Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ տեսնում, որ ԱՊՊԱ բյուրոն ՃՏՊ-ների նվազեցման հարցում ձեռք ձեռքի տա ոստիկանության հետ»․ Արմեն Խաչատրյան

Փետրվար 14,2022 20:15

«Նախ փաստենք, որ պնդումը, թե հանրային քննարկումները պատշաճ ձեւով չեն իրականացվել, այդպես չէ։ Բացի այդ, ընդունում եմ, որ ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ ԱՊՊԱ կազմակերպությունները միջոցառումներ չունեն»,-խորհրդարանում այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված՝ բազային ապահովագրավճարի չափի ավելացման վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց Արմեն Խաչատրյանը։

Նա շեշտեց․ «Հետեւում եմ ՌԴ-ում ԱՊՊԱ գործակալությունների կատարած լուրջ միջոցառումներին, հատկապես՝ քարոզչական աշխատանքում լուրջ ներգրավվածությանը․ պաստառներ, տեսահոլովակներ, սեզոնային վիճակագրություն։ Որ հատվածում որ վթարների աճ է լինում, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, եւ ՃՏՊ-ների քանակը նվազում է, որի շահառուն ԱՊՊԱ-ն է առաջնահերթ։ ՀՀ-ում չեմ տեսնում, որ ԱՊՊԱ բյուրոն եւ ԱՊՊԱ գործակալությունները ՃՏՊ-ների նվազեցման հարցում ձեռք ձեռքի տան ոստիկանության հետ ու միջոցառումներ անեն։ Նրանք լուրջ վերահսկողական միջոցառումներ կարող են անել հենց ոստիկանության վրա, որովհետեւ դա հասարակական վերահսկողության ձեւ է։ Միջոցառումներով հնարավոր է 5%-ով վթարների քանակը նվազեցնել եւ թանկացման անհրաժեշտություն չունենալ։ Սա իմ պարզունակ հաշվարկն է»։

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ պայմանագիրը թանկացել է տարեկան 3 հազար դրամով, սակայն բոնուս-մալուս համակարգում էլ փոփոխություն է կատարվել, որով որոշակի գումարի վթարի եւ հատուցման պարագայում վարորդի հաջորդ ԱՊՊԱ պայմանագիրը զգալիորեն թանկանում է։ Վարորդների դժգոհությունն է հարուցել նաեւ այն հանգամանքը, որ եթե ոչ թանկարժեք մեքենայի վարորդը վթարային իրավիճակում հայտնվի, վթարը տեղի ունենա իրենից անկախ, բայց ինքը համարվի վթարի պատճառ ու թանկարժեք մեքենային վնաս պատճառի, ապա վթարը պատճառողի համար, պատճառած վնասից կախված, հաջորդ ԱՊՊԱ պայմանագիրը մեծ չափով է թանկանալու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28