Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր է միայն մեկ ձայնը

Փետրվար 15,2022 10:00

Պատկերացրեք, իշխանությունները ցանկանում են փոխել մամուլի մասին օրենքը. նման մտադրություն, կարծես թե, իսկապես կա, եւ նրանք, ովքեր գրում են այդ նոր օրենքը, հրավիրում են ինձ, իբր իմ կարծիքն իմանալու համար: Ենթադրենք, ես համաձայնում եմ մասնակցել այդպիսի քննարկմանը, եւ, մասնավորապես, ասում եմ, որ «էթիկական նորմեր» հասկացությունը որեւէ ձեւով չպիտի ներառվի նման օրենքում, որովհետեւ մեկնաբանությունների չափազանց լայն հնարավորություն է տալիս: Օրինակ՝ չգիտես թե ինչպես՝ իշխանության համար խորհրդարանում «քացով կռիվ անելը» կամ ընդդիմախոսներին «շնաբարո դուրսպրծուկներ» անվանելը տեղավորվում է այդ նորմերի մեջ, իսկ «հողատու» եւ «կապիտուլյանտ» ասելը չի տեղավորվում:

Այնուհետեւ, այդ բոլոր խորհրդակցություններից հետո Ազգային ժողով է բերվում օրենք, ըստ որի, ԶԼՄ-ներում «էթիկական նորմերը խախտելու» համար նախատեսվում է 10 տարվա ազատազրկում: Բնականաբար, ՔՊ-ն այդ օրենքն անցկացնում է եւ ընթացքում ասում է, որ նախագիծը «լայնորեն քննարկվել է մասնագետների հետ»: Ինչպե՞ս եմ ինձ զգալու որպես մասնագետ, որի հետ օրինագիծը «լայնորեն քննարկվել է»: Կարող եմ, իհարկե, իմ զգացողությունը նկարագրել. ես մտածելու եմ, որ այդ անհեթեթ օրենքի ընդունման համար որոշ չափով պատասխանատու եմ նաեւ ես:

Հիմա ՔՊ-ականները, որոնք արդեն բազմիցս արտահայտվել են պատերազմում պարտության համար մեղավորների մասին, «կառուցողական» ոգով հրավիրում են ընդդիմադիրներին մասնակցելու այդ պարտության պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին: Պարզ չէ՞, արդյոք, որ նրանք, ի վերջո, այդ հանձնաժողովի եզրակացության մեջ գրելու են այն, ինչ ուզում են եւ այն, ինչ նախօրոք որոշել են ու հայտարարել: Հանձնաժողովում փոքրամասնություն կազմող ընդդիմադիրները դրա դեմ բողոքելու են, բայց դա ոչ մի բան չի փոխելու՝ պարզապես լեզվակռվի նոր ասպարեզ է բացելու: Բոլոր տեսակի այլ սցենարների մասին խոսելը երեսպաշտություն է:

Հիմա եկեք համեմատենք այս երկու դեպքերը: Ես պատգամավոր չեմ, իմ ձայնը զուտ խորհրդակցական է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ընդդիմադիր պատգամավորներն իրավիճակի վրա ազդելու նույնքան լծակներ ունեն, որքան ես, նրանց ձայնը նույնքան խորհրդակցական է: Ավելին ասեմ՝ ՔՊ-ական պատգամավորների ձայնը, մեծ հաշվով, նույնպես որեւէ նշանակություն չունի՝ նրանք ուղղակի վերարտադրում են իրենց «շեֆի» տեսակետը, եւ իրականում կարեւոր է միայն նրա՛ ձայնը: Եթե վարչապետն ասել է, որ պատերազմում պարտության պատճառը նախկինների թալանն է, ապա ՔՊ-ական պատգամավորները հենց դա էլ կգրեն իրենց հանձնաժողովի եզրակացության մեջ՝ գտնելով դրա համար ապացույցներ եւ գեղեցիկ ձեւակերպումներ:

Դուք կհարցնեք, իսկ ինչո՞ւ են ԱՄՆ Կոնգրեսի քննիչ հանձնաժողովներն այդքան ազդեցիկ, եւ ինչո՞ւ դրանց եզրակացությունները, որպես կանոն, կանխատեսելի չեն: Պատասխանը հայտնի է. կոնգրեսականներն ինքնուրույն քաղաքական գործիչներ են, նրանք հաշվետու են միայն իրենց ընտրողների, ոչ թե կուսակցական ղեկավարի կամ ԱՄՆ նախագահի առաջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Լրիվ համաձայն եմ: Սա նշանբակում է, ճիշտ էին նրանք, որ պնդում էին ընտրությանը մի մասնակցեք: Փողոցով հեռացրեք սրանց:

  2. Հայ says:

    Ես չեմ հասկանում նախկինները ինչպե՞ս կարող են մեղավոր լինել տանուլ տված պատերազմի մեջ։
    Նիկոլ Փաշինյանը իրեն ճղելով դարձավ վարչապետ,ուրեմն հենց այդ օրվանից միակ պատասխանատուն նա է ու նաև միակ մեղավորը։
    Երբ նա գալիս էր իշխանության չգիտե՞ր,որ գոյություն ունի արցախյան խնդիր,գոյություն ունի ադրբեջանական բանակի և մեր բանակի միջև ֆինանսավորման շատ մեծ տարբերություններ,չգիտե՞ր, որ Ադրբեջանն ուզում է ռազմական ճանապարհով լուծել արցախյան խնդիրը,չգիտե՞ր, որ Թուրքիան և Պակիստանը սատարում են Ադրբեջանին և կարող են ռազմական օգնություն ցուցաբերել,չգիտե՞ր որ մեր բանակի հիմնական գեներալները շատ մեծ պատրաստակամությամբ չեն կռվելու իր ենթակայության տակ։
    Էստեղ ոչ մի հանձնաժողով էլ պետք չի,պետք է պարզապես արձանագրել,որ մեղավորը նա է։ Ընդհանրապես պետք է երկրի վարչապետի պաշտոնի համար նախատեսված լինի ձևակերպում,որ գլխավոր մեղավորը պարտված պատերազմում դա վարչապետն է անկախ մնացած մեղավորներից և տարբեր նրբություններից։

  3. Լավատես says:

    Հաճախ է լինում բարի ինտելիգենտ մարդիկ կենցաղային հարցերում խնդիրներ լուծել չգիտեն ու մկան ծակ էլ գտնեն կմտնեն, մենակ թե փախչեն նման խնդիրներից, բայց իրենց մասնագիտական հարցում մեկը փորձի թարս բան ասի, առյուծի նման կհոշոտեն ու դեն կնետեն, ով էլ ուզում է դիմացը լինի, դա մասնագիտական պատիվ կոչվածն է, որը հատուկ է իսկական մասնագետներին’ անկախ ազգությունից, սեռից ու մնացած բաներից: Մասնագետները իրենց մասնագիտական կոդեքսը պետք է շուտվանից մշակած լինեին եւ սրբորեն հետեւեն այդ մասնագիտական պատվի կոդեքսին, սուրբ տեղը դատարկ չի մնում, բայց չկա չարիք առանց բարիքի, մշակեք մասնագիտական կոդեքս, որով կպաշտպանեք ձեր մասնագիտական ոգին ամեն տեսակ ոտնձգություններից:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28