Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եթե վկա եմ, ինչո՞ւ են յոթ միլիարդ մարդուց միայն ինձ հրավիրել»

Փետրվար 14,2022 21:25

Այսօր քննչական կոմիտե հրավիրված ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում այդ առիթով ասաց. «Պարզվում է՝ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նոյեմբերի 25-ին ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ իմ ելույթի մոտիվներով՝ իշխանությունների կողմից ընդունված քրօր-ում ծանր վիրավորանքին առնչվող կասկածելի հոդվածներով: Իրենց կարծիքով ես ծանր վիրավորանք եմ հասցրել: Այդ հոդվածում ասվում է՝ անձին հայհոյելը կամ հայհոյանքին համարժեք խոսքեր նրա հասցեին հնչեցնելը:

Այդ առիթով մի անգամ ոստիկանություն հրավիրել էին նյութերի նախապատրաստման փուլում: Ոստիկաններն իրենք ասացին, որ կրկին նայել են նյութերը եւ չեն կարողացել առանձնացնել, թե  որ անձին է վերաբերվում, ավելին, հայհոյանք չկա, վիրավորանք չի կարող է  լինել:: Հետեւաբար, ենթադրվում էր, որ դրանով ամեն ինչ պետք է ավարտվի:  Բայց պարզվում է՝ ոստիկանության կենտրոնական ապարատում, այնուամենայնիվ, քննարկել են, որոշել են իրենք գործ հարուցեն եւ նյութերն ուղարկել են քննչական կոմիտե: Զարմանալի է, որ ՔԿ-ն ինձ հրավիրել է որպես վկա: Վկա նշանակում է, որ ենթադրյալ մի ինչ-որ  հանցագործություն է տեղի ունեցել, մեկը ենթադրյալ հանցանք է գործել ու ես ներկա եմ եղել դրան: Ես մտածում էի, թե ուրիշի ելույթի համար են ինձ հրավիրել: Բայց դա էլ տարօրինակ է, որովհետեւ այդ ելույթին ոչ միայն ես եմ ներկա եղել, այլ մոտավորապես յոթ միլիարդ մարդ՝ երկրագնդի բնակչությունը: Որովհետեւ այդ ելույթները ԱԺ կայքից ուղիղ եթերով պաշտոնապես հեռարձակվել է եւ ենթադրվում է, որ ողջ  երկրագնդի բնակչությունը վկա է եղել այնտեղ հնչած ցանկացած ելույթին: Եվ եթե այդպես է, ապա ինչի՞ են որոշել այդ յոթ միլիարդից միայն ինձ հրավիրել որպես վկա:

Եթե ես կասկածյալ եմ, մեղադրյալ եմ, պետք  է պարզվի՝ ես ո՞ւմ եմ  ծանր վիրավորանք հասցրել: Ոստիկանական բաժնում չկարողացան առանձնացնել, թե իմ ելույթի, որ հատվածն է ինչ-որ  մեկին անձնապես վիրավորանք, այն էլ՝ ծանր վիրավորանք:  Իսկ այստեղ՝ քննչական կոմիտեում, ենթադրում են՝ հավանաբար դա կարող էր վերաբերել այն մասին, որ Ռուսաստանում հանդիպում է նախատեսվում եւ ավանդույթի համաձայն Ռուսաստանի սանիտարահիգիենիկ ծառայությունները մեծ ծավալի աշխատանք ունեն անելու: Ես անուն չեմ  տվել: Ռուսաստանում այդ օրը կարող են նմանատիպ բազմաթիվ միջոցառումներ իրականացվել: Քննչական կոմիտեում ո՞ւմ նկատի ունեն: Բացի դա, սանիտարահիգիենիկ միջոցառում ենթադրում է նաեւ լողանալ, մազերը, եղունգները կտրել: Եթե մարդը հանդիպումից առաջ իր անձնական հիգիենային հետեւի, վիրավորանքը ո՞րն է:Մանավանդ, մարդիկ կան, որ դա ուշ-ուշ են անում ու դա անելիս երեւում է: Օրինակ, ուշ-ուշ լողացողների դեպքում: Հիմա ես չգիտեմ, սա ինչ-որ մեկն իր վրա վերցրե՞լ է: Եթե վերցրել է, ինքը պետք է բողոքած լինի: Բայց պարզվում է, որ այդպիսի մարդ էլ չի եղել, որ իր վրա վերցրած լինի:

Մի բան հաստատ է. պատկան մարմինները իրենց մասնագիտական պարտավորություններից ելնելով պետք է մի քիչ հարգեն իրենց համազգեստը,  կոչումները, կարգավիճակը, որպեսզի չհայտնվեն ծիծաղելի վիճակում, ինչը իրենց պատիվ չի բերում: Եվ դա ցավալի է  մեր համար, որովհետեւ իրավապահ մարմինները ինստիտուցիոնալ մարմիններ են, որոնք բոլոր  ժամանակներում պետք է հասարակությանը ծառայեն: Այդ նույն քննչական կոմիտեն ինձ, որպես քաղաքացու իրավական ոլորտում հանրային ծառայություններ մատուցող մարմին է եւ պետք է պատշաճ որակի ծառայություն մատուցի, այլ ոչ թե ես գնամ այնտեղ ու  պարզվի, որ իրենք հայտնվում են ծիծաղելի իրավիճակում: Քննչականից դուրս գալուց հետո մտածում էի, որ մի ժամանակ, երբ մարդը լողանում էր ու ասում էին  բաղնիքդ անուշ լինի, սիրահոժար ընդունում էր, շնորհակալություն հայտնում: Հիմա ինչ, ստացվում է, «բաղնիքդ անուշ լինի» ասելը այլեւս կարող է վիրավորա՞նք համարվել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28