ՔՊ խմբակցության պատգամավոր այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ միշտ դիմում է միջազգային կառույցներին, որ բռնեն թուրքական ցեղասպան, մարդասպան ձեռքը, որովհետեւ ամեն օր մեր ժողովրդից տասնյակ եւ հարյուրավոր մարդիկ են մահանում, նրանք արդեն ամեն ինչ անում են եւ հարձակվում են եզդիների, քրդերի վրա. «Միջազգային հանրությունից ես այսօր իմ հավատը կորցրել եմ, որովհետեւ ինչքան դիմում ենք՝ տեսնում ենք, որ այդ դիմումներն, առաջարկներն այնքան են ընդունում, ինչքանով որ դա հարիր է եւ օգուտ է իրենց շահերի համար: Ես 44-օրյա պատերազմի ժամանակ տեսնում էի, որ մեր հայ ժողովուրդը դիմում էր տարբեր միջազգային կառույցների, դիմում էր նույնիսկ ՀԱՊԿ-ին, հազար ձեւի ՄԱԿ-ի գրասենյակին ու բոլոր միջազգային կազմակերպություններին, որ բռնեն Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքը, բայց մենք տեսնում էինք, որ ոչ մեկը գործնական որեւէ քայլ չէր կատարում, ու մենք կորցրեցինք մեծ քանակությամբ մեր երեխաներին»:
Նա կոչ արեց միջազգային հանրությանը թողնել իրենց «նավթային շահերը» ու փոքր ժողովուրդների ցեղասպանվելու դեմն առնել:
Կնյազ Հասանովն ասաց, որ Հայաստանում բոլոր պայմանները ստեղծված են ազգային փոքրամասնությունների համար ու «բարբարոս Թուրքիայի» հետ անհամեմատելի է: Հարցին՝ հայ-թուրքական բարեկամության մասին է անընդհատ խոսվում, սահմանների բացման մասին՝ Հասանովն արձագանքեց. «Եթե թուրքական պետությունը մեր ազգի համար, ձեր ազգի համար մինչեւ հիմա էլ համարվել է որպես թշնամական պետություն, բայց այսօր դու քո հարեւանին չես կարող փոխել: Մենք չենք կարող թուրքերին վերցնենք, տանենք ուրիշ տեղ, հարեւանություն անենք ուրիշ ազգի հետ: Մեր ժողովրդի համար այսօր պետք է խաղաղությունը, պետք է սահմանները բացվեն, առեւտուր արվի, դա հնարավոր է, որ ե՛ւ ՀՀ իշխանությունները, ե՛ւ թուրքական իշխանությունները գնան առանց նախապայմանների հարաբերությունները լավացնելու, խաղաղություն բերելու, ես դրա կողմնակից եմ: Բայց այս բոլորը չի կատարվի մի օրվա մեջ, տարիների մեջ պետք է կատարվի, ժողովուրդները իրար բարեկամանան: Այսօր ժողովուրդները թշնամացել են, որովհետեւ երկու կողմերից մարդիկ են զոհվել մեծ քանակությամբ: Դրա համար բարեկամությունը պետք է առաջ գա»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Թուրքիայի, թուրք ժողովրդի հետ հնարավո՞ր է բարեկամություն անել՝ Հասանովը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, կարելի է եւ Թուրքիայի ժողովրդի հետ բարեկամություն անել: Թուրքիայի ժողովրդի մեջ էլ կան մարդիկ, որոնք չեն ուզում հայերի հետ կամ քրդերի հետ բարեկամություն անել, բայց մինչեւ ե՞րբ, այդպես չի լինի չէ՞, որ անընդհատ թշնամություն: Թշնամությունը բերում է զոհեր, լավ բանի չի բերում, դրա համար պետք է կամաց-կամաց ստեղծել պայմաններ, սահմանները բացել, գնալ-գալ լինի, ժողովուրդները բարեկամանան: Մի 30 տարի առաջ ես տեսնում էի, որ այստեղ 160 հազար ադրբեջանցիներ էին ապրում, Ադրբեջանում 400-500 հազար հայեր էին ապրում, այդ բարեկամությունը այն ժամանակ կար՝ գնալ, գալ, իրար հետ ապրել, հարեւանություն անել: Դա մի օրվա մեջ չի ստեղծվի այդ բարեկամությունը, պետք է կամաց-կամաց իրար հետ ապրենք կողք կողքի, բոլոր հարցերը լուծեն խաղաղ ճանապարհով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ