Լրահոս
Օրվա լրահոսը

Գործ ունենք հակառակորդ երկրների կողմից հետևողական քայլերի հետ, որոնց հեռահար նպատակը տարածաշրջանը բացառապես թուրքական ազդեցության գոտու վերածելն է. «Ապրելու երկիր» կուսակցություն

Փետրվար 15,2022 14:28

Օկուպացված Շուշիում 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված և օրեր առաջ երկու պետությունների խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը» ակնհայտ սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար, որով պաշտոնապես ամրագրվում և վերահաստատվում է Հայաստանի և հայերի դեմ թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող հետևողական գործողությունները:

Մասնավորապես, ինչպես նախորդիվ, այժմ նաև հռչակագրում ամրագրվում է Արցախի հարցի «լուծված» լինելու հանգամանքը՝ ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունների, առ այն, որ Արցախի կարգավիճակի և խնդրի համապարփակ կարգավորման հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում։

«Մեկ ազգ, երկու պետություն» թյուրքալեզու երկրների դաշինք ստեղծելու օրակարգը ամրագրվում է որպես Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակ, ավելին՝ «Զանգեզուրի միջանցքը» համարվում է առաջնահերթ այդ նպատակին հասնելու տեսանկյունից՝ դիտվելով տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներից դուրս։

Վերջերս Ադրբեջանի Մշակույթի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը, որը նպատակ ունի պետական մակարդակով հերթական անգամ վերացնել և խեղաթյուրել հայկական մշակութային ժառանգությունը, ևս մեկ անգամ փաստում է, որ գործ ունենք հակառակորդ երկրների կողմից հետևողական քայլերի հետ, որոնց հեռահար նպատակը տարածաշրջանը բացառապես թուրքական ազդեցության գոտու վերածելն է։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունը շարունակում է առաջ մղել նշված մարտահրավերներին անհամարժեք՝ «խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգը՝ այն համարելով բացառապես ճանապարհների ապաշրջափակման գործընթաց։ Այնինչ, անհրաժեշտ է խաղաղության հիմքում դնել ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, պետական մակարդակով հայատյացության և թշնամանքի քարոզի բացառումը և առանց նախապայմանների բանակցային կառուցողական մթնոլորտում խնդիրների լուծմանը հասնելու գործելաոճը։ Այս համատեքստում արտաքին քաղաքականության հիմքում պետք է շարունակի գերիշխել Արցախի կարգավիճակի օրակարգը՝ որպես անվտանգության և երկարաժամկետ կայունության իրական երաշխիք։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է հստակ ռազմավարության և բարեփոխումների քաղաքականության մշակումն ու իրագործումը բանակաշինության ոլորտում:

Ադրբեջանի կողմից դրսևորվող ակնհայտ ապակառուցողական և հանդուգն գործելաոճը ոչ միայն չի արժանանում միջազգային հանրության համարժեք գնահատականին, այլև՝ երբեմն անուղղակիորեն «խրախուսվում է», հատկապես երբ միջազգային հանրությունը փորձում է հավասարության նշան դնել ագրեսոր պետության և ագրեսիայի ենթարկված կողմերի միջև: Վերջերս ԵՄ–ի կողմից ավտորիտար ռեժիմով ղեկավարվող Ադրբեջանին հատկացվելիք 2 միլիարդ եվրոյի օգնության մասին տեղեկատվությունը բազմաթիվ խնդիրներ և հարցեր է առաջացնում տարածաշրջանում ԵՄ –ի կողմից՝ ժողովրդավարական արժեքների հանդեպ ունեցած հանձնառության և դրանց խրախուսման վերաբերյալ:

Քանի որ վերոնշյալ խնդիրներն ունեն առաջնահերթ ռազմավարական նշանակություն մեր տարածաշրջանում իրական և կայուն խաղաղության կառուցման համատեքստում, ուստի «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է իր հիմնավոր մտահոգությունները ներկայացնել նաև ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային ներկայացուցչություններին, ինչպես նաև առաջարկել ձեռնարկել մշակութային վանդալիզմի դեմ կոնկրետ գործողություններ։

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28