Փետրվարի 14-ին Գեւորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:
Թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական կարողությունները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նրա խոսքով՝ խմբակցությունը ճիշտ որոշում է կայացրել այդ կարեւորագույն պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունն առաջադրելու հարցում:
Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուն անդրադարձել է պետական ինստիտուտների դերին ու նշանակությանը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի ընթացքում կհաջողվի պետական բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատը բարձրացնել եւ հասցնել կայացման այլ աստիճանի: Բանախոսը, անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի առաջնահերթություններին, առանձնացրել է երկու ուղղություն՝ հանրային հարստության կառավարման օրինականությունն ու արդյունավետությունը:
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կարծիքով՝ Ատոմ Ջանջուղազյանը կառույցի համար լավ նախագահ կլինի: Նա անդրադարձել է «Հաշվեքննիչ պալատի մասին» գործող օրենքին եւ նշել, որ այն ունի թերություններ, որի հետեւանքով կառույցը բազմաթիվ հարցերի մոտենում է ձեւական՝ ոչ բովանդակային: Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հաջորդիվ հանձնաժողովը քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին հարցը:
Լեւոն Սահակյանի կենսագրական տվյալներն ու մասնագիտական հմտությունները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նա կարեւորել է Կենտրոնական բանկի խորհրդի գործունեությունը եւ նշել, որ կառույցին անհրաժեշտ են ինչպես գիտական, այնպես էլ գործնական փորձառնություններ ունեցող մարդիկ:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուն համոզմունք է հայտնել, որ տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական եւ ակադեմիական աշխատանքային փորձը լավագույն ձեւով կկարողանա օգտագործել ԿԲ խորհրդի անդամի կարգավիճակում: Լեւոն Սահակյանն անդրադարձել է համակարգի առկա իրավիճակին, խոսել ֆինանսական կայունության եւ գնաճի մասին:
Թեկնածուն պատասխանել է հարցերի, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցերին:
ՀՀ Ազգային ժողով