Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որ բողոքեն, ինստիտո՞ւտն է փակվելու, թե՞ բնակելի շենքն են քանդելու»․ Ռոբերտ Հակոբյան

Փետրվար 15,2022 16:38

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել: Ընկերությունը գույքը ձեռք է բերել է 2019 թվականի մայիսին։ Գիտաշխատողների փաստմամբ, Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը:

«Դա ներդրումային ծրագիր է, որի դեմ ոչ մի ՀՀ քաղաքացի չի կարող խոսել, բայց դա մեզ համար մի օրվա ճշմարտություն է, որովհետեւ ճշմարիտ է այնքանով, որ դա ներդրում է եւ վերջ»,- «Մեդիա կենտրոնում» կայացած «ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գոյությունը՝ վտանգի տակ. ահազանգում են գիտնականները» թեմայով քննարկման ժամանակ նշեց կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը: Իսկ թե ինչ կկորցնենք դրա դիմաց, այդ մասին էլ հետեւյալը նշեց. «Որեւէ մեկը չի խոսում այն մասին, թե վաղը, մյուս օրն ինչ է լինելու: Նման կառույց, նման ինստիտուտ, որն ունենք եւ եթե կորցնենք, պարզապես այդ ներդրումն առ ոչինչ է լինելու»:

Նրա խոսքով. «Ջրավազանի հեռավորությունը մասնաշենքներից լավագույն դեպքում 30 մետր է, միայն կենտրոնական մասնաշենքն է մի փոքր ավելի հեռու, որն էլ պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Եվ եթե այնտեղ բնակելի շենք է կառուցվում, վաղը մյուս օրը բնակիչները բողոքելու են, որովհետեւ բնակչին չես կարող բացատրել, թե այդ հոտերը, որ առնում է, անվտանգ են, թե ոչ: Մարդիկ բողոքելու են, ու այդ ժամանակ ինստիտո՞ւտն է փակվելու, թե՞ բնակելի շենքն են քանդելու: Ի սկզբանե անհամատեղելիությունը գալիս է այդտեղից: Մյուս կարեւոր բանն այն է, որ ընդամենը երկու օր է՝ երկրաբանական հետախուզություն էր արվում, որպեսզի կարողանան նախագծել իրենց շենքը, արդեն իսկ աշխատել չի լինում ձայնից: Եթե վաղը էքսկավատորներ աշխատեն, թե ձայնն ու վիբրացիան ի՞նչ վնասներ կհասցնեն, որեւէ մեկը չի գնահատում…»:

Կենտրոնի ավագ գիտաշխատող Աստղիկ Շախատունին նշեց, որ ունեն գերթանկարժեք եւ բացառիկ սարքեր, որոնք զգայուն են փոշու եւ ցնցումների նկատմամբ, եւ դրանց վնասվելու հավանականությունը մեծ է: «Մեզ ասում են` բան չի լինի, եթե լինի, նորը կգնենք: Ոչ մի գնահատում չի եղել, ուղղակի բառերով ասում են` լավ կլինի, բայց գործն այդպես չի արվում: Հազիվ ենք կարողացել հասնել նրան, որ պետությունն աջակցի ու այդ սարքերը ձեռք բերենք, եւս մեկը պատրաստվում ենք գնել, որը նույնպես եզակի սարք է: Փոքր ներդրումները, որ վերջապես պետությունը սկսել է անել, մեկ հարվածով վերացնում են: Գիտությունը հայտարարվել է գերակա ուղղություն, ու մի ձեռքով կառավարությունը փորձում է աջակցություն ցուցաբերել, մյուս ձեռքն էլ չգիտի, թե ինչ է անում»,-ընդգծեց գիտաշխատողը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28