Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մեղադրանքի սանկցիան նախատեսում է պատիժ՝ ազատազրկում 7-12 տարի ժամկետով». Աննա Դանիբեկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին

Փետրվար 15,2022 14:24

Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ընդմիջում խնդրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանից՝ պատճառաբանելով, որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքն իրենց համար հասկանալի չէ, և իրենց ժամանակ է պետք այդ անհասկանալի հանգամանքները ներկայացնելու համար:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Դատական նիստին ներկա էին Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ իրենք ներկայացնելու են այնպիսի միջնորդություն, որը կարող է բացառել վարույթի շարունակությունը: Սակայն նախագահող դատավորը թույլ չտվեց ներկայացնել միջնորդություն:

Պետրոս Պետրոսյանը հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները»»:

Ըստ մեղադրանքների՝ Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջնորդությամբ դիմել է Արմեն Գևորգյանին, իսկ վերջինս հանձնարարել է բնապահպանության նախարարին օժանդակել նրան:

Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ այս նշված հոդվածով մեղսագրվող արարքի համար նախատեսվում է պատասխանատվություն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, որի սանկցիան նախատեսում է պատիժ ազատազրկում 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Այնուհետև Ռոբերտ Քոչարյանին հարցրեց՝ Ձեզ համար հասկանալի՞ է մեղադրանքը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պատասխանեց՝ մեղադրանքում բազմաթիվ բաներ անհասկանալի են: Եվ խնդրեց ընդմիջում. «Այստեղ մեղադրանքը ձևակերպված է այնպես, որ ոչ միայն ոչ իրավաբանին հասկանալի չէ, այլև իրավաբանների համար հասկանալի չեն մեղադրանքի ձևակերպումները: Դատարանից խնդրում ենք ընդմիջում, որպեսզի այս մասին մեր դիրքորոշումը ներկայացնենք: Համոզված եմ, որ մեղադրանքը չի կարող պարզապես ընդունելի լինել նաև դատարանին: Ուղղակի թելադրանք է եղել քննիչին այդպիսի մեղադրանք առաջադրել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28