Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ վերջում ասեն՝ Աբգարն ու իր հրամանատար Դավիթը, որ միասին խրամատում զոհվեցին, իրենք են մեղավոր». Գեղամ Նազարյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին

Փետրվար 15,2022 14:20

«Ես երբեք չեմ մտնում այդ դաշտ՝ հասկանալու համար, թե ո՞վ ավելի բացասական կերպար է: Ինձ համար ամենակարեւորը փաստերն են: Իսկ փաստն այն է, որ ես ամաչում եմ Եռաբլուրի առաջ, մեր տղերքի առաջ, մեր քաղաքների եւ գյուղերի առաջ, որ մենք, որպես հասարակություն, այնքան թույլ ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այդպես էլ չհասկացանք, որ բոլորի շահերից է բխում Հայաստանում իշխանության փոխվելը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը:

Նա հակատիեզերական, հակաբնական եւ հակաքաղաքագիտական է համարում այն, որ երկիրը պարտության տարած իշխանությունը՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար, ներողություն խնդրելու եւ հեռանալու փոխարեն, շարունակում է մնալ իշխանության ղեկին:

Գեղամ Նազարյանի բնութագրմամբ, Հայաստանը ոչ հետ է գնում, ոչ էլ, առավել ևս, առաջ. «Մեր անիվը լռվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան 6.00-ի մեջ: Լռվել է ու փտում է այդ անիվը»:

Անդրադառնալով խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելուն էլ, Գեղամ Նազարյանն ասաց, որ այդ որոշումը կայացվել է ոչ խորհրդարանում, այլ «մի սենյակում» (նկատի ունի Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակը-Ն. Գ.), որին պետք է մասնակից լինեն այսպես կոչված, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, անհայտ կորածների, զոհվածների ծնողներ: «Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցու, Անդրանիկ Քոչարյանը բարձրաձայնեց իրենց մտադրությունները, իրենց նպատակն է՝ հանձնաժողով խցկել իրենց ձեռնտու փորձագետների, որոնք ոչ թե փորձագետ են, այլ իրական պատասխանատու են եւ պետք է պատասխան տան, թե ինչ են արել 44-օրյա պատերազմի ընթացքում»: Ըստ նրա, այս հանձնաժողովի նպատակը մեկն է. «Որ վերջում ասեն՝ Աբգարն ու իր հրամանատար Դավիթը, որ միասին խրամատում զոհվեցին՝ իրենք են մեղավոր»:

Հայաստանում ստեղծված իրականության հիմնական մեղավորն, ըստ նրա, հանրությունն է, որ չափազանց անտարբեր գտնվեց թե հայրենիքի, թե 44-օրյա պատերազմում կյանքը հայրենիքին նվիրածների, թե սեփական ճակատագրի, իրենց ընտանիքի անդամների ճակատագրի նկատմամբ: Հասարակության հիվանդության արդյունք է նա համարում այն, որ թիրախում հայտնվում են երկիրը պարտության եւ կործանման տարած իշխող ուժի դեմ պայքարողները:

«10 տարեկան մի երեխա, Յուրա անունով, սահմանային կայան բնակավայրերից, մի օր տղերքի միջոցառման ժամանակ լացելիս է եղել: Մոտեցել է Բագրատ սրբազանն՝ ասել է՝ տղա ջան, ինչո՞ւ ես լաց լինում, հանգստացիր, քեզ հավաքիր: Ասել է՝ չէ, ես շատ եմ ուզում հասկանալ՝ մեր տղերքը, զոհված տղերքը, կհասկանա՞ն, որ մենք նույնն ենք: Ես ուզում եմ իրենք իմանան, որ մենք նույնն ենք, իրենցից մեկն ենք: Բա լավ, մեր հասարակությունը չի՞ ուզում գոնե մի քիչ այդ տղերքին նույնանա: Ես այսպես էի պատկերացնում, որ եթե Նիկոլն իր մեջ համարձակություն չգտնի հրաժարական տալու՝ վախենալով այս կամ այն ուժերից, այս կամ այն գործողություններից, մենք, որպես հանրություն, իրեն օգնեինք: Ցավոք, այն առողջ հատվածը, որը գնում էր հրապարակ՝ ասելու՝ Նիկոլ, մեր երկրի շահերից չի բխում, որ դու ղեկավար լինես… այն ամենն, ինչը եղավ նոյեմբերի 9-ից հետո, չպետք է լիներ»,- ասաց Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմն էլ չպետք է լիներ եւ դրանից խուսափելու տարբերակները կային:

«Լավ, հիմա գոնե, մենք չե՞ն ուզում սթափվել»,- հարց է հնչեցնում բանախոսը՝ դիմելով այն մարդկանց, ովքեր ասում են, թե իրենց միրգն ու բանջարեղենն են աճեցնում, վաճառում եւ այլ բանի հետ գործ չունեն, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների եւ տնտեսական համագործակցությունների արդյունքում, մարդիկ այլեւ չեն կարողանալու միրգ ու բանջարեղեն աճեցնեն, վաճառեն, դրա կարիքը էլ չի լինելու, ներկրվող ապրանք ավելի մատչելի է լինելու:

Նա օրախնդիր է համարում առկա առողջ ուժերի համախմբումը եւ այս իրավիճակից դուրս գալը. «Մեր երկիրը լինելու է, դա մեր թշնամիների ցանկությունից չի կախված, այլ մեր ցանկությունից: Մեր երկիրը լինելու է ուժեղ երկիր, մեր տղերքը օգնելու են մեզ երկնքից, մենք էլ խելքի ենք գալու եւ ավելի լավ ենք պայքարելու, որովհետեւ այսպես շարունակվել չի կարող»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28