World Press Photo-ի ցուցահանդեսի բացումը մեկտեղել էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան, Հայաստանի կառավարության, մեդիայի ոլորտի ներկայացուցիչներին ու վավերագրական լուսանկարչությամբ սիրահարներին։
Ցուցահանդեսը հնարավոր է դարձել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ Նիդերլանդների Թագավորության ու Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակներում:
«Հպարտ եմ, որ 20 տարի անց այս կարեւոր միջոցառումը կրկին Հայաստանում է։ Այն առաջինն է հայ-նիդերլանդական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումներից», – ցուցահանդեսի բացման խոսքում ասել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։
Կարդացեք նաև
«Նիդերլանդների կառավարությունը արժեւորում է մամուլի ազատությունը ու, քանի որ World Press Photo մրցույթը կարեւոր հարթակ է վավերագրող լուսանկարիչների համար, մենք ցանկանում ենք Հայաստանի քաղաքացիներին աշխարհի լավագույն վավերագրական լուսանկարները տեսնելու հնարավորություն տալ, այդ թվում եւ Հայաստանը ներկայացնող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանին, որ նույնպես անցած տարվա մրցույթի հաղթողներից է», – հավելել է դեսպանը։
Ցուցահանդեսը ներկայացնում է աշխարհահռչակ ֆոտոմրցույթի 2021 թվականի լավագույն լուսանկարները եւ բաց է այցելությունների համար մինչեւ մարտի 7-ը` ամեն օր, բացի երկուշաբթիից, Ճարտարապետության ազգային թանգարանում, հասցե` Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք։
Ցուցահանդեսին այցելությունները կարգավորվում են Հայաստանում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման անվտանգության կանոնների համաձայն։
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատուն