Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրեցիր, հայրենիքդ տարան․ Ի՞նչ է սերն առանց հայրենասիրության

Փետրվար 14,2022 20:55

Մեկ կիլոգրամ քաշով էր ծնվել, 6-րդ ամսում։ Բժիշկներն ասում են՝ 24 ժամ չի դիմանա։ Արգենտինայում էլ ինկուբատորի դեֆիցիտ էր, հիվանդանոցում չկար։

Երեխայի հայրը դաշնակցական երկու ընկերների ու հայաստանցի ընկերոջ հետ որոշում են բժշկական շորեր հագնել, մի մեքենա վերցնել, մտնել մի ուրիշ հիվանդանոց, ինկուբատոր գողանալ ու տանել նորածնի մոտ։

Անում են ու փրկում են նորածնին․

Սե՞ր է։ Սեր է։ Իսկ ինչի՞ շուրջ և ինչպե՞ս է ձևավորվել այդ սերը, որը մղում է արկածախնդրության՝ հանուն ընկերոջ երեխայի։

Երեխան՝ Հովհաննես Հաննեսյանն, արդեն երեսունն անց է, հայրենադարձվել է։ Նա ասում է, որ իր ծննդյան օրերին չի սիրում իր վրա ուշադրությունը կենտրոնացնել, այլ կազմակերպված հայ համայնքի․ «Որն արեց ամեն ինչ, նույնիսկ օրենք խախտեց հանուն նրա, որ ևս մեկ հայ կարողանա ապրել»։

Այս սիրո ողջ առանցքը հայ լինելն է՝ ազգությունը՝ մի հայրենիքի պատկանելությունը։ Գիտակցումը, որ ընկերոջդ երեխան հայրենիքի շարունակականությունն է։ Մարդիկ գտել են իրար, քանի որ նույն հայրենիքն ունեն։ Ուրեմն, այս ընկերասիրության հիմքում հայրենասիրությունն է։

Սակայն այդ սերը «փուչիկ է» համարում Հայաստանի կրթության նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը,- «Չկա հայրենասիրության կոնցեպցիա»,- ասել է նա դեռևս 2012 թվականին։

Նա կարծում է, որ հայրենասիրությունը շատ վտանգավոր գաղափար է, քանի որ թույլ է տալիս աբստրակտը սիրելով՝ չսիրել կոնկրետը։ «Այ էդ հայրենիքը, որը ոչ ոք չգիտի՝ ինչ է, որտեղ է սկսվում և ավարտվում։ Դա թույլ է տալիս, որ մենք չսիրենք մեր կողքի մարդուն, մեր փողոցը, մեր բակը, մեր խանութի վաճառողին»։

Հովհաննես Հաննեսյանի ծնունդը ապացույցն է, որ այս խոսքերը ճշմարիտ չեն, քանի որ հայրենասիրությունը կտրել, անցել էր օվկիանոսը, հանգրվանել Արգենտինայում ու սիրով լցրել շատ կոնկրետ բանը՝ կողքի մարդկանց։ Այնքան էր սիրով լցրել, որ հասել էր անձնազոհության, ինչի շնորհիվ փրկում են երեխային։

Մյուս կողմից, արդյոք աբստրակտն այն սերը չէ, որով կրթության փոխնախարարը առաջարկում է սիրել կողքինին։ Ո՞րն է այդ սիրո հիմքը, ինչպե՞ս է այն ձևավորվում, ի՞նչ է սերն առանց ընդհանուր հիմքի։ Եվ արդյոք կյանքը չապացուցե՞ց, որ առանց հիմքի սերն է վտանգավորը, աղետալին։

Առանց հիմքի կողքինին սիրելու միտքը տարիներ շարունակ զարգացավ ու հետզհետե վերածվեց սիրո ու համերաշխության հեղափոխության՝ հակադրվելով հայրենասիրությանը։

Առանց հիմքի սիրո հեղափոխության առաջնորդը պնդեց, որ իզմեր չկան։ Սակայն իզմը հիմքն է, ինչի շուրջ ձևավորվում է սերը։ Եվ ընդունելով, որ հիմքեր գոյություն չունեն, նա առիթը բաց չէր թողնում գոռալու՝ սիրում եմ բոլորիդ։ Իսկապես սիրո՞ւմ էր բոլորիս՝ կողքիններին։

Առանց հիմքի սիրելու միտքը բանտերն ապօրինաբար լցրեց կողքիններին, թողեց, որ հացադուլի մեջ մահանա Մհեր Եղիազարյանը, հազարավորների կյանք խլեց, հայրենիքը մասնատեց ու ամենօրյա ընկճախտի մեջ գցեց Ժաննա Անդրեասյանի կողքն ապրող բոլոր հայրենասերներին։

Կողքինին առանց հայրենասիրության սիրելու գաղափարակիցները՝ կրթության փոխնախարարը և նրա շրջապատի մարդիկ, երբեք չարձագանքեցին այդ ապօրինությունների դեմ։ Նրանք չընդզվեցին կողքիններին հալածելու, սպանելու սիրո հեղափոխության գործողությունների դեմ։ Այդ ի՞նչ սեր է կողքինի հանդեպ, որ չի պաշտպանում իր սիրեցյալներին։ Առանց հիմքի սերն է դա․ հիմք պիտի ունենաս, որ պաշտպանես։

Իսկ ի՞նչ սեր է այն, որը մղում է մարդկանց պատերազմներում պաշտպանելու կողքիններին իրենց կյանքի գնով։ Հայրենասիրության հիմքով սերն է դա։

Սիրո հեղափոխության արդյունքում հայրենիքի սահմաններից նաև վերացան բազմաթիվ փողոցներ, բակեր ու խանութներ։ Մինչդեռ հայրենասիրության արդյունքում հայրենիքում շատացել էին փողոցները, բակերն ու խանութները։ Հետևաբար հնարավոր էր սիրել ավելի շատ փողոցներ, բակեր ու խանութի աշխատողների՝ հուրախություն կրթության փոխնախարարի։

Այսպիսով, առանց հայրենասիրության կողքինին սիրելու գաղափարը շատ վտանգավոր է, քանի որ թույլ է տալիս չսիրել կողքի մարդուն, մեր փողոցը, մեր բակը, խանութների աշխատողներին և մեր կողքի մարդկանց կյանքերն ու տներն անխղճաբար հանձնել թշնամուն՝ առանց պատասխանատվության զգացումի՝ մեր շքեղ քաղաքները դժբախտ դժգույն կոչելով։

Սերը իզմը է, որը չունեն Հայաստանի այսպես կոչված իշխանությունները, հետևաբար կողքինին չեն կարող սիրել։

Շնորհավոր բոլոր հայրենասերների սիրո տոները։

Հովհաննես Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28