Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ բեմականացում է. ասում են` քոռ լինի, թոփալ լինի, մեզանից մեկը լինի». 59 դպրոցի տնօրենի մրցույթի հավակնորդ

Փետրվար 15,2022 15:07

«Հավակնորդին դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը անհավասար պայմաններ է ստեղծում: Ընդհանրապես, ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը պետք է դադարեցվի գործել հավակնորդների համար»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Աննա Գաբրիելյանը, որը Երեւանի Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հավակնորդներից մեկն է:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին այդ դպրոցում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ է կայանալու, եւ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առաջին փուլում զրո ձայն ստացած հավակնորդը` Թերմինե Մելքոնյանը:

Քանի որ տիկին Մելքոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր անձնական ցանկությունն է եղել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար դառնալը, դիմում է գրել, քաղաքապետարանն էլ ընդառաջել է, Աննա Գաբրիելյանից հետաքրքրվեցինք` այդ դեպքում ինքը եւ մյուս հավակնորդներն ինչո՞ւ նման բովանդակությամբ դիմում չեն գրել քաղաքապետարան, եթե այդ սկզբունքով հնարավոր էր դառնալ ժամանակավոր պաշտոնակատար, ինչպես վկայում է Թերմինե Մելքոնյանը:

Ի դեպ, Երեւանի քաղաքապետի որոշման մեջ եւս նշված է, որ նշանակումը կատարելիս հիմք են ընդունել նաեւ Թերմինե Մելքոնյանի դիմումը:

«Երեւի կարգում պետք է տող ավելացնեն, որ մենք իրավունք ունենք դիմելու եւ խնդրելու, որ մեզ ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն, համենայն դեպս ես դեռեւս չգիտեմ այդպիսի կարգ, որ մենք կարող ենք դիմումով դառնալ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մեզ դեռեւս ոչ ոք նման առաջարկություն չի արել (ծիծաղում է-Գ.Հ.), մենք էլ տեղեկացված չենք: Եթե այդպես լիներ, ինձ թվում է հավակնորդների մի հսկա բանակ դիմումներով կկանգներ քաղաքապետարանի դիմաց, հատկապես որ բոլորն էլ դիմում գրելու ձեւերը գիտեն»,-ասաց Աննա Գաբրիելյանը:

Մեր հարցին` իր տպավորությամբ ինչու հենց Թերմինե Մելքոնյանին քաղաքապետարանն «ընդառաջեց», Աննա Գաբրիելյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ես այն հավաստագիր ունեցող հավակնորդներից եմ, որը բազմաթիվ անգամներ մասնակցել է մրցույթների, ու ճիշտն ասած, երբեք տրամաբանությանը մոտ պատասխան չեմ կարողացել գտնել: Ինձ միշտ թվացել է, որ ծրագրերը կարեւոր նշանակություն ունեն եւ ծնողական, եւ մանկավարժական համայնքի համար, բայց ամեն անգամ, երբ մրցույթին մասնակցում եմ, հասկանում եմ, որ ոչ մեկն էլ չի կարդացել մեր ծրագիրը, իրենք նախօրոք պլանավորած, իրենց միջից, խորհուրդ տրված թեկնածու ունեն, ինչպես ժողովուրդն է ասում ` «քոռ լինի, թոփալ լինի, մեր միջից լինի» տարբերակն է գործում, ձայն հավաքելու հիմար սովորույթը դեռեւս շարունակվում է: Ճիշտ է, ինքը (Թերմինե Մելքոնյանը-Գ.Հ.) առաջին փուլում զրո ձայն է հավաքել, բայց հիմա էլ զրո ձայն չի հավաքի, որովհետեւ ով էլ լինի դպրոցի ներսում աշխատող, ծնողներն ու ուսուցիչներն իր կողմը կանցնեն: Ես էլ լինեմ, պարապ չեմ նստի, եթե հավակնորդ լինեմ ու հետն էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մի խոսքով, եթե հավաստագիր ունեցող տնօրենի ժամկետը լրացել է, արդեն գիտեն, թե հետեւից եկողն ով է լինելու»:

Աննա Գաբրիելյանն ասաց, որ հուսահատված չէ, բայց Հ. Պարոնյանի անվան դպրոցում չի դնելու իր թեկնածությունը, չնայած նրան, որ աշխատել է այդ դպրոցում. «Ես հավասար պայմաններ եմ ուզում, ես չեմ ուզում, որ ինձ ընտրեն որպես Աննա Գաբրիելյան, ես ուզում եմ ընտրեն իմ հնարավորությունները հաշվի առնելով, եւ իմ զարգացման ծրագիրն ուսումնասիրելով: Արդյոք դրանք ուտոպիստական ծրագրե՞ր են, թե՞ մոտ են իրականությանը:

Թե չէ ես կարող եմ շատ շատ սիրուն բաներ գրել, բայց մեր երկիրն այդ հնարավորությունը չտա իրագործելու: Համենայն դեպս, կարծում եմ, որ ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը վերջին շրջանում սկսել է գործել: Բոլոր այն դպրոցներում, որտեղ մրցույթ էին հայտարարել, ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել, ինչը նշանակում է, որ հստակ կանխորոշված է, թե ով պետք է դառնա դպրոցի տնօրեն: Մենք կարող ենք նույնիսկ հետազոտություն իրականացնել` գնալ այդ բոլոր դպրոցներում դնել մեր թեկնածությունը, սակայն վստահ եղեք, որ կհաղթի ժամանակավոր պաշտոնակատարը: Խորհրդի նախագահներն էլ անկողմնակալ չեն, նրանք էլ նախօրոք գիտեն, թե ինչ պետք է անեն: Նորից եմ կրկնում, երեւի պետք է ԺՊ-ի ինստիտուտը փակվի, նշանակվի մարդը փորձաշրջանով, կարդարացնի՞ իրեն, թող մնա, չի արդարացնի, թող նոր մրցույթ հայտարարվի: Այդպես ավելի արդար կլինի: Այսքան բան, թե չէ վատ բեմականացում է ամբողջը»:

Դառնալով Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Թերմինե Մելքոնյանի նշանակմանը` հավելենք, որ նախկին տնօրեն Սամվել Ադամյանը ազատվել է դեկտեմբերի 31-ին, ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման` քաղաքապետի որոշումը թվագրված է փետրվարի 2-ին, աշխատավարձն էլ` ըստ հաստիքացուցակի, սակայն տիկին Մելքոնյանը դպրոց է մտել փետրվարի 11-ին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28