Aravot.am-ի տեղեկություններով «Հայկ Հարությունյան եւ ընկերներ» իրավաբանական գրասենյակի տնօրեն Հայկ Հարությունյանը երկու օր առաջ հաղորդում է տվել ոստիկանություն, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում աղմուկը գերազանցել է սահմանված մակարդակը, որի համար 2021 թ. դեկտեմբերի 16-ին դիմել է ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին, սակայն վերջիններս չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ոչ պատշաճ են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները, որի արդյունքում իրեն եւ իր ընտանիքի անդամների շահերին պատճառվել է էական վնաս:
Ինչպես տեղեկացանք, հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ Ֆիզիկայի գիտավանի բնակիչ Հայկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր հացադուլից ու ջրադուլ․ «Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում` հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջից