«Մենք մեզ չպետք է խաբենք: Խաղաղության դարաշրջանը բացողը կամ փակողը մենք չենք: Երբ ամբողջ տարածաշրջանը պատրաստվում է պատերազմի, երբ քո հարեւանները զինվում են, անընդհատ բարձրացնում են իրենց ռազմական եւ հարձակողական հնարավորությունները, դու չես կարող խոսել խաղաղությունից: Մենք պետք է հասկանանք մեր կոնֆլիկտի էությունը. սա խորը քաղաքակրթական կոնֆլիկտ է՝ հայ եւ թուրք էթնոսների միջեւ: Այստեղ մի պայմանագրով կամ ինչ-որ խաղաղության դարաշրջանի մասին տարբեր տեսակ ցնդաբանություններով, այդ կոնֆլիկտը չես կարող լուծել: Մենք պետք է ճշմարիտ ախտորոշում դնենք, որպեսզի կարողանանք խնդիրը լուծել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը:
Մեր զրուցակցի գնահատմամբ, մենք դեռ երկար ժամանակ չենք կարող խաղաղություն ունենալ. «Եթե ուզում ես խաղաղություն ունենալ, դրա դիմաց պետք է գին վճարես»: Դիտարկմանը՝ վճարեցինք՝ Արցախը. Արա Գասպարյանը հակադարձեց. «Ոչ: Այդ ձեւով չէ: Խաղաղության գինը քո ռազմական, պաշտպանական հնարավորությունների շեշտակի ավելացումն է: Այլ գին դրա դիմաց չկա: Իշխանության ասածը (Արցախով վճարելը-Ն. Գ.)՝ դա ինքնաոչնչացման ճանապարհն է: Եթե մենք չենք ուզում ոչնչանալ, պետք է պատրաստվենք տոտալ, համազգային պատերազմի: Սա է միակ եղանակը եւ «Ազգային օրակարգը» մեկ անգամ չէ, որ այդ մասին հայտարարել է»։
Այս մասին, ըստ Արա Գասպարյանի, նոր՝ ազգային իշխանություն եւ քաղաքական որոշում պետք է լինի, պետական մոտեցումներ, որոնց արդյունքում, տարբեր մակարդակներում բանակի արդիականացում տեղի կունենա:
«Մի տարածաշրջանում, որտեղ խնդիրները լուծվում են երկաթով եւ արյամբ, մենք եկել եւ ուզում ենք ժողովրդավարությամբ գոյատեւել. այս խելքով հնարավոր չէ, մեզանում պետք է ինքնապահպանման բնազդները սկսեն աշխատել»,- գտնում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է անցնի ազգ-բանակ հայեցակարգին, որի իրականացումը մի քանի մակարդակներում պետք է լինի:
Կարդացեք նաև
Առաջին մակարդակը՝ բնակչության համատարած զինումն է. «Հայ մարդը պետք է զենքի հետ ծանոթանալու, շփվելու, զենք կիրառելու հմտություններ ունենա: Երկրում պետք է հրաձգարաններ լինեն, հրաձգարանների համակարգ պետք է գործի, որտեղ մարդիկ վարժանքներ իրականացնեն: Մարդը պետք է անձնական զենք ունենա: Խոսքս քաղաքացիական ակոսավոր հրացանների մասին է: Էլ չեմ ասում սահմանամերձ գյուղերի մասին: Սահմանամերձ գյուղերում պետք է մարդկանց համատարած զինել»:
Երկրորդ մակարդակը՝ մարդկանց ընդհանուր պաշտպանական համակարգում ներառելն է՝ լինի աշխարհազոր, պահեստազոր, թե այլ բան, քանի որ զինված մարդը պարտադիր պետք է պաշտպանական համակարգի մեջ լինի, որպեսզի իր զենքով, առաջին իսկ անհրաժեշտ պահին կարողանա բանակի կողքին կանգնել: Բնականաբար, այստեղ հրատապ խնդիր է առաջանում՝ արդիականացնել պահեստազորի համակարգը. «Արագ մոբիլիզացվող, մասնագիտական պահեստազոր պետք է ստեղծենք. երկիրը պետք է վերածենք ռազմական ճամբարի եւ մարդկանց, որոշակի պարբերականությամբ, ներառենք այդ մարզումներում, որպեսզի մարդիկ իմանան, թե պատերազմի դեպքում իրենք որ ստորաբաժանման կազմում մարտական ի՞նչ խնդիրներ են լուծելու»:
Երրորդ մակարդակը՝ բանակի վերափոխումներ են: Դրանց, մեր զրուցակցի պատկերացմամբ, պետք է անել պատերազմի ցանցակենտրոն հայեցակարգի շրջանակում: Այդ հայեցակարգը նոր չէ, այն մշակվել է 1990-ականների երկրորդ կեսին, ԱՄՆ-ում: Սա տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ զինված ուժերի մարտունակության բարձրացման համակարգ է, որը, ի դեպ, 44-օրյա պատերազմում մեր հակառակորդը կիրառեց: Այսինքն, սա համակարգ է, որտեղ միմյանց հետ փոխկապակցվում եւ արագ գործակցվող շղթայի մեջ են մտնում տարբեր կերպ հետախուզական տվյալներ հավաքողները, որոշումներ ընդունողները, եւ, այսպես ասած, կրակ բացողները:
44-օրյա պատերազմում մեր պարտությունն, Արա Գասպարյանը չի պայմանավորում միայն մեր բանակի բացերով: Իր գնահատմամբ, դա ներսից կազմակերպված պարտություն էր: Ինչեւէ, բանակի արդիականացմանն այլընտրանք նա այսօր չի տեսնում, ինչը, սակայն, համոզված է, որ գործող իշխանությունը չի անելու:
Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ