը մենք չունենք»,- դատարանի դահլիճում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա պնդեց՝ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի մի մասն է հրապարակվել, ինչի իրավունքը դատախազները չունեն ու ասաց. «Մենք ուզում ենք խնդրել դատարանին, որ եթե այդ փաստաթուղթն ունի, դրա պատճենը տրամադրվի նաև մեզ»:
Հայկ Ալումյանն ասաց՝ մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության որոշակի հատվածները, ինչը օրենքը չի նախատեսում: Դա պետք է լինի մի ամբողջական փաստաթուղթ. «Մենք չպետք է կռահեինք, թե մեղադրողն ինչ հրապարակեց, մենք պիտի այդ փաստաթուղթն ունենանք մեր առաջ դրված, որից օգտվենք: Իմանանք՝ այդ փաստաթուղթն ինչ է կոչվում՝ մեղադրական եզրակացության եզրափակիչ մա՞ս, թե՝ մեղադրական եզրակացության մասի մաս: Մենք եկել ենք այստեղ՝ ելնելով այն կանխավարկածից, որ այս ամենը կանոնակարգվում է ՀՀ քրեական օրենսգրքով: 333-րդ հոդվածն ասում է՝ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, այլ ոչ թե եզրափակիչ մասի մի մասը: Մենք ի՞նչ արձագանք պիտի տանք սրան: Օրենքը Ձեր աչքի առաջ խախտվում է, ու Դուք դա նորմալ եք համարում: Պահանջում ենք պարզաբանել մեղադրանքը, դատարանը կարդացել է մեղադրանքը, բայց չի պարզաբանում: Այն, ինչ հրապարակեց մեղադրողը, այդ փաստաթուղթը մենք չունենք: Հասկանալի էր, որ փաստաթուղթ է հրապարակվում, մեզ համար անհասկանալի էին հետևյալ արտահայտությունները: Գրված է՝ իր պաշտոնական դիրքն օգտագործելով: Մեզ համար պարզ չէ մասնավորապես՝ իր պաշտոնական դիրքը օգտագործելով Ռոբերտ Քոչարյանի կոնկրետ ո՞ր լիազորությունների մասին է խոսքը: Նախագահը պաշտոն է, որն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ: Երկրորդը՝ նշված է, որ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար: Այսինքն՝ ըստ այն փաստաթղթի, որը դատախազը հրապարակեց, պարոն Քոչարյանը կատարել է գործողություն, որ նպաստի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարվող գործողությանը: Տեսեք՝ Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություն կատարելուն նպաստելուն, այլ ոչ թե Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություն կատարելու համար: Եվ մեղադրանքից կամ այն փաստաթղթից, որը հրապարակվեց, ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ՝ ի՞նչ գործողություններ պիտի կատարվեին Սիլվա Համբարձումյանի օգտին, ո՞վ պիտի կատարեր, որին էլ ըստ մեղադրանքի՝ իբր թե Ռոբերտ Քոչարյանը պիտի նպաստեր: Խնդրում ենք պարզաբանել, որ մենք կարողանանք պաշտպանվել»:
Հայկ Ալումյանը մտահոգություն հայտնեց՝ այս մեղադրանքն իրենց հնարավորություն չի տալիս պաշտպանության ու նշեց. «Այս մեղադրանքը մինչև հիմա գոյություն ունի զուտ նրա համար, որ ձևակերպված է նման մշուշոտ արտահայտություններով: Եթե բացված լիներ, թե որ լիազորության համար, այս մեղադրանքը մեկ օր չէր ապրի»:
Նախագահող դատավորն ասաց, որ դատարանը չի կարող վերաձևակերպել մեղադրանքը, ոչ էլ իրավասու է մեղադրողներին պարտավորեցնել պարզաբանել մեղադրանքը:
Կարդացեք նաև
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հայտարարեց, թե զարմանում է Հայկ Ալումյանի զարմանքի վրա ու ասաց. «Մեղադրանքը պետք է հրապարակվի մեղադրական եզրակացության այն ծավալով, որով ի սկզբանե գործը դատարան է ուղարկվել: Մեղադրանքի մի մասով կայացվել է որոշում քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, իսկ դատաքննության սահմանները դրանից փոխվում են, այդ մասին Ալումյանը լավ գիտի: Դրա համար այն հատվածն է հրապարակվել, որը դատարանի որոշումից հետո մնացել է որպես մեղադրանք»:
Հայկ Ալումյանն էլ խնդրեց այդքան չկենտրոնանալ իր անձի վրա, այլ ավելի աշխատանքային մթնոլորտում անցկացնել դատական նիստը:
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, դիմելով Աննա Դանիբեկյանին, ասաց. «Եթե մարդկանց չպարզաբանվեց իրենց մեղադրանքը, Դուք արդեն իսկ դատավարությունը դարձնում եք զրոյական նշանակության՝ Ձեր ապագա դատական ակտն էլ հետը»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով Աննա Դանիբեկյանին, ասաց. «Ես իսկապես չեմ հասկանում այս մեղադրանքի էությունը: Ես վերջապես պետք է հասկանամ, թե ես ինչ եմ արել, որը չպիտի անեի, կամ ինչ չեմ արել, որը պիտի անեի: Ուղղակի չի նկարագրված որևէ գործողություն, որի բացատրությունը պիտի տամ, երբ հարցաքննվեմ: Այդ փուլում պիտի կանգնեմ ամբիոնի մոտ ու ասեմ՝ ինձնից ի՞նչ եք ուզում: Գտեք տարբերակ բացատրելու համար, թե ինչ են ինձնից ուզում ընդհանրապես, թե ինչում եմ ես մեղադրվում»:
Աննա Դանիբեկյանն ի պատասխան կրկին հարցրեց՝ առաջադրված մեղադրանքում Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք: Ռոբերտ Քոչարյանը ծիծաղեց ու ասաց՝ ֆանտաստիկ բան չեմ ուզում, ուղղակի պարզաբանեք՝ ի՞նչ լիազորությունների մասին է խոսքը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ