Փետրվարի 12-ին և 13-ին Մինսկում կայացավ Սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին առաջին մեդալները:
Խաղարկության ավանդական մրցաշարը՝ պայմանավորված սամբո մարզաձևի օլիմպիական ճանաչում ստանալով և վարկանիշային կարգավիճակ ձեռք բերելով 2022-ից կրում է նոր կարգավիճակ, որտեղ մրցամարտերն անց են կացվում նոր կանոններով, նոր քաշային կարգերով, մրցագորգի նոր չափսերով:
Մասնակցում էր 11 երկրի ավելի քան 150 մարզիկ:
Այս տարի Հայաստանը ներկայացնում էր 8 սամբիստ:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում ներկայացված էր միաժամանակ երեք հայ մարզիկ:
Մեր վաստակաշատ սամբիստներից՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանն, անշուշտ, հավակնորդներից առաջինն էր:
Տիգրանը, վիճակահանության արդյունքում բաց թողնելով առաջին գոտեմարտը, նախ հաղթեց բելառուսցի Իլյա Մայուռաուին, հետո՝ ղազախստանցի Նուրդաուլետ Աիմբեկովին և եզրափակչում հանդիպեց թիմակցին՝ արցախցի Դավիթ Հովսեփյանին:
Դավիթը մինչ այդ հաղթել էր ղազախ Կայիրբերդի Այդինբային, մոլդովացի Լուլիան Առապանին, ապա՝ ընկերոջն ու հայրենակցին, Կարեն Սարգսյանին:
Տիգրանի ու Դավիթի եզրափակիչ գոտեմարտը լարված էր, բայց տարիքային 10 տարվա տարբերությունն ու փորձառությունը զգացնել տվեցին. Տիգրանն արժանացավ ոսկե, Դավիթը՝ արծաթե մեդալի:
Այս քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում, Կարեն Սարգսյանը, որ հաղթել էր ռուսաստանցի Ռոման Կոզլովին, ղազախստանցի Դաուրեն Տոլեգենովին, պարտվել Դավիթին, հաղթեց մոլդովացի Լուլիան Առապանին և արժանացավ բրոնզե մեդալի:
Մարզական սամբոյի 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Կառլեն Մահինյանը: Նա հաղթելով ՌԴ-ն ներկայացնող Գևորգ Գզիրյանին, բելառուսցի Իվան Լուկաշուին, մոլդավացի Վասիլի Չիրյակովին, եզրափակչում հանդիպեց վրացի Մինդիա Լիլուասհվիլիին և պարտվելով՝ բավարարվեց արծաթե մեդալով: Դավիթ Գրիգորյանը 88 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի։
2022թ. ք․ Մինսկում սամբոյի Եվրոպայի գավաթի առաջնությանը մերոնք նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթ, 2 բրոնզե մեդալ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա