«Կառուցվելիք համալիրի հեռավորությունը ինստիտուտից նույնքան է, ինչքան մյուս կողմից կառուցված ու արդեն շահագործման հանձված 4 բնակելի շենքերը»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով գիտաշխատողների այն մտահոգություններին, թե նման քիմիական նյութերով զբաղվելուն զուգահեռ՝ այդ տարածքում բնակելի շենք կառուցելը անթույլատրելի է կամ առնվազն ռիսկային, ասաց «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության մամուլի խոսնակ Նարեկ Մանուկյանը:
Հիշեցնենք՝ այսօր ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում, բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ ինստիտուտի տարածքում կառուցվող բնակելի շենքի:
Նարեկ Մանուկյանը նաեւ նշեց, որ հորատման աշխատանքները ինչպես նաեւ մյուս բոլոր կատարվելիք աշխատանքները որեւէ ձեւ չեն իրականացվում ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում: Գույքը, որի վրա կատարվում են աշխատանքները պատկանում են «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությանը. «Մենք որեւէ այլ ընկերության կամ պետական մարմնի տարածք չենք ներխուժել, ոչ էլ որեւէ աշխատանք չենք իրականացնում իրենց տարածքում»,-ասաց Նարեկ Մանուկյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ