«Լավ առիթ է ասելու, թե ինչու է ԱՊՊԱ-ան հաջողել։ Դրա նպատակն առաջին հերթին ՃՏՊ-ների հետեւանքով տուժածների շահերի պաշտպանությունն է։ Մարդիկ վնասներ էին կրում եւ ընկնում դատական քաշքշուկների մեջ։ Սա է առաջնային նպատակը»,-խորհրդարանում այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված՝ բազային ապահովագրավճարի չափի ավելացման վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Վահան Ավետիսյանը։
«Հիմա տուժած անձանց շահերը պաշտպանված են, թե ոչ, կարծում եմ՝ բավականին հատուցումներ են տրվել։ ԱՊՊԱ-ն այն համակարգն է, որում հարմարավետությունը բարձր է՝ սկսած պայմանագրերի կնքումից։ Եթե համեմատենք տասը տարի առաջվա իրավիճակի հետ, ապա հիմա մարդիկ քաշքշուկ չունեն, ստանում են ապահովագրական հատուցումները»,-նշեց նա։
Ավետիսյանը նշեց, որ ԱՊՊԱ համակարգի մի շարք ուղղություններում բարելավումների կարիք կա․ «Մեր գնահատմամբ՝ ազդեցությունը ճանապարհային երթեւեկության կարգապահության վրա բարձր չի։ Որակական փոփոխությունները, որոնք պետք է լինեն փորձաքննություններում, կարիք ունեն նոր չափանիշների։ Վնասների փորձաքննության ոլորտում հին ավտոպարկի հետ կապված խնդիրներ կան, որոնք արտացոլում են գտնում ԱՊՊԱ համակարգի գնագոյացման մեջ»։
Պաշտոնյայի խոսքով՝ ԿԲ-ին մտահոգում է այն, որ ապահովագրավճարների գործող մոդելը բավականին հնացած է․ «Սկզբում այն ներդրվել էր այն պայմաններում, երբ վթարների իրական վիճակագրություն չկար, պարզ չէր, թե ԱՊՊԱ ընկերություններն ինչ միջավայրում եւ ինչ հնարավոր վնասներ կկրեն։ Հիմա ենթակառուցվածքները կան, եւ այլեւս վտանգավոր է միասնական սակագինը պահպանելը։ ԱՊՊԱ ընկերությունները պետք է մրցեն՝ ապահովագրական սակագին սահմանելու գործընթացում։ Սա թույլ կտա ի շահ սպառողների շատ ճշգրտումներ անել։ Սա իհարկե չի նշանակում, թե ապահովագրական ընկերություններն ինչ գին ուզեն, կորոշեն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ