Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած. Արևիկ Մկրտչյան

Փետրվար 15,2022 13:17
zoo

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

Թեպետ վատ լուրով, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճին՝ հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած:

Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան:

Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել:
Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր:

Այսօր իմ հրավերով Այգի են ժամանել ՀՀ ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու Ագրարային համալսարանի լավագույն պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար:

Նախնական ախտորոշմամբ պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը: Թոքերի շուրջ և տարածված կային նաև տեսանելի հյուսվածքներ, որ նորագոյացության կասկած տվեց, ինչը պարզելու համար կենսանմուշն ուղարկեցինք հիստոպաթոլոգիական անալիզի:

Լրացուցիչ իրականացրել ենք տոքսոպլազմոզի ստուգում՝ դրական ելքով (որի համար կա հավանական 2 պատճառ՝ տարածքի թափառող կատուներ + սննդակարգի վարակված միս, բայց սա մահվան պատճառ լինել չէր կարող), նմուշի մանրէաբանական լաբ. ստուգում, ինչպես նաև թունաբանություն՝ բացառելու համար բոլոր այլ գործոնները:

Լաբորատոր և դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում, որի արդյունքները լինելուն պես կհրապարակեմ:
Նախքան դա խնդրում եմ բոլորին նվազագույնը սպասել մասնագիտական եզրահանգմանը և զերծ մնալ սուբյեկտիվ դատողություներից ու չհիմնավորված ենթադրություններից:

Յագուարին ներմուծել եմ ես՝ Վրաստանի Հանրապետությունից, դեռ 2013թ.-ին: Կենդանին ընդամենը 3 տարի ցուցադրվեց, իսկ 2016թ.-ի վերակառուցումից հետո մինչ օրս պահվեց Այգու կարանտինային շենքում, ուր ջեռուցումն, իմ տվյալներով, մշտապես խնդիրներ է ունեցել:

Կենդանու հիվանդության պատմություն/անկետա գոյություն չունի: Կլինիկական ախտանիշներ նկարագրված չկան, սակայն ցանկացած կենդանաբույժ կհավաստի, որ բրոնխիտային – թոքային պրոցեսը ժամանակին չհայտնաբերելն ու չբուժելն անհետևանք մնալ չէր կարող: Հիստոպաթոլոգիան կտա բոլոր հարցերի պատասխանները, վերջնական եզրակացությունը կհաջորդի:

Յագոն իմ սիրելին էր՝ Երևանին նվիրաբերված առաջին կատվազգին…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28